ԻՆՉՈ՞Ւ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՆ «ՕՍԿԱՐ» ՉԵՆ ՏԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության մամլո խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու են Հանրապետական կուսակցությանը նյարդայնացնում «Բարգավաճ Հայաստան»-ի սկսած կոնսուլտացիաները, ասաց. «Մի անգամ էլ խորհրդարանական ընտրություններից առաջ ինչ-որ մեկը կրկին նման բան արեց, կոչ արեցին, համախմբվեցին, միասնական շտաբ ստեղծեցին, ու արդեն բոլորն էլ տեսել են, թե դրանից ինչ ստացվեց»:
-Պարո՛ն Շարմազանով, ԲՀԿ-ի սկսած քաղաքական կոնսուլտացիաների շարքը ինչո՞ւ է այդքան նյարդայնացնում ՀՀԿ-ականներին: Վերջին ժամանակաշրջանում ՀՀԿ-ականները անընդհատ «ագրեսիվ» են պատասխանում ԲՀԿ-ի յուրաքանչյուր առաջարկին՝ տարատեսակ դիմակազերծումների սպառնալիքներով:
-Ընդհակառակը, ես չեմ կարծում, որ դա ՀՀԿ-ին նյարդայնացնում է: Բոլորը խոսում են, որ ՀՀԿ-ն շատ վստահ է ու ընդհանրապես չի էլ հետաքրքրվում ԲՀԿ-ի այդ պահվածքով:
-Իսկ ովքե՞ր են այդ «բոլորը», որ խոսում են ՀՀԿ-ի ինքնավստահության մասին:
-Նշեցի, որ բոլորն են խոսում, իսկ ո՞վ է ասում, որ ԲՀԿ-ն ուզում է քաղաքական դաշտը համախմբել:
-ԲՀԿ-ն հրավիրել է բոլոր քաղաքական ուժերին քաղաքական կոնսուլտացիաների, չգիտե՞ք:
-Ուրեմն մի անգամ էլ խորհրդարանական ընտրություններից առաջ ինչ-որ մեկը կրկին նման բան արեց, կոչ արեցին, համախմբվեցին, միասնական շտաբ ստեղծեցին, ու արդեն բոլորն էլ տեսել են, թե դրանից ինչ ստացվեց: Դրանից եղավ այն, որ Հանրապետական կուսակցությունը պառլամենտական ընտրությունների ժամանակ համոզիչ հաղթանակ տարավ: Ես, այդ ամենի հետ կապված, այլեւս որեւէ բան չունեմ ասելու, ես պարզ ասացի, թե մենք նման դեպքերից հետո ինչի ենք ականատես եղել:
-ՀՀԿ-ին չի նյարդայնացնում նաեւ այն, որ օրերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Մոսկվայում «Տարվա մարդ» կոչմա՞նն է արժանացել: Չէ՞ որ այդ տիտղոսին արժանացան տարբեր երկրների նախագահներ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:
-Ո՞վ է տվել տարվա լավագույն մարդ, պետությո՞ւնն է տվել: Մեր երկրում նման մրցանակաբաշխություններ չկան:
-Ո՛չ, երկրից դուրս՝ Մոսկվայում է այդ մրցանակին արժանացել Գագիկ Ծառուկյանը:
-Ցավդ տանեմ, ով որ տվել է, իրե՛նց հարցրեք, երկրում այնքան բաներ կան, լավ է չհարցրիք, թե ինչու Ձեզ «Օսկար» չեն տվել:
-Պարո՛ն Շարմազանով, Իրանի Իսլամական Հանրապետությունը դադարեցրել է 52 անուն ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: Ի վերջո, ի՞նչ են որոշել անել ՀՀ իշխանությունները, ինչպե՞ս եք այդ հարցը լուծելու:
-Մենք այդ հարցը դեռեւս չենք քննարկել, կարծում եմ՝ ճիշտ կլինի այդ հարցն ուղղել կառավարության մեր գործընկերներին:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ը, իհարկե, արդեն մի քանի օր է՝ փորձում է ՀՀ կառավարությունից պարզել նշված հարցի պատասխանը, սակայն չի ստացվում: Ու դատելով գործադիրի խուսափողական պահվածքից՝ կարելի է եզրակացնել, որ Էդվարդ Նալբանդյանին առայժմ չի հաջողվել համոզել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին, որպեսզի պլաստմասսե տարաների ներմուծումը Հայաստան կրկին վերականգնվի:
Ի դեպ, ՀՀԿ գրասենյակում երեկ կրկին նիստ էր հրավիրվել, որը դարձյալ վարում էր ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Բուզանդի փողոցը նորից մի քանի ժամ առաջ «տեղը-տեղին մաքրվեց», որպեսզի Սերժ Սարգսյանը գար: Նիստի ավարտից հետո «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ՝ պարզելու, թե ինչ են քննարկել: «Մեր տարածքային կառույցներում ՀՀԿ համագումարի պատվիրակների ընտրություններն էր, երկրի նախագահը Կենտրոն համայնքում է պատվիրակ ընտրվել»,-տեղեկացրեց Սահակյանը՝ նշելով, որ նիստի ժամանակ միայն այդ հարցն են քննարկել:
Հավելենք, որ ՀՀԿ նիստը տեւեց մոտ 2 ժամ, որին մասնակցում էին ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս