Ինչ հետևանք է ունեցել պատգամավորի հայտարարությունը մանկատներից երեխաներին վերցնելու վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ շաբաթ առաջ` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից 2014թ.-ի բյուջեի կատարողականի հաշվետվության ներկայացման ժամանակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վահան Բաբայանն ու Նաիրա Զոհրաբյանը ուշագրավ հայտարարությամբ էին հանդես եկել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ իրավապահ համակարգը փորձել է գնալ պատգամավորների հայտարարության հետքերով, սակայն վերջիններս փաստեր չեն ներկայացրել համապատասխան գերատեսչություններին:

Նշենք, որ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում մտահոգություն էր հայտնել առ այն, որ փողոցներում հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, որոնք մի քանի ամսական երեխաները գրկներին՝ մուրացկանություն են անում. «Ժողովուրդն ասում է՝ նույնիսկ պռակատով են վերցնում այդ երեխաներին: Ի՞նչ է անում Մարդու իրավունքների գրասենյակն այս դեպքում»: Օմբուդսմենին ուղղված այս հարցադրումը նորություն էր Կարեն Անդրեասյանի համար, ու մինչ նա կհասցներ իր զարմանքն արտահայտել, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ կարող է անգամ մանկատների անուններ ասել, որտեղից այդ երեխաներին օրավարձով վերցնում են մուրացկանության համար:

Վ. Բաբայանն էլ «Առավոտ»-ի հետ զրույցում ասել էր. «Դեպքեր են լինում, երբ այդ երեխաներին դեղ են խմացնում, որ անընդհատ քնեն ու փողոցում չլացեն: Ողջ օրը տեսնում ենք՝ մի քանի ամսական երեխաները գրկներին՝ ման են տալիս ու փող են հավաքում, որեւէ մեկդ չի լսել, որ այդ երեխաները լաց լինեն: Սա նշանակում է, որ դեղ են տալիս»:

«Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե պատգամավորների հայտարարությունն ինչ հետեւանք է ունեցել: Ըստ մեր տեղեկությունների՝ պատգամավորներն իրավապահներին որեւէ փաստ չեն ներկայացրել, ուստի հնչեցված մտահոգությունների շուրջ առայժմ բացահայտումներ չկան: Զրուցեցինք նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ փաստեր են պատրաստվում ներկայացնել: Պատգամավորը նշեց, որ ինքն այդ հարցի կապակցությամբ նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին ու ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանին. «Այն գերատեսչությունները, որոնք ի պաշտոնե պետք է արձագանքեն այդ խնդրին, նրանց ուղղված նամակում ես իմ մտահոգությունները եւ այն ամենը, ինչին ականտես եմ եղել, արձանագրել եմ եւ պաշտոնապես դիմել եմ իրենց, մնացածը բացառապես այդ կառույցների իրավասության տիրույթում է»:

Պատգամավորը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց նաեւ, որ երեկ ինքը հանդիպում է ունեցել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանի հետ ու ներկայացրել իր մտահոգությունները. «Պայմանավորվել ենք, որ նոր տեղեկատվություն լինելու դեպքում անպայմանորեն միմյանց հետ փոխանակում կատարենք»:

Իսկ Վահան Բաբայանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն իր կարծիքն է ներկայացրել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս