Մեդիաոլորտն իր վերահսկողության ներքո կենտրոնացնելու փորձեր անող Միքայել Մինասյանին՝ Սերժ Սարգսյանի փեսային, լուրջ մրցակից է ի հայտ եկել: Այստեղ իր տիրապետությունն է փորձում հաստատել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վերջինս այսօր հովանավորում է մի շարք տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցների: Բացի այդ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները, Տիգրան Սարգսյանն իր շուրջ հավաքել է մարդկանց մի խումբ, որոնք ակտիվորեն զբաղվում են «ինֆորմացիոն արտահոսքերի» տեսքով լրատվամիջոցներին տեղեկություններ մատակարարելով: Ընդ որում, այդ խումբը գործում է թիրախավորված. բացի Հայ ազգային կոնգրեսից ու Լեւոն Տեր-Պետրոսյանից, ԲՀԿ-ից ու Գագիկ Ծառուկյանից (ինչը իշխանական ֆինանսավորում ունեցող լրատվամիջոցների համար կարելի է բնական համարել), «ինֆորմացիոն արտահոսքի» թիրախում են նաեւ իշխանական տարբեր գործիչներ՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյան, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյան եւ այլն:
Տ. Սարգսյանին կից խմբի գործունեությունը, սակայն, միայն այսքանով չի սահմանափակվում: Ինչպես պնդում են մեր աղբյուրները, նրանք տարբեր լրագրողների մոտ հրապարակ են նետում տեղեկատվություն նաեւ այլ գործիչների վերաբերյալ. հատկապես նրանց, որոնց հետ վարչապետը լուրջ խնդիրներ ունի ու ցանկանում է չեզոքացնել:
Ուշագրավն այն է, որ իշխանության ներսում Տ. Սարգսյանն այս ամենը ներկայացնում է որպես Սերժ Սարգսյանի գիտությամբ արվող քայլերի ամբողջություն, ինչը, բնականաբար, արդեն սկսել է դժգոհություն առաջացնել իշխանության ներսում:
ԿԳԲ-ի մոտիվներով
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Տիգրան Սարգսյանը, բացի լրատվամիջոցներից, փորձում է իր տիրապետությունը հաստատել նաեւ նախարարությունների ներսում: Ընդ որում, դա անում է յուրահատուկ ձեւով՝ այնտեղ ստեղծելով իր «գործակալական ցանցը»: Այս ծրագիրը Տ. Սարգսյանը ներդրել է դեռ 2009-2010թթ.: Շատերը կհիշեն, որ 2010թ. տարբեր նախարարություններում հերթով պաշտոնանկ արվեցին աշխատակազմերի ղեկավարները, որոնց փոխարեն վարչապետը նշանակեց իր մարդկանց: Ամենաաղմկահարույց օրինակը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Ձոնիկ Մարգարյանի պաշտոնանկությունն էր. 10 տարվա պաշտոնավարման ընթացքում Մարգարյանին որեւէ նկատողություն չի հայտարարվել, նրա հետ կապված որեւէ խնդիր չի եղել: Եւ ահա, 2010թ. նրան հայտարարվեց նկատողություն այն բանի համար, որ Մարգարյանը չէր նպաստել էլեկտրոնային փաստաթղթերի կառավարման համակարգի ներդրմանը, հետո ծառայողական քննություն էր նշանակվել, արդյունքում՝ երկրորդ նկատողությունն էր հայտարարվել: Դրանից հետո Մարգարյանը հրաժարական ներկայացրեց: Ասում են՝ վարչապետն այդ ժամանակ փորձել էր նրան «վերբովկա» անել, բայց երբ չստացվեց, այդ ճանապարհով վրեժ լուծեց՝ նրա փոխարեն նշանակելով իր մարդուն: Պարզվում է՝ վարչապետի «գործակալական ցանցի» մեջ են ընդգրկված նաեւ կառավարությանն առընթեր, կառավարության հետ առնչվող «անկախ» գերատեսչությունների աշխատակազմերի ղեկավարները եւս: Ըստ մեր աղբյուրների՝ այդ հիմնարկների մարդիկ շաբաթը մեկ պարբերականությամբ Տիգրան Սարգսյանին են զեկուցում իրենց ղեկավարի մոտ տեղի ունեցող անցուդարձի մասին՝ ով եկավ, ինչ հարցով, ինչ ծրագրեր են նախատեսվում եւ այլն: Նաեւ, ըստ էության, այդ մարդիկ են տնօրինում իրենց գերատեսչության ֆինանսական ողջ անցուդարձը, բնականաբար, վարչապետի գիտությամբ:
Երեկ փորձեցինք այս ամենի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանից: Վերջինս, սակայն, այդպես էլ անպատասխան թողեց էլեկտրոնային փոստով մեր ուղարկած գրավոր հարցումը:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ