ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների հարկային ստուգումներն ընթացքի մեջ են: Լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նրա խոսքով արդյունքների մասին կտեղեկացվի աշխատանքների ավարտից հետո և խորհուրդ տվեց դիմել խորհրդի նախագահին:
Անդրադառնալով նոր ստեղծվելիք հակակոռուպցիոն հանձնաժողովին, որի կազմում նաև ինքն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանն են, և այն հանգամանքին, որ հասարակությունը չի վստահում, նախարարը նշեց. «Հասարակությունը միշտ էլ պետք է մտավախություն ունենա, և դա լավ է, որպեսզի կոռուպցիոն հանձնաժողովն ավելի լավ աշխատի»: Դիտարկմանը, թե այդ կազմում ընդգրկվածները համարվում են այս երկրի թիվ մեկ կոռուպցիոներները, ֆինանսների նախարարն ասաց. «Դա արդեն ուրիշ թեմա է»:
Անդրադառնալով այն փաստին, որ որոշ մեծահարուստներ սկսել են իրար հետեւից եկեղեցիներ կառուցել, Խաչատրյանը նշեց, թե «լավ են անում», քանի որ եկեղեցի կառուցելու մեջ վատ բան չկա:
Այն դիտարկմանը, թե գործարարներից շատերը դժգոհում են, որովհետեւ հարկայինը ճնշումներ են գործադրում, Խաչատրյանը պատասխանեց. «Փոքր ձեռնարկությունները մեկ տոկոսից ներքեւ շրջանառության հարկ են վճարում, այսինքն ի՞նչ ճնշումների մասին է խոսքը: Այն մարդիկ, ովքեր որ գնում և շրջանառության հարկով աշխատողների տեղն են զբաղեցնում, իհարկե, դրանց վրա պետք է ճնշումներ գործադրել եւ շատ կոշտ»: