ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 15:30-ի սահմաններում Աճառյան փողոցում 24-ամյա Խիկար Դանիելյանն իր վարած Nissan մակնիշի 33 ՏT 911 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երեւան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել 47-ամյա Գագիկ Մանուկյանի վարած Mercedes մակնիշի 01 VP 777 համարանիշի ավտոմեքենային: Nissan-ի վարորդը նշել է, որ պատճառը եղել է ջրափոսը, եւ մի մեքենա վթարային իրավիճակ է ստեղծել իր համար, ինչից հետո նա դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի: Տուժածներ չկան:
ՀԱՐՑ. Եթե անձը տարվա ընթացքում իրականացնում է 2 եւ ավելի գործարք (3 ավտոմեքենայի վաճառք), ապա նման դեպքերում ի՞նչ տեսակի հարկային պարտավորություն է ունենում:
Արտաշես Մխիթարյան (34 տարեկան, ինժեներ)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն` մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու եւ ավել թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականությունը հանդիսացող նույն տեսակի հետեւյալ գույքի` բնակարանի, առանձնատան, անձնական օգտագործման ավտոմեքենայի, գյուղատնտեսական նշանակության եւ բնակավայրերի հողերի, ավտոտնակի` որեւէ ձեւով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում ապրանքի մատակարարում է համարվում այդ ժամանակահատվածում երկրորդ եւ ավել թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում:
Տեղեկացնում ենք նաեւ, որ 19.02.2009թ. ՀՀ Կառավարության «Ֆիզիկական անձի իրականացրած գործարքների մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկները ներկայացնելու, գումարների վճարման կարգը եւ ժամկետները սահմանելու մասին» N199-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի համաձայն` ֆիզիկական անձն ապրանքի մատակարարում համարվող գործարքի մասով, մինչեւ գործարքի իրականացման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, իր բնակության վայրի հարկային տեսչություն է ներկայացնում ավելացված արժեքի հարկի հաշվարկ` համաձայն սահմանված ձեւի:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 08.12.2010թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերության կիրառման մասին» N25 պաշտոնական պարզաբանման 1-ին կետի համաձայն` ապրանքի մատակարարում համարվող գործարքների մասով ավելացված արժեքի հարկի գումարը հաշվարկվում է լրիվ արժեքով՝ հատուցման գումարի նկատմամբ կիրառելով 16.67 տոկոս հարկի հաշվարկային դրույքաչափը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործարքների մասով հաշվարկվող ԱԱՀ-ի գումարը պետք է որոշվի նշված օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ եւ 9-րդ կետերին համապատասխան որոշվող հարկվող շրջանառության նկատմամբ 20% դրույքաչափ կիրառելու միջոցով:
ՀՀ ֆինանսների նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, եթե անձը մեկ տարվա ընթացքում կատարում է գույքի մի քանի օտարում, ապա դա համարվում է ապրանքի մատակարարում՝ հարկվելով որոշակի դրույքաչափով:
ՀԱՐՑ. Թոշակառու եմ եւ ստանում եմ 40.000 դրամ աշխատավարձ: Թոշակի անցնելուց մի քանի տարի հետո ձեռք եմ բերել 3-րդ կարգի հաշմանդամություն: Կխնդրեի պարզաբանել՝ արդյոք հաշմանդամության կարգ ձեռք բերելուց հետո թոշակը չպե՞տք է ավելանա, եւ եթե այո, ապա որքանո՞վ:
Հովսեփ Միսակյան (35 տարեկան, պատմաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Սահակյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի եւ կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է: Կենսաթոշակի աշխատանքային մասը աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի եւ կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է: Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի հաշվարկում հիմնական կենսաթոշակը ներառվում էր 1-ին, 2-րդ եւ 3-րդ խմբերի համար համապատասխանաբար` 140%-ով, 120%-ով, 100%-ով:
Ելնելով վերոգրյալից` 3-րդ խմբի հաշմանդամություն ստանալուց հետո Ձեր կենսաթոշակի չափը չէր փոփոխվի:
Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում 2014 թվականին, 2013թ. համեմատ, հաշմանդամների թիվը 4783-ով ավելացել է: Նշենք, որ հաշմանդամների թիվը 2014-ին կազմել է 198 հազար 619, իսկ, ահա, 2013-ին՝ 193 հազար 836: Ի դեպ, 2010-ին հաշմանդամների թիվը Հայաստանի Հանրապետությունում կազմել է 185 հազար 80, 2011-ին այն 8574-ով նվազել է, սակայն 2012-ին դարձյալ ավելացել է 9 հազար 878-ով: