«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ մեկնարկած միասնական քննություններն անցան առանց Արմեն Աշոտյանի, որը ներկա չէր քննասենյակներում, դպրոցականների հետ սելֆիներ չէր անում, ինչն էլ շատերի մոտ ամրապնդեց տեսակետը, որ Աշոտյանն իսկապես պորտֆելը «հանձնում» է, թե չէ ո՞վ է քննությունների թեժ պահին արձակուրդ վերցնում: Փորձեցինք ճշտել, թե ուր է նախարարը։ «Այս օրերին կարճատեւ արձակուրդ եմ վերցրել իմ հաշվին` Օսլոյում տեղի ունեցող ԵԺԿ քաղաքական համաժողովին մասնակցելու համար, ինչն անչափ կարեւոր էր Ռիգայի գագաթնաժողովից եւ բարձրագույն կրթության տարածքի նախարարական համաժողովից հետո որպես առաջին հավաք, ուր մի քանի ելույթ ունեմ։
Ինչ վերաբերում է քննություններին, հաջողություն մաղթելով բոլոր դիմորդներին, հիշեցնեմ, որ նրանց կազմակերպման եւ անցկացման ուղիղ պատասխանատուն ԿԳՆ-ից անկախ գործող ԳԹԿ-ն է, մնացածը դավադրության տեսությունից է»,- ասաց Օսլոյում գտնվող Աշոտյանը: Սակայն, մեր տեղեկություններով, վարչապետն է Աշոտյանին մեկուսացրել քննական պրոցեսից եւ անգամ հանձնաժողովների նախագահներին անձամբ է նշանակել եւ ինքն էլ հետեւում է քննությունների ընթացքին»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: