ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր խորհրդարանում դիմելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին նշեց, որ գազի գինը սահմանին իջել է 25 դոլարով և հետաքրքրվեց, թե ինչո՞ւ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը չի դիմում հանձնաժողով՝ գազի նոր սակագին հաստատելու հայտով:
Ռոբերտ Նազարյանը նախ նշեց, որ սահմանին գազի գնի նվազումը նույնպես սակագնի ձևավորման ամենակարևոր բաղադրիչներից մեկն է: «Ինչի՞ մենք չենք վերանայում սակագները, որովհետև ինձ մոտ կա պայմանագիր, որտեղ հստակ գրված է՝ սահմանի վրա գազի գինը 189 դոլար է: Ես մինչև օրս չունեմ այլ երկրորդ պայմանագիր: 165 դոլար գնի դեպքում ես պետք է ստանամ «Գազպրոմ»-ի և «Գազպրոմ Արմնենիա»-ի միջև ստորագրված այդ պայմանագրերի բովանդակությունը, ես չունեմ դեռևս այդ պայմանագիրը», – հավելեց նա:
Նազարյանը հայտնեց, որ հանձնաժողովում առկա փաստաթղթերով սահմանի վրա գազի գինը շարունակում է մնալ 189 դոլար: