«Աշխատում ենք Երևանում և Բելգրադում դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնադրման ուղղությամբ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը՝ Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսին.

Բարև Ձեզ,

Ուրախ եմ ողջունել ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ և արտգործնախարար, իմ լավ բարեկամ Իվիցա Դաչիչին Հայաստանում:

Մենք պարոն Դաչիչի հետ հաճախ ենք հանդիպում, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային ֆորումների շրջանակներում։ Եվ դա բնական է, քանի որ Հայաստանը և Սերբիան, հայերն ու սերբերը եղբայրական երկրներ ու ժողովուրդներ են։

Պատմության ընթացքում բազմաթիվ են դրվագները, երբ հայ և սերբ ժողովուրդները փոխադարձ համերաշխության դրսևորմամբ ծանր պահերին միմյանց ձեռք են մեկնել։ Մենք երկուստեք կարևորում ենք Հայաստանին և Սերբիային կապող դարավոր բարեկամությունը։

Իհարկե, առանձին հիշատակման և գնահատանքի է արժանի Սերբիայի Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի մասնակցությունը Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Մենք այս առիթը օգտագործեցինք՝ քննարկելու երկկողմ համագործակցության զարգացման և ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։ Գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ գործնական քայլեր են ձեռնարկվում պայմանավորվածությունների իրականացման համար. ակտիվացել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, աշխատում ենք Երևանում և Բելգրադում դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնադրման, մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման ուղղությամբ։

Հանդիպմանը քննարկեցինք առևտրատնտեսական, մշակութային, միջխորհրդարանական կապերի ակտիվացման հետ կապված հարցեր։

Հանդիպումից հետո մենք ստորագրեցինք երկու երկրների ԱԳՆ-ների միջև փոխգործակցության մասին հուշագիր, որով նախատեսվում է պարբերական քաղաքական խորհրդատվությունների անցկացում:

Սա երկկողմ ձևաչափով հանդիպման բովանդակության մասին։

Պարոն Դաչիչը Երևան է այցելում նաև որպես ԵԱՀԿ գործող նախագահ, ուստի մեր բանակցությունների ուշադրության կենտրոնում էին կազմակերպության օրակարգային խնդիրները։ Ես վերահաստատեցի Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ-ում սերբական առաջնայնությունների իրականացմանը:

Անդրադարձանք ուկրաինական ճգնաժամին, դրա հանգուցալուծմանն ուղղված ԵԱՀԿ քայլերին, շեշտեցինք Մինսկի պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը։

Մենք հանգամանալից քննարկեցինք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։ Իվիցա Դաչիչը վերահաստատեց սերբական նախագահության անվերապահ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահներին։

Թերևս այսքանով սահմանափակվեմ և խոսքը փոխանցեմ նախարար Դաչիչին։

Խնդրեմ, Իվիցա։

Հարց (Հայկական երկրորդ հեռուստաալիք). Պարոն նախարար, երեկ Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է տեղաշարժի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում: Արդյո՞ք սա լավատեսության հիմքեր տալիս է:

Էդվարդ Նալբանդյան. Պետք է պարզել, թե ում կողմից են սպասում տեղաշարժ: Միջազգային հանրությա՞ն կողմից, թե՞ հենց իրենց կողմից են պատրաստ տեղաշարժի գնալ: Որովհետև մինչ այսօր Ադրբեջանը բավական ապակառուցողական և անիրատես դիրքորոշում է դրսևորում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Վերջին անգամ դա ակնհայտ եղավ Ռիգայի գագաթաժողովին, ուր հավաքվել էին Եվրոպական միության 28 երկրների և նաև Արևելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարները:

Այդ բոլոր երկրները՝ բացի Ադրբեջանից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ մի ձևակերպման համաձայնեցին, որը ընդգրկվեց Ռիգայի հռչակագրում։ Այն վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Ընդհանրական ձևակերպում էր այն մասին, որ այդ բոլոր երկրները աջակցում են Մինսկի խմբի եռանախագահների ջանքերին և նաև աջակցում են այն հայտնի հինգ հայտարարություններին, որոնք արվել են Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների կողմից՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Ադրբեջանը հակադրվեց այդ դիրքորոշմանը՝ ցույց տալով, որ որևէ տեղաշարժ, որևէ փոփոխություն չի կատարվել իր դիրքորոշման մեջ:

Եթե այսուհետ իրենք մտադիր են փոխել և ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերել, այո, ինչու՞ ոչ։ Կապրենք և կտեսնենք:

Հարց (Հայաստանի հանրային հեռուստաընկերություն). Պարոն նախարար, վերջին օրերին շատ է խոսվում Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված: Ի վերջո ի՞նչ տեղի ունեցավ Բրազիլիայում: Ճանաչե՞ց արդյոք Սենատը, թե՞ ոչ:

Էդվարդ Նալբանդյան. Ինչ վերաբերում է Բրազիլիայի Սենատի որոշմանը, կարող եմ վերահաստատել, որ այդ որոշումը ընդունվել է։ Դրա մասին համապատասխան որոշումը հրապարակվել է երեկ Բրազիլիայի Սենատի կողմից և դրված է իրենց կայքում։ Կարող եմ վերահաստատել, որ Հայաստանը ողջունում է Բրազիլիայի Սենատի կողմից ընդունված որոշումը, որով Սենատի կողմից ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը:

Իհարկե, սա ևս մեկ կարևոր քայլ է՝ ի նպաստ միջազգային հանրության ջանքերի՝ ուղղված ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանը:

Հարց (News.am լրատվական գործակալություն). Պարոն Նալբանդյան, հարցը Ձեզ է ուղղված: Դուք օրերս այցելեցիք Սիրիա: Մի քիչ ավելի մանրամասն կպատմե՞ք այցի մասին:

Էդվարդ Նալբանդյան. Սիրիայում ճգնաժամի առաջին օրվանից մեր ուշադրության կենտրոնում են սիրիահայության անվտանգության ապահովման հարցերը: Մենք ուշադիր հետևում ենք Սիրիայում զարգացումներին և փորձում ենք լուծումներ գտնել մեր սիրիահայ եղբայրների անվտանգության ապահովման տեսանկյունից:

Իմ այցելությունը նպատակ ուներ տեղում ծանոթանալու Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին: Մենք կարծում ենք, որ ճգնաժամը հնարավոր կլինի լուծել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմամբ, Սիրիայի բոլոր քաղաքական ուժերի միջև երկխոսությամբ, Սիրիայի փոքրամասնությունների, ներառյալ՝ քրիստոնյաների, ներառյալ՝ սիրիահայության իրավունքների պաշտպանությամբ, իհարկե, շատ կարևոր է, ահաբեկչության դեմ ընդհանուր դիրքորոշմամբ և պայքարով: Գիտեք, որ Հայաստանում հազարավոր սիրիահայեր են գտնվում, և Հայաստանի ղեկավարությունը, կառավարությունը արել և շարունակում են անել հնարավորը` աջակցելու մեր սիրիահայ եղբայրներին:

Շատ կարևոր էր այցելության ընթացքում հանդիպել Սիրիայի հայ համայնքային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, իրենց հայտնել մեր համերաշխությունը, մեր աջակցությունը, նորից և նորից ասել, որ Հայաստանն իրենց թիկունքում է կանգնած։ Համայնքային կառույցների հետ հանդիպման ժամանակ կառույցներից մեկի ղեկավարն ասաց, որ այս հանդիպումն իրենց համար վիտամին է: Կարծում եմ` դա լավագույն ձևով է բնորոշում այն կարևորությունը, որ ուներ այս այցելությունը:




Լրահոս