«ՏԵՐՈՎԻՆ ՏԵՐՆ Է ՏԱՐԵԼ, ԱՆՏԵՐԻՆ` «ԳԵԼԱՓ»-Ը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին «Գելափ»-ի ներկայացուցիչները հրապարակեցին իրենց իրականացրած հարցման արդյունքները, ըստ որոնց` եթե առաջիկա կիրակի օրը կայանային նախագահական ընտրություններ, Սերժ Սարգսյանին ձայն կտար հարցվածների 28%-ը, Գագիկ Ծառուկյանին` 19, Ռոբերտ Քոչարյանին` 11, Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին` 4-ական, Վարդան Օսկանյանին` 3, Վահան Հովհաննիսյանին եւ Արթուր Բաղդասարյանին` 1-ական: Ոչ մեկին ձայն չէր տա 11%-ը, դժվարացել էր պատասխանել 16%-ը: Նշենք, որ Հայաստանում այս կառույցի` նախկինում արված հարցումները հեռու են եղել իրականությունից:

ՀԱՐՑ. Հավատո՞ւմ եք հրապարակված արդյունքներին եւ, առհասարակ, որքանո՞վ եք իրական համարում այս թվերը:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ձեւափոխելով ժողովրդական խոսքը՝ կարող ենք ասել, որ այս հարցումներում տերովին տերն է տարել, անտերին` «Գելափ»-ը: Ակնհայտ է, որ ես, ինչպես եւ հայաստանցիների բացարձակ մեծամասնությունը, ապրում ենք մի երկրում, իսկ չարաճճի գելափիկներն ու նրանց վարձած անկուշտ գելերը՝ մեկ այլ: Այն` իրական Հայաստանում, ուր ես եմ ապրում, ժողովուրդը, կքած դժգույն կյանքի բեռան տակ, ատելությամբ լի, հիասթափված բոլորից, օրնիբուն անիծում ու հայհոյում է Սարգսյան-Քոչարյան թալանչի զույգին, վատաբանում է դասալիք Տեր-Պետրոսյանին ու, սովից դրդված, ակնապիշ նայում է «բարերար» Ծառուկյանի գրպանին: Այս հակահերոսներից որը քանի տոկոսանոց վարկանիշ ունի մեր հասարակությունում, ինձ չի հետաքրքրում, որովհետեւ դրանք փոքրիկ միանիշ թվեր են: Գելափիկների «գրդոնն» էլ ինձ չի հուզում. բոլորը գիտեն, որ դրանք մանր խաբեբաներ են ու իրական, հարգված գործակալության անունը խայտառակողներ:

ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆ
 ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Մինչ Հայաստանում hարցումներ իրականացնելը, «Գելափ»-ը շատ հեղինակավոր կառույց էր եւ մեզ համար նույնպես շատ հեղինակավոր կառույց էր համարվում, որովհետեւ մենք կարծում էինք, թե լուրջ հետազոտություններ էին իրականացնում: Այս ընթացքում, երբ նրանք Հայաստանում են փորձում նման հետազոտություններ իրականացնել, կարծում եմ՝ շատ բան կորցրին, քանի որ եթե նախագահական ընտրություններից 3 ամիս առաջ նման թվեր են ներկայացնում, դա պատվերի կատարում եմ համարում: Դե իհարկե, իշխանությունների կողմից ուրիշը լիներ այդ պատվեր կատարողը, ուրիշ կերպ կներկայացնեին: Խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, թե ինչքան մեծ դերակատարություն ունի փողը: Նույնը նաեւ նախագահականի ժամանակ է սպասվում: Պետք է նշեմ, որ օբյեկտիվ չեմ համարում այս թվերը:

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ
Դեմոկրատական կուսակցության նախագահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ավելի շատ հակված եմ մտածելու, որ մեր տեղական ռեյտինգային կառույցները պետք է կայանան ի հարգանս միջազգային բոլոր կառույցների, պետք է ապավինենք ավելի շատ տեղական գնահատականներին, քանի որ փորձը ցույց է տալիս՝ երբեմն չեն սխալվում իրենց գնահատականներում, բայց նաեւ բազմաթիվ են դեպքերը, երբ ճանաչողական մակարդակը բավական թույլ է, եւ այդ հարցումները համարում եմ ուղղակի անընդունելի:

ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
տնտեսագետ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս