Ներկայացվեց Իսրայելի առողջապահական համակարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելից Հայաստան ժամանած  MVI բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն  Նատալյա Հեդվաթը ՀՀ առողջապահության նախարարությունում  ներկայացրեց  իրենց երկրի առողջապահական համակարգի կազմակերպման  փորձը: Մասնավորապես նա անդրադարձավ համակարգի ֆինանսավորման սկզբունքներին:

«Մեր երկրում, ինչպես ամեն ինչ,  այնպես էլ առողջապահության համակարգը կազմակերպվում է առաջին հերթին  պլանավորման ճանապահով»,- նշեց բանախոսը:

Իսրայելի 8 միլիոն բնակչության բժշկական սպասարկումն իրականացվում է պետական 25 հիվանդանոցում: Կյանքի միջին տևողությունը կանանց մոտ անցնում է  81-ը, իսկ տղամարդկանց մոտ 80-ը:  Յուրաքանչյուր ընտանիք միջինն ունենում է նվազագույնը երեք երեխա:

«Առողջապահությունը հեռանկարային ոլորտ է, որտեղ  պետությունը մեծ ներդրումներ է կատարում»,- ընդգծեց առողջապահության հմուտ կազմակերպիչը։ Նա հայտնեց, որ Իսրայելում 1995 թվականից ներդրվել է առողջության պարտադիր ապահովագրման մասին օրենքը, որը թույլ է տալիս բնակչությանը օգտվել բժշկական լայն ծառայությունների փաթեթից:

1969 թվականին Իսրայելում կատարվել է առաջին փոխպատվաստումը: Արդեն ավելի քան չորս տասնամյակ է շատ երկրների համար դեռևս անհասանելի բժշկական օգնության այս  տեսակն այստեղ մեծ զարգացում է ապրել:  Ստեղծվել է տեղի առողջապահության նախարարությանն առընթեր Փոխպատվաստման ազգային ինստիտուտ:  Առողջապահության կազմակերպիչը նշեց, որ արդյունավետ կառավարման տեսանկյունից կարևոր է, որպեսզի բժշկական կենտրոնները ժամանակին համընթաց քայլեն` մշտապես հետևելով գիտական նորարարություններին, աշխարհի առաջադեմ փորձին:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց Նատալյա Հեդվաթին այցի և ուսանելի ներկայացման համար:

«Մենք  կարող ենք համատեղ ծրագրեր իրականացնել, քննարկել արդյունավետ համագործակցելու հնարավորությունները»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև բժշկական ծառայությունների որակի վերահսկման,  բժշկական կազմակերպությունների և մասնագետների լիցենզավորման գործընթացին: Ներկայացվեց նաև Իսրայելի «Շնայդեր» մանկական բժշկական կենտրոնի գործունեության և գրանցած հաջողությունների մասին տեսաֆիլմ: Հայ մասնագետներն առողջապահության տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր ուղղեցին հյուրին:




Լրահոս