«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն անցել է լկտիության սահմանները: Նա հայտնվելով կոռուպցիոն սկանդալի կիզակետում՝ փոխանակ փորձեր անի՝ արդարանալու, պաշտպանվելու, լրագրողների վրա է «մուննաթ գալիս»:
«Ժողովուրդ» օրաթերթը մայիսի 28-ի համարում բացահայտել էր, որ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի բաջանաղի ընկերությունը՝ «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ն, թանկարժեք ավտոմեքենաներ է վարձակալությամբ տվել ՀԷՑ-ին՝ մեկ պայմանագրով որպես ավտոմեքենաների վարձ ՀԷՑ-ից ստանալով ավելի քան 259 մլն դրամ: Մեր այս բացահայտումից հետո «Առաջին լրատվականի» լրագրողը «բռնացրել է» Շաբոյանին եւ փորձել պարզել, թե ինքը ինչ կապ ունի իր քենակալի կերած միլիոնների հետ:
-Ինչպե՞ս կբացատրեք այն, որ ՀԷՑ-ին թանկարժեք մեքենաներ մատակարարող ընկերությունը Ձեր բարեկամինն է,- հարցրել է լրագրողը:
-Ձեր գործով զբաղվե՛ք:
-Դո՞ւք եք աջակցել նրան:
-Անիմաստ, անհեթեթ հարցեր եք տալիս: Ձեր գործով զբաղվեք: Հարցեր ունեք, կապվեք մեր մամլո քարտուղարի հետ:
-Անհեթեթը ո՞րն է. հիմա նա Ձեր բարեկամն է՞, թե՞ ոչ:
-Ասում եմ՝ անհեթեթ հարցեր եք տալիս:
Այս փոքր, չստացված երկխոսությամբ Շաբոյանն իրականում բացահայտում է իր թաքնված էությունը: Նա կարծես թե ոչնչով չի տարբերվում կիսագրագետ այն պաշտոնյաներից ու գործիչներից, որոնք հաճախ երեւում են հեռուստաէկրաններին: Շաբոյանը, պարզվում է, չի գիտակցում անգամ, թե որն է լրագրողի գործը՝ նրան խորհուրդ տալով «ձեր գործով զբաղվեք»: Բայց չէ՞ որ լրագրողի գործը հենց հարցերի միջոցով տեղեկություն ստանալն է: Կամ ի՞նչ է նշանակում անհեթեթ հարց: Արդյո՞ք այն, որ «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ի հետ իր քենակալ Գեղամ Կարապետյանը առնչություն չունի՞: Եթե չունի, նա կարող էր առանց ջղաձիգ շարժումների հայտնել այդ մասին, եթե ունի, կարող էր խոստովանել. ի վերջո, «մախաթը պարկում չես պահի»:
Իսկ եթե ինքն ու բաջանաղն իրար հետ որեւէ հարաբերություն չունեն, դա եւս պատասխան է: Բայց պետբյուջեից սնվող, իբրեւ թե, անկախ հանձնաժողովի նախագահ Շաբոյանն այսպիսի վերաբերմունքով ուղղակի մատնում է իրեն:
Ու եթե մինչեւ հիմա կասկածներ կային, որ հայ հասարակությանը թալանած ՀԷՑ-ի վատնած միլիոնների մեջ Շաբոյանը չի ունեցել իր «մասնաբաժինը», ապա այսօր դրանք առավել ամրապնդվեցին: Ու եթե Հայաստանը իրավական պետություն լիներ, ապա Շաբոյանն առնվազն պետք է հրապարակավ բացատրություն տալուց հետո վերցներ A4 ֆորմատի մի թուղթ եւ գրեր իր հրաժարականի դիմումը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: