ՀԱՄԱՉԱՓ ՈՒՂԵՐՁՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Սերժ Սարգսյանը ամերիկյան հեղինակավոր Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցում բավականին կոշտ եւ մտահոգիչ հայտարարություններ է արել Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունների սանձազերծման դեպքում Հայաստանի հակաքայլերի վերաբերյալ: «Հակամարտության վերսկսման դեպքում հայկական ուժերը անհամաչափ հարված կհասցնեն»,- զգուշացրել է  Սարգսյանը: Անվերջ հոխորտացող Ադրբեջանին նման հստակ զգուշացումը, այն էլ` ամերիկյան պարբերականի էջերից, իհարկե որոշակի մեսիջներ է պարունակում, որոնք ուղղված են ոչ միայն Ադրբեջանին, այլեւ այդ երկիրն իրենց գեոքաղաքական նպատակներում օգտագործել ցանկացող քաղաքական կենտրոններին: Այս առումով, ամենեւին պատահական չէ, որ Սարգսյանն այդ հարցազրույցում անդրադառնում է Իրանի շուրջ հնարավոր զարգացումներին եւ դրանց անցանկալի հետեւանքներին ինչպես տարածաշրջանային, այնպես էլ կոնկրետ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների տիրույթում: Իրանի դեմ  որպես պլացդարմ օգտագործվելու պատրաստակամության դիմաց Ղարաբաղի հարցում ցանկալի   լուծում պահանջող  Ադրբեջանին անհամաչափ հարվածով սպառնացող Սերժ Սարգսյանն այդպիսով  համապատասխան կենտրոններին հասկացրել է, որ չարժե հարեւան երկրին տրվող   խոստումներում շատ շռայլ լինել: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է  տարածաշրջանում միջազգային հանրության ներգրավվածության կարեւորությունը: «Եթե ապրեինք միջազգային հանրության ազդեցությունից դուրս գտնվող մեկուսացված տարածաշրջանում, ապա պատերազմն արդեն սկսված կլիներ»,-ասել է Սարգսյանը` այդպիսով, ըստ էության, հակամարտության հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունը դնելով միջազգային հանրության  վրա: Հասկանալի է, որ նոյեմբերի 11-ին Ֆրանսիա կատարելիք այցից եւ  նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումից առաջ  նման ուղերձը պատահական չէր կարող լինել: Ըստ ամենայնի, Եվրոպա-Ռուսաստան երկընտրանքի առաջ կանգնեցված Սարգսյանն այսպիսով նաեւ փորձում է ակնարկել, որ եվրոպական ուղղությունը ռուսականից գերադասելու համար միայն տնտեսական եւ քաղաքակրթական բաղադրիչը քիչ է, անհրաժեշտ է նաեւ, որպեսզի արեւմտյան քաղաքական կենտրոններն անվտանգության  ավելի հստակ ռազմաքաղաքական երաշխիքներ տրամադրեն: Ինչպես կընկալվի այս ուղերձը` ցույց կտա ժամանակը, սակայն  այս փուլում պատերազմական   թեմայի արծարծումը բավականին ակտուալ է նաեւ ներքաղաքական իրողությունների համատեքստում: Գաղտնիք չէ, որ հատկապես կարեւորագույն քաղաքական գործընթացներից առաջ իշխանությունները միշտ էլ փորձում են խաղարկել արտաքին թշնամու  գործոնը: Եվ ամենեւին էլ չի բացառվում, որ իր  հայտարարություններով ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը նաեւ նպատակ ունի խորհրդարանական համակարգի անցման շուրջ  քաղաքական կոնսուլտացիաներ սկսած ուժերի համար վառ  պահել պատերազմի  վերսկսման  հեռանկարը:




Լրահոս