Քաղաքապետարանը մերժել է. կինոկենտրոն հիմնելու համար հույսը քաղաքացիներն են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ մեկ ամիս է` մի խումբ ակտիվիստներ համախմբվել են Գյումրիում կինոկենտրոն ստեղծելու գաղափարի շուրջ: Բարեգործական ակցիայի շրջանակներում նրանք վաճառում են իրենց ձեռքով պատրաստած բացիկներ` հավաքված գումարը նպատակին ծառայեցնելու համար:

«Ժողովուրդ»-ը նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Սիմոնյանից հարցրեց` ակցիան ինչ հետաքրքրություն է առաջացրել Գյումրիում, ովքեր են միացել նախաձեռնությանը, եւ որոնք են լինելու ակտիվիստների հետագա անելիքները: Նա դժվարացավ հստակ ասել, թե տվյալ պահի դրությամբ որքան բացիկ է վաճառվել. «Նախաձեռնության առաջին փուլի շրջանակում սիմվոլիկ 500 դրամ արժողությամբ բացիկներ գնելով՝ ամեն ոք հնարավորություն ունի իր ներդրումն անել կինոկենտրոնի ստեղծման գործում: Հաջորդ փուլի շրջանակում՝ հունիսի 30-ին, պատրաստվում ենք հեռուստամարաթոն անցկացնել «Ցայգ» հեռուստաընկերության եւ համացանցի միջոցով: Քաղաքացիների ակտիվությունը սպասվածից քիչ է, սակայն նախաձեռնող խումբը պատրաստ է ամեն քայլի դիմել` իր նպատակն իրականություն դարձնելու համար: Հաջորդիվ սպասվում են բարեգործական համերգներ, որոնցից ստացված շահույթը կփոխանցվի կինոկենտրոնի ստեղծման համար նախատեսված բյուջե»,-տեղեկացրեց Տ. Սիմոնյանը:

Մեր այն հարցին, թե արդյոք նախաձեռնող խմբի անդամները դիմել են Շիրակի մարզպետարան, Գյումրու քաղաքապետարան, նաեւ` քաղաքական գործիչների, բարերարների օգնությանը, Տ. Սիմոնյանը պատասխանեց. «Քաղաքական գործիչներից ակնկալում ենք պատասխան ստանալ հունիսի 30-ի հեռուստամարաթոնի ժամանակ: Իսկ քաղաքապետարանից ստացել ենք մերժողական պատասխան. քաղաքապետը ողջունում է նախաձեռնությունը, սակայն քաղաքի բյուջեն բավականաչափ հնարավորություններ չունի, որպեսզի նախաձեռնությանը գումար հատկացվի: Հեռուստամարաթոնի օրը պարզ կլինի` կստանանք բարերարների օգնությունը, թե ոչ»- ասաց նա:

Արմատներով գյումրեցի դերասան Արթուր Հակոբյանը, ով եւս միացել է նախաձեռնությանը, մեզ հետ զրույցում ընդգծեց, որ չէր ուզենա` Գյումրին ձեւական կոչեին արվեստների ու արհեստների մայրաքաղաքաք: «Ես գիտեմ, որ Գյումրիում լավ կադրեր ունենք, լավ ֆիլմեր կստեղծվեն: Կան շատ տաղանդավոր մասնագետներ, որոնք Գյումրիից դուրս գործունեություն ծավալելու հնարավորություն չունեն, նրանց հարկավոր է ընձեռել այդ շանսը»,- եզրափակեց դերասանը` բոլորին կոչ անելով սատարել նախաձեռնությանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս