«ՇԱՏ ԵՆ ԼԱԼԱՀԱՌԱՉ, ՍՐՏԱՃՄԼԻԿ ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ այսօր ստեղծվող երգերի զգալի մասը ոչ միայն զուրկ է մեղեդայնությունից, այլեւ դրանց տեքստերը զուրկ են իմաստից եւ գեղարվեստականությունից: Դրանք, սակայն, մեդիաների միջոցով ակտիվորեն ներխուժում են մեր տներ, դառնում մեր առօրյայի մի մասը, եւ այդ իրականությունից խուսափելն արդեն գրեթե անհնար է դառնում: Որտե՞ղ են թաքնված աղետալի այս երեւույթի պատճառները, եւ ինչպե՞ս դրանց առաջն առնել. թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է հարյուրավոր սիրված երգերի խոսքերի հեղինակ, բանաստեղծ Լեւոն Բլբուլյանի հետ:

-Պարո՛ն Բլբուլյան, այսօր մեզանում ստեղծվող երգերին հետեւո՞ւմ եք: Դրանցում, ըստ Ձեզ, ի՞նչն է պակասում, կամ ի՞նչն է ավել:
-Ասպարեզ մտնող, ռադիոհեռուստաեթեր հեշտ ու անարգել թափանցող, հեղինակավոր բեմերից կատարվող, երբեմն անգամ պետական միջոցառումների ու հանդիսությունների ժամանակ հնչող երգերի գերակշռող մասը «փայլում է» ոչինչ չասող, անիմաստ, հաճախ լեզվական աղավաղումներով լի տեքստերով, օտարահունչ, մեր ազգային մտածողությանն ու ոգուն խորթ երաժշտությամբ: Դրանց պակասում է անկեղծ հուզականությունը, ինքնաբուխ, վարակիչ տրամադրությունը, կոնկրետ, հոգեբանորեն համոզիչ ասելիքը. այսինքն` հենց այն, ինչը երգը երգ է դարձնում, առանց որի ամենափայլուն ձայնային տվյալներով օժտված երգիչն անգամ չի կարող բան ասել ուկնդրին, խոսել նրա հոգու եւ սրտի հետ: Այսօրվա երգերում հաճախ չափից դուրս շատ են լալահառաչ, միօրինակ, սրտաճմլիկ սիրո խոստովանությունները կամ հակառակը` ունկնդրին «շախ ու շուխով» համակրելու «գերագույն մղումով» սարքված «տաշի-տուշիները»…
-Այսօրվա երգերում կարող ենք լսել, օրինակ` «Քե՛զ, քե՛զ շնորհավոր» եւ նման կոպիտ սխալներով լի բազում արտահայտություններ: Որտեղի՞ց է այդ միտումը:
-Պատճառն այն է, որ այսօր ով չի ծուլանում, երգեր է գրում ու եթե իրեն մի քիչ գրագետ է համարում, տեքստերը հենց ինքն է հորինում կամ լավագույն դեպքում վստահում այդ գործը գրական հակումներ ունեցող իր եղբորը կամ մոտ ընկերուհուն: Տեքստեր են գրում պատահական, պոեզիայից բացարձակապես հեռու, երեւի միայն դպրոցական դասագրքերում ժամանակին մի քանի բանաստեղծություն կարդացած մարդիկ: Նրանք պարզապես ինչ-որ բառեր են կցմցում իրար, հարմարեցնում երաժշտությանը, շինծու, աչք ծակող հանգավորումներով, բարբառային, ոչ հայեցի դարձվածքներով, հաճախ սխալ, հայերենին խորթ շեշտադրությամբ: Ակնհայտ է, որ հեղինակների գերխնդիրն ընդամենն այն է, որ բառերը որքան հնարավոր է` լավ «մերվեն» մեղեդուն. հոգ չէ, որ դրանք գրեթե ոչինչ չեն ասում կամ, որ ավելի վատ է, հաճախ բոլորովին այլ բան են ասում, քան մեղեդին` իր տրամադրությամբ, հնչյունային համակարգով: Ասելիքը հիմնականում երկրորդական է, ու երբ առանց երաժշտության, առանձին կարդում ես այդ տողերը, չգիտես` ծիծաղես, թե լաս. դրանք պարզապես բառակույտեր են…
-Լավ, իսկ ինչպե՞ս պետք է այդ ամենի առաջն առնել:
-Այդ ամենի առաջն առնել, ցավոք, ոչ ոք չի էլ փորձում: Ճիշտ է՝ կարծես շատերն են մտահոգված երգային խոտանի այդ անվերջ աճով: Ինքս ե՛ւ մամուլում, ե՛ւ հեռուստատեսությամբ բազմիցս խոսել եմ արատավոր այդ երեւույթի մասին, պարբերաբար տագնապ են բարձրացնում հայ երգի ճակատագրով մտահոգ, այդ ոլորտի արժանավոր մարդիկ, բայց վիճակը ոչ միայն չի շտկվում, այլեւ ավելի է վատթարանում, օր օրի ավելանում է ինքնակոչ երգահանների ու բանաստեղծների թիվը: Իսկ ցանկության դեպքում դժվար չի լինի կանխել նրանց արտադրանքի մուտքը եթեր. դա կախված է հեռուստաընկերությունների եւ ռադիոկայանների ղեկավարությունից, լեզվի տեսչությունից, նաեւ հենց այն երգիչ-երգչուհիներից, ովքեր ընդունում ու բեմ են հանում այդ «գլուխգործոցները»: Լայն առումով, պետական հոգածություն, պաշտոնական միջամտություն է պետք. չէ՞ որ արվեստի տեսակներից ոչ մեկն այնպես հեշտ ու անմիջականորեն չի ներգործում մարդու ներաշխարհի, լեզվամտածողության վրա, որքան երգը: Եվ մենք, փաստորեն, թույլ ենք տալիս, որ խեղվի, աղավաղվի մարդկանց, հատկապես մատաղ սերնդի մտածությունն ու հոգեբանությունը, կասկածելի, ազգային որակներին հակացուցված ճաշակ ձեւավորվի նրանց մեջ: Հետեւանքները շատ ավելի աղետալի կարող են լինել, քան թվում է: Սթափվե՛լ է պետք:

 

 

 

 
ՈՒ՞Ր ԵՆ ՄԵՐ «ԿՈՐԱԾ ԱՍՏՂԵՐԸ». ՄԱՍ 2

«Ժողովուրդ»-ը շարունակում է ընդառաջ գնալ ընթերցողների խնդրանքներին` գտնել իրենց սիրելի աստղերին, որոնք տեւական ժամանակ է` լռում են, սակայն չեն մոռացվել հանդիսատեսի կողմից: Հանրությունը հետաքրքրված է, թե այժմ որտեղ են նրանք եւ ինչով են զբաղված:

90-ականներին մեծ ճանաչում վայելող երգչուհի Օլգա Այվազյանն այսօր հազվադեպ է երեւում էկրաններին: Նա, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ շարունակում է երգչուհու իր գործունեությունը. «Վերջին տեսահոլովակս թողարկել եմ նախորդ տարի, գուցե ընդմիջումները փոքր-ինչ երկար են տեւում, սակայն այս տարի որոշել եմ ավելի շատ աշխատել»,-ասաց նա:
Մեր այն հարցին, թե ինչու երգչուհին հաճախ չի երեւում տարբեր միջոցառումների, հաղորդումների ու երեկույթների շրջանակներում, Օլգա Այվազյանը պատասխանեց. «Թող երեւան այն երգիչները, որոնք ուզում են պահանջված լինել. ի՞նչ իմաստ ունի ամեն տեղ երեւալը»: Նա տեղեկացրեց, որ այժմ իր համար գրվում է մի երգ, եւ առաջիկայում երկրպագուներին կներկայացվի դրա հիման վրա նկարված տեսահոլովակ: Երգչուհին նաեւ նշեց, որ երկրպագուներն իրեն կարող են լսել Երեւանի ակումբներից մեկում:
Հաջորդը, ում «պեղել ենք», ժամանակին իր երիտասարդ երկրպագուների քանակով աչքի ընկնող երգչուհի Մարիաննան է (Մարիաննա Դանիելյան):
Նա մեզ հետ զրույցում համաձայնեց, որ երգարվեստում իր գործունեությունը վերջին շրջանում պասիվացել է, եւ դա պայմանավորեց իր առաջին մասնագիտության հանդեպ հետաքրքրությամբ. «Երգարվեստն ինձ համար սիրելի գործ է, բայց ես դրա միջոցով գումար չեմ վաստակում, հիմա ուզում եմ խորանալ իրավաբանության ոլորտում, նախկինում աշխատում էի արդարադատության նախարարությունում, հիմա դուրս եմ եկել, բայց ուզում եմ էլի որպես իրավաբան աշխատել»,- ասաց նա:
Մարիաննան, սակայն, չի պատրաստվում հրաժարվել իր սիրած գործից. «Այժմ արդեն ունեմ նոր երգ, որը հնչում է ռադիոկայաններով, երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, խոսքերը` ես»,-տեղեկացրեց նա:
Մարիաննան նաեւ ընդգծեց, որ թեեւ ինքը շատ չի երեւում էկրաններին, այնուամենայնիվ, գիտի` կա մի լսարան, որը մշտապես հետաքրքրվում է իրենով եւ սպասում նորությունների:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 
ԹԱՐԳՄԱՆՎԵԼ Է ԹՈՒՐՔԵՐԵՆ
Պատմաբան Ռայմոնդ Գեւորգյանի «Հայոց ցեղասպանություն» գիրքը, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ցեղասպանագետների համար, թարգմանվել եւ հրատարակվել է թուրքերեն: Գիրքը հրատարակվել է թուրքական «Իլեթիշիմ Յայընլարը» հրատարակչությունը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում անելով թուրքական DemokratHaber-ին: Գրքում հեղինակը հարցադրում է կատարում. «Աբդուլհամիդյան վարչակարգի դեմ միասին ընդդիմացած հայերը մի քանի տարի հետո կոտորվեցին երիտթուրքերի կողմից: Ի՞նչ է՝ 1895 թվականից հետո հայերը համակարգված կերպով սատանայացա՞ն» եւ պատասխանելով այդ հարցին՝ պարզաբնում է նաեւ Օսմանյան Թուրքիայի հայաբնակ քաղաքներում տեղի ունեցած իրադարձությունները: Գրքում առաջին անգամ տեղ են գտել Պոլսո Հայոց պատրիարքարանի տեղեկատվական գրասենյակի փաստաթղթերը եւ 1918 թվականին իթթիհատականների դատավարության ժամանակ օգտագործված արխիվային նյութերը, որոնցով բացահայտվում է նաեւ թուրքական մի երկրորդ հակահայկական «հատուկ կազմակերպության» գոյությունը:
 

ԿՈՐԴԵԳՐԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը բազմիցս հայտարարել է, որ ինքն ու Քանյե Ուեսթը ցանկանում են կրկին երեխա ունենալ: Նրանք դիմել են անգամ արհեստական բեղմնավորման մեթոդի, սակայն արդյունքի չեն հասել: Այժմ բրիտանական The Independent-ը, վկայակոչելով OK! Magazine ամսագիրը, մեջբերել է զույգին մոտ կանգնած աղբյուրի խոսքն այն մասին, որ Քարդաշյանն ու Ուեսթը մտադիր են որբ երկվորյակներ որդեգրել Հայաստանից: Ըստ աղբյուրի` Քիմն ու Քանյեն երեխաներ որդեգրելու մասին կմտածեն, եթե Քիմը չկարողանա երկրորդ անգամ հղիանալ:

 

 

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵԶՐԻՆ
Ամերիկյան OK! Magazine եւ National Enquirer պարբերականները միաժամանակ հայտարարել են, որ Բեն Աֆլեք եւ Ջենիֆեր Գարներ աստղային զույգը ամուսնալուծության եզրին է: Ըստ որոշ տեղեկությունների` նրանց ամուսնությունը խարխլվել էր դեռեւս տարիներ առաջ, սակայն ամուսինները ձեւացնում էին, թե իրենց կյանքում ամեն բան կարգին է: Այժմ Ջենիֆերը Լոս Անջելեսից մեկնել է Մոնրեալ եւ գրանցվել հոգեբանի մոտ, ով պետք է օգնի նրան հաղթահարել ընտանեկան անհաջողությունները:




Լրահոս