ԿԲԱՑԱԿԱՅԻ
Ինչպես նախօրեին տեղեկացրել էինք, Սերժ Սարգսյանը նոյեմբերի 11-ից կբացակայի Հայաստանից: Նախ` եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն, որտեղ հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, վարչապետ Ժան-Մարկ Էրոյի, Ազգային Ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ: Նախատեսվում է նաեւ հանդիպում Ֆրանսիայի Ազգային Ժողովի եւ Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբերի անդամների հետ: Պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը կայցելի նաեւ Լիոն: Դրանից հետո նա կմեկնի մեկշաբաթյա արձակուրդ, որը կանցկացնի արտերկրում:
ԴԵՌ ՏԵՐ Է ԶԳՈՒՄ
«Առավոտ»-ի տեղեկացմամբ` Վարդան Ղուկասյանը պատրաստվում է Գյումրու կենտրոնական շուկայի հարեւանությամբ` «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի կողքին գտնվող դատարանի նախկին շենքում, հիմնել, այսպես ասած, երկրորդ քաղաքապետարան: Այն պաշտոնապես դե յուրե կոչվելու է Վարդան Ղուկասյանի գրասենյակ, սակայն դե ֆակտո լինելու է քաղաքապետարան, որտեղ պարոն Ղուկասյանը նախկինի պես քաղաքացիների է ընդունելու եւ ճանապարհելու, հավաքներ է կազմակերպելու, նիստեր է գումարելու: Նա որոշել է իր առանձնասենյակը նույն ոճով, նույն ինտերիերով, գույներով ու կահույքով զարդարել, ինչպիսին որ եղել է իր լքած քաղաքապետարանում, եւ այժմ այն վայելում է Սամվել Բալասանյանը:
Առայժմ նախկին քաղաքապետն իր հավաքները կազմակերպում է ավագ եղբորը` Գեւորգ Ղուկասյանին պատկանող «Օազիս» ռեստորանում: Պարոն Ղուկասյանը քաղաքապետին հատուկ կեցվածքով, իր շքախմբով` հավատարիմ թիկնապահներով, կոմունիստ փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի ուղեկցությամբ, շարունակում է ոտքով շրջագայել Գյումրիում, ամեն երեկո «Ալեքսանդրապոլ»-ից ուղեւորվում է Վարդանանց հրապարակ. պտտվում է քաղաքապետարանի շուրջբոլորը, լինում նաեւ «Ղուկասյան եղբայրներ» բարեգործական հիմնադրամի միջոցներով վերանորոգված Սուրբ Նշան եկեղեցու տարածքում: Մի խոսքով, պարոն Ղուկասյանը սրանով ցույց է տալիս իր հզոր, գյումրեցիների կողմից սիրված ու պահանջված լինելը:
40 ՏԶՐՈՒԿԻ ՁԵՌՔՈՒՄ
«Արտագաղթի վերաբերյալ պաշտոնական տվյալները մտահոգիչ են. օրական 200-300 մարդ է հեռանում երկրից, եւ դա ողբերգական է»,-երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասել է դրամատուրգ Կարինե Խոդիկյանը: Նրա խոսքով՝ արտագաղթի պատճառներից է աշխատանքի պակասը եւ անարդարության զգացումը. «Մեկ տարի առաջ օդանավակայանում հեռացող ընտանիքների տեսա, որոնց հայացքներում ատելություն եւ վիրավորանք էր նկատվում: Ինչո՞ւ պետք է այս երկիրը 40 տզրուկի ձեռքին խաղալիք դառնա: Եթե մենք հանրաքվեի ժամանակ մեր ասած «այո»-ի տերը լինեինք, այսպիսի արտագաղթ չէր լինի»:
ԿԱՇԱՌԱԿԵՐ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` «Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի պրոռեկտոր Ս. Գեւորգյանը եւ ակադեմիայի համակարգչային գրաֆիկայի եւ դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Հ. Փայասլյանը կերպարվեստի ֆակուլտետի դեկան Խ. Ազիզյանի միջնորդությամբ 2012թ. ապրիլին ընդունել են ակադեմիայի դիմորդ Է. Բարբարյանի ծնողներից` Ա. Ենոքյանից եւ Ա. Ֆահրադյանից, առանձնապես խոշոր չափերի` 1 մլն 371 հազ. 510 ՀՀ դրամին համարժեք 3500 ԱՄՆ դոլար ստանալու առաջարկը: Այնուհետեւ 2012թ. մայիսին Խ. Ազիզյանի միջոցով Ս. Գեւորգյանը եւ Հ. Փայասլյանը ստացել են առանձնապես խոշոր չափերի 3500 ԱՄՆ դոլար կաշառք` դիմորդ Է. Բարբարյանին ակադեմիա ընդունելու համար: