ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Գյումրու քաղաքապետարանին դատի են տվել շինարարական երկու կազմակերպություններ՝ «Մերձմոսկովյան» եւ «Դանիկո» ՍՊԸ-ները: Այս երկու կազմակերպությունները Գյումրիում շինարարական եւ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացրել ու քաղաքապետարանի հետ ունեն կնքված պայմանագրեր: Շինկազմակերպությունները դատական հայց են ներկայացրել՝ պահանջելով վճարել կատարած շինաշխատանքների դիմաց կուտակված պարտքերը: Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանից հետաքրքրվեցինք, թե գործընթացն ինչ փուլում է: «Դատական որեւէ նիստ չի կայացել, երկու ընկերությունների հետ կնքվել են հաշտության համաձայնագրեր, որը պետք է հաստատվի դատարանի կողմից»,-տեղեկացրեց Եգանյանը` չկարողանալով կամ չցանկանալով նշել, թե այդ երկու ընկերություններին քաղաքապետարանը որքան գումար է պարտք:
Մեր ունեցած տեղեկություններով՝ այս երկու ընկերությունների կողմից պարտքի չափը զեղչվել է 40-50 տոկոսով: Միայն «Դանիկո» ընկերությանը քաղաքապետարանը պարտք է եղել մոտ 140 մլն դրամ: Թե դատական գործընթացն ինչով է ավարտվել, փորձեցինք իմանալ կազմակերպություններից մեկի՝ «Մերձմոսկովյան» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Ադամյանից, որը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց. «Դա ֆիրմայի գաղտնիքն է: Հաշտություն կարող է՝ կնքվել է, կարող է՝ չի կնքվել, դա մեր գործն է»:
Գյումրիում շինարարական եւ ասֆալտապատման աշխատանքներ իրականացրած մեկ այլ կազմակերպություն՝ «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ն, որին քաղաքապետարանը պարտք է 427 մլն դրամ, դեռ հոկտեմբերի կեսերին նամակ էր ուղարկել քաղաքապետարան եւ զգուշացրել, որ պարտքը չվճարելու դեպքում դատի է տալու: Զ. Եգանյանից փորձեցինք ճշտել` այս կազմակերպությունը դատարան դիմել է, թե ոչ: Խոսնակի ներկայացմամբ` բացի «Դանիկո» եւ «Մերձմոսկովյան» ընկերություններից, այս պահին այլ շինկազմակերպություն պարտքի պահանջով դատական հայց չի ներկայացրել:
Հոկտեմբերի 25-ին՝ ավագանու արտահերթ նիստի ժամանակ, «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ին քաղաքապետարանի ունեցած պարտքի մասին խոսել էր նաեւ նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որին հատկապես զարմացրել էր պարտքի չափը. «Տարվա ընթացքում փոխանցվել է 335 մլն՝ գումարած 427: Մոտավորապես 750 մլն դրամի այս ընկերությունն ասֆալտապատման աշխատանք է կատարել: Այդ աշխատանքները հիմնականում եղել են փոսային նորոգումներով եւ հուլիս ամսից հետո»: Ս. Բալասանյանը նկատել էր, որ հուլիս ամսից փոսալցման աշխատանքներ ինքը տեսել է քաղաքի միայն Սովխոզ կոչվող թաղամասում: «Ուրիշ տեղ չեմ տեսել փոսի նորոգում: Բացի այդ, չունեն լիցենզիա, չկան պայմանագրեր, բացի դրանից, պայմանագրով  ընդամենը 400 մլն էր սահմանված եղել, չէր կարող պարտքը լինել 700 մլն»,-ավելացրել էր քաղաքապետը: Նշենք, որ քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն՝ «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ն պատկանում է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս