
Սիրիա այցելության ժամանակ ուշադրության կենտրոնում է եղել սիրիահայերի անվտանգության հարցը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով իր այցին` նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Մենք ուշադրությամբ հետևում ենք Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների զարգացմանը: Ճգնաժամը պետք է լուծել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմամբ, երկխոսությամբ և ահաբեկչության դեմ ընդհանուր դիրքորոշմամբ և պայքարով»,-նշեց նա:
Նալբանդյանի խոսքով, Հայաստանի կառավարությունը արել և շարունակում է անել հնարավորը՝ սիրիահայ եղբայրներին աջակցելու համար:
«Շատ կարևոր էր հանդիպել մեր սիրիահայ եղբայրներին: Հայաստանն իրենց թիկունքին է կանգնած: Հանդիպման ընթացքում համայնքներից մեկի ղեկավարն ասաց, թե այս հանդիպումը վիտամին էր: Սա այդ հանդիպման լավագույն բնորոշումն էր»,-հավելեց նա: