ԵՐԻՏԱՍԱՐԴԻՑ ԳՈՒՄԱՐ ԵՆ ՊԱՀԱՆՋԵԼ, ՀԵՏՈ ԿՐԱԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում, Երեւանի 16-րդ թաղամասում կրակոցներ են հնչել: Նշված թաղամասի բնակիչ 29-ամյա Կարեն Ղանդիլյանից մի խումբ տղաներ նախ գումար են պահանջել, հետո փորձել նրա վզի ոսկյա շղթան գողանալ, իսկ  երբ Կարենը փորձել է փախչել, կրակել են նրա վրա: Կարենն այժմ հիվանդանոցում է եւ պետք է ենթարկվի վիրահատության:
Երեկ «Ժողովուրդ»-ը եղավ դեպքի վայրում` պարզելու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Նախ նշենք, որ բնակիչները կատարվածից շատ ահաբեկված էին ու ամեն կերպ խուսափում էին այդ  մասին խոսել: Նրանք անընդմեջ նշում էին, թե իրենք պատահաբար են տեղեկացել, որ ինչ-որ միջադեպ է տեղի ունեցել Կարեն Ղանդիլյանի հոր՝ Մամիկոն Ղանդիլյանի խանութի հարեւանությամբ, իսկ մի մասն էլ պնդում էր, որ դեպքը տեղի է ունեցել Կարենի բնակության վայրի հարեւանությամբ:
Մեր զրուցակիցներից տեղեկացանք, որ Կարենի հայրը նշված թաղամասում խանութ ունի եւ նրան ու ընտանիքի անդամներին թաղամասում շատ լավ են ճանաչում: Բնակիչների բնութագրմամբ` Կարենը շատ նորմալ երիտասարդ է, որը մշտապես օգնում է հորը՝ խանութի աշխատանքների հետ կապված: Երիտասարդն ամուսնացած է, ունի երկու երեխա եւ իր ընտանիքի հետ ապրում է զոքանչի տանը՝ նույն թաղամասի 30 շենքում, իսկ ծնողները բնակվում են քիչ հեռու` 26 շենքում:
Թաղամասի բնակիչները մեզ հետ զրույցում պատմեցին, որ երեկոյան ժամին, երբ Կարենի ընտանիքն իր մշտական աշխատանքին է եղել, իսկ նա էլ՝ շենքի հարակից տարածքում,  հանկարծակի վիճաբանություն է սկսվել բակում հավաքված մի խումբ տղաների մասնակցությամբ: Բնակիչների խոսքով՝ նրանք «թաղային հեղինակություններն» են եղել, իսկ թե կոնկրետ ովքեր են այդ «հեղինակությունները», մեր զրուցակիցները  չմանրամասնեցին: Տղաները նախ Կարենից գումար են պահանջել, այնուհետեւ փորձել նրա վզի ոսկյա շղթան խլել, սակայն երբ Կ. Ղանդիլյանը փորձել է փախչել, տեսնելով, որ չեն կարողանում  «կանգնեցնել», կրակել են նրան ոտքին:  
Քիչ անց թաղամաս է ժամանել ոստիկանությունն ու ականատեսների խոսքով`  բերման ենթարկել բոլոր նրանց, ովքեր դեպքի վայրում են եղել: Մեր այցելության ժամանակ Կարենի հոր խանութը փակ էր: Հարակից շենքի բնակիչները նշեցին, որ երեկվանից Կարենի ընտանիքի անդամները գտնվում են «Արմենիա» բժշկական կենտրոնում: Հիվանդանոցից տեղեկացանք, որ Կարենի առողջական վիճակը լավ է, եւ առաջիկայում նրան կվիրահատեն:
Ոստիկանությանը դեռեւս չի հաջողվել պարզել, թե ովքեր են եղել Կարենի վրա կրակողներն ու գումար պահանջողները: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի (ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով) եւ 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս