«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը երեկ այցելել էր ՀՀ Ազգային ժողով: Եւ ինչպես կանխատեսվում էր՝ նա հրաժարվել է լրագրողների հարցերին պատասխանել ու ՀՀԿ խմբակցությունում որոշ ժամանակ մնալուց հետո հեռացել է: Այն, որ ՀԷՑ-ի տնօրենը պետք է խուսափեր լրագրողների հարցերին պատասխանելուց, լրիվ սպասելի է: Իհարկե, ինչպե՞ս կարող էր նա պարզաբանել իրենց ընկերության կողմից տարեկան մի քանի տասնյակ միլիարդ դրամի կորուստները: Բայց «Ժողովուրդ»-ին տրամադրված փաստերը բավականին պատկերավոր նկարագրում են, թե ինչպես են գրանցվել կորուստները, որոնք գերշահույթներ են ապահովել ՀԷՑ ղեկավարությանը: Եւ այսպես, պարզվում է, Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Այգեգործական թաղամասի բնակիչները էլէներգիան սպառում են առանց պայմանագրի եւ «լույսի փողը» միայն կանխիկով են վճարում ինչ-որ անհատի:
Թե քանի նման դեպք կա Հայաստանի տարածքում, քանի ձեռնարկություն է իր սպառած էլէներգիայի դիմաց կանխիկով` առանց գրավոր արձանագրման վճարում, դժվար է ասել: Այդ հարցի պատասխանը կարող են տալ միայն իրավապահները` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ միասին: Սակայն ողջ խնդիրն այն է, որ «չգրանցված» գնորդների կողմից էլէներգիա սպառելու պատմության մասին իրավապահները վաղուց տեղեկացված են, սակայն նշանակություն չեն տվել խնդրին: Այսինքն՝ բոլորը գիտեն, թե ինչպես է «կորում» հոսանքը, բայց չնկատելու են տալիս»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: