Երեկ խորհրդարանում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը եւ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը վեճի բռնվեցին: Այն բանից հետո, երբ Վ. Այվազյանը փորձում էր ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանից պարզել, թե ինչու են արտաբյուջետային գումարները «վատնում», Գ. Խաչատրյանը նախ տեղից ու շշուկով սկսեց պատասխանել Այվազյանի հնչեցրած հարցերին, այնուհետեւ բանը հասավ նրան, որ բարձրաձայնեց իր ասելիքն ու Վ. Այվազյանի արդարացումներին, թե իրենք ընդամենը ցանկանում էին «խորանալ» հարցի էության մեջ, Խաչատրյանն արձագանքեց, թե. «Խորացեք, մենք որեւէ բան չենք թաքցնում, մենք խորանալու հետ կապված խնդիր չունենք»: Կրքերը հանդարտեցրին ԱԺ ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցության պատգամավորները:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Վարդան Այվազյանը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանից հետաքրքրվեց, թե շենքերի կառուցման համար ինչո՞ւ են արտաբյուջետային միջոցներ ծախսում. «Բյուջեում թող ամրագրեն, ծախսեն, հետո այն ինչո՞ւ է առանձին բերվում ԱԺ, բյուջեից առանձնացված»,-հարց ուղղեց Այվազյանը:
Ուշադրություն չդարձնելով ֆինանսների նախարարի դժգոհությանը` Վարդան Այվազյանը շարունակեց, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչու են արտաբյուջետային գումարները ծախսվում, ու եթե օրենսդրական «բաց» կա, ապա իրենք կարող են դա լրացնել: «Գործին» միջամտեց ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, որը խնդրեց իրեն թույլ տալ ներկայացնել իրողությունը, սակայն դա կրկին չբավարարեց Վ. Այվազյանին, որը հայտարարեց, թե իր հարցին տարբեր կերպ է պատասխան տրվում` տարբեր մեկնաբանություններով:
Այս ամենից հետո տեղից վեր կացավ Արմեն Ալավերդյանն ու խնդրեց իրեն թույլ տալ բացատրել, սակայն դա էլ չբավարարեց Այվազյանին. «Պարո՛ն Ալավերդյան, ավելի լավա՝ չխորանանք»,-քմծիծաղով ասաց Այվազյանը:
Այս ակնարկն արդեն ֆինանսերի նախարար Գագիկ Խաչատրյանը չհանդուժեց ու տեղից հակադարձեց. «Կարող եք խորանալ, պարո՛ն Այվազյան, բայց այսօր դրա ժամանակը չի, երբ կուզեք՝ կխորանաք, մենք էլ կպատասխանենք: Ինչի՞ եք ասում՝ չխորանանք, խորացե՛ք, էկե՛ք, նայե՛ք, կգտնեք մի բան, բարձրաձայնե՛ք»:
Այվազյանը՝ տեսնելով, որ Գագիկ Խաչատրյանը վրդովեց, ասաց, թե ինքը որեւէ բանում խորանալու կարիք չունի. «Բա ասում եք՝ խորանանք, խորացե՛ք, ի՞նչ է եղել: Հարցերին պատասխանում են, իսկ Դուք էլի նույն հարցապնդումն անում եք, հիմա ես էլ ասում եմ՝ ինչքան պետք է՝ խորացե՛ք, կլինի օրենսդրական փոփոխություն, կփոխեք օրենքը, մենք այդտեղ որեւէ բան չունենք»,-վրդովված հայտարարեց Գագիկ Խաչատրյանը:
Նախարարի այս կտրուկ արձագանքից հետո Վարդան Այվազյանն իր խոսքի տոնայնությունն «իջեցնելով»` պատասխանեց. «Պարո՛ն Խաչատրյան, ես շատ ուրախ եմ, որ Դուք արձագանքում եք, բայց այդ օրենսդրական փոփոխությունն ինձ հետ կապված չի»: Այս երկխոսությունից անմիջապես հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները եւ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը փորձեցին «շեղել» վեճը՝ այլ հարցեր ուղղելով: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանից պարզել, թե ինչո՞ւ նման կերպ արձագանքեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հարցերին:
-Դա այնպիսի հարց է, որին հնարավոր չէ արձագանքել տեղից, ասել դրա օրենսդրական պահանջը կա, թե ոչ: Եթե արտաբյուջետային միջոցները մի բանի համար չեն բավարարում, ասենք՝ շենք կառուցելու, ապա այդ շենքը չի սարքվում: Եթե գումար չլինի, դա չի էլ ծրագրավորվի: Ես բոլորովին անհանգստություն չունեմ մեր արտաբյուջեի հետ կապված: Բայց հիմա այլ քննարկում է, եթե ցանկություն կա դրա մասին խորացված քննարկում կազմակերպել, կարող են կազմակերպել: Դա լուրջ խնդիր է, պետք է այդ հարցը քննարկել այն գերատեսչությունների հետ, որոնք ունեն արտաբյուջե՝ հասկանալու համար, թե արտաբյուջեն ինչպես են ծախսում: Եթե ինչ-որ կասկածներ կան, կարող ենք հարցը քննարկել, տարիներ շարունակ այդ հարցին մարդիկ անդրադարձել են, իսկ դա լուրջ խնդիր է:
-Բայց Վարդան Այվազյանը ցանկանում էր քննարկել հարցը, ինչո՞ւ Դուք նման կերպ արձագանքեցիք, ու կարելի է ասել` փակեցիք այդ հարցը: Ի՞նչը Ձեր սրտով չէր, ինչո՞ւ վրդովեցիք:
-Նման բան չկա, ես արդեն նշեցի, որ այսօր այլ հարց էր քննարկվում, եթե պետք է, մենք պատրաստ ենք այդ հարցի հետ կապված քննարկումներ կազմակերպել: Դա շատ լուրջ հարց է, որը կարելի է առանձին քննարկման առարկա դարձնել: Հիմա մեր ամբողջ երկրի մասշտաբով` ամբողջ հարկային տեսչությունները, սահմանային անցակետերը ՄԱԿ-ի գրասենյակի միջոցներով վերակառուցվում են, վերազինվում են, իսկ եթե մենք չունենաք միջոցներ, մենք չենք կարող դա վերազինել: Սրանք հարցեր են, որոնք առանձին քննարկման առիթ պետք է հանդիսանան:
Հ. Գ. Նիստի ավարտից հետո ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը դռների «արանքում» սպասում էր ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին՝ հավանաբար «բացատրություն» տալու համար: Ի վերջո, իբրեւ թե ֆինանսների նախարարին լրագրողներից «փրկելու համար» Այվազյանը Խաչատրյանին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի սենյակ ուղեկցեց:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ