Նոյեմբերի 8-ին՝ ժամը 17:00-ին, «Ֆոլքսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենան, Երեւանի Մյասնիկյան պողոտայում դուրս գալով երթեւեկելի մասից, բախվել է էլեկտրասյանը: Պատահարի հետեւանքով ուղեւորը` Հակոբ Նադարյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը` 54-ամյա Վարդան Նադարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց եւ գիտակցության չգալով` մահացել:
Տուժողներից մեկի` Վարդան Նադարյանի անունը սկզբում մի քիչ շփոթության մեջ գցեց մեզ, սակայն պարզելով վերջինիս բնակության հասցեն (Վարդանանց 5-ա շենք) եւ մականունը, միանգամից ամեն ինչ հասկանալի դարձավ: Այդ անձը նույն Վահան Նադարյանն է` «բոքսի հայաթի Նադալը», որի հետ կապված մութ պատմությանն անդրադարձել ենք «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումներում: Հիշեցնենք, որ նա գումարային խնդիրներ ուներ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի որդու` Շահեն Պետրոսյանի հետ: Այդ փաստը վկայաբերելով ու այդ մասին հաղորդում տալով Կենտրոն վարչական շրջանի դատախազությունում՝ նա հրաժարվում էր դուրս գալ վերոնշյալ հասցեում գտնվող իր նախկին բնակարանից, որը մոտ երկու տարի առաջ վաճառել էր Հրեղեն Խաչատրյանին:
Ոստիկանությունն առաջին անգամ բնակչի պահանջով փորձել էր Վահան Նադարյանի ընտանիքին վտարել տնից, որպեսզի բնակարանի նոր սեփականատերը կարողանա տնօրինել իր գույքը, սակայն դուռը բացելու պահին ոստիկանությունը կասեցրել էր այդ գործողությունը Կենտրոնի դատախազ Գ. Խաչիկյանի բանավոր ցուցումով: Երկրորդ վտարման փորձի ժամանակ, որին ներկա էին նաեւ «Ժողովուրդ»-ի լրագրողները, այդ գործընթացը եւ մեր աշխատանքը խոչընդոտելու համար շենքի մուտքի մոտ էին հավաքվել թաղի` Նադարյաններին ճանաչող մոտ 30 տղամարդիկ: Ոստիկանները նրանց նկատմամբ այնքան ուշադիր էին, որ նրանցից մեկի զանգով իսկույն ժամանեցին նշյալ հասցե` «բրաբուսավորներին» մեզնից պաշտպանելու. մինչդեռ մենք ընդամենը լուսանկարել էինք «թաղի տղերքով ակտիվացած տարածքը», որտեղ կանգնած էր նրանցից մեկի մեքենան: Իսկ վտարման գործողությունը ոստիկաններն այդպես էլ չիրականացրին: Այդ ամենից ուղղակի «կազմակերպված հանցավորության» տպավորություն էր ստեղծվում, ուստի այս ֆոնին բնական հարց է ծագում Նադարյանների մահը պատահականությո՞ւն էր, թե՞…
ՆԱԴԱՐՅԱՆՆԵՐԻ ՄԱՀԸ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ ԷՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ