Երեւանում երեկ միանգամից երկու բողոքի ակցիա էր անցկացվում, մեկը՝ ՀՀ գլխավոր դատախազության, մյուսը՝ կառավարության շենքի մոտ:
ՀՀ գլխավոր դատախազության մոտ ի պաշտպանություն Հայ ազգային կոնգրեսի դատապարտված 4 երիտասարդ ակտիվիստների անցկացված հերթական բողոքի ակցիային ՀԱԿ ներկայացուցիչներն իրենց հետ դդում էին բերել՝ վրան գրված «Դդում եմ, դդում էլ կմնամ. Աղվան Հովսեփյան»: Իսկ երիտասարդների գործով դատավորի, դատախազի ու քննիչի հասցեին դդումի վրա գրված էր, որ նրանք խուլ են, հանցագործ ու ազգի դավաճան: Պարզվեց՝ այն բերել էին՝ «նվիրելու» ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին արդարացնել ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներին ու ազատ արձակել կալանքի տակ գտնվող Տիգրան Առաքելյանին: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով այդ բողոքի ակցիային, տեսակետ հայտնեց, թե իրենց ուրբաթօրյա պիկետները վառ են պահում զանգվածային միջոցառումների կրակը: «Այդ կրակը կարող է լինել մարմանդ, կարող է բոց դառնալ, դա արդեն ցույց կտան քաղաքական գործընթացները, եւ ես վստահ եմ, որ նախագահական ընտրությունների կոնտեքստում մեծ է նաեւ հնարավորությունը, որ ոչ թե բոց կդառնա, այլ, ինչու չէ, նաեւ հեղափոխություն»,-ընդգծեց նա:
Իսկ կառավարության շենքի առջեւ հավաքվածները բողոքում էին վերականգնման ու ցուցադրության նպատակով ՀՀ մի շարք մարզերից Հայաստանի պատմության թանգարան 63 անշարժ հուշարձաններ տեղափոխելու կառավարության որոշման դեմ: Նրանք պահանջում էին չեղյալ համարել այն եւ հուշակոթողները վերադարձնել իրենց տեղը: Բողոքի ակցիայի մասնակիցներից Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը տեսակետ հայտնեց, որ եթե իշխանություններն ուզում են զբոսաշրջություն զարգացնել, ապա կարող են ընդամենը դեպի այդ հուշարձանները տանող ճանապարհները նորոգել: «Անհեթեթ ծրագիր է, պատճառները հասկանալի չեն, թե ինչ ակնկալիքներ ունեն, պարզ չէ՝ փողի, թե ինչի, բայց այն պատճառաբանությունը, թե վերականգնում են հանրությանը ցուցադրելու համար, անհեթեթություն է»,-ասաց նա՝ հավելելով, թե Հայաստանում եղած 50-60 հազար հուշարձաններից ինչու են հատկապես այս 63-ը բերել: «Բերեիք, բոլորը «Զվարթնոց»-ից մինչեւ Երեւան ճանապարհի երկայնքով շարեիք՝ կազինոների հետեւներում, տուրիստը կգա ոտքով մինչեւ Երեւան ու Հայաստանի պատմությանը կծանոթանա»,-առաջարկեց Լ. Բարսեղյանը:
ԴԴՈՒՄ՝ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ա. ԳԱԼՈՅԱՆ