«ՁԿԱՆ ՓՇԻՑ Է ՄԱՏԻՍ ՎԵՐՔ ԱՌԱՋԱՑԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե սիբիրախտը հասել է նաեւ  Արագածոտնի մարզի Ուշի համայնք, սակայն համայնքապետ Հոմբերտ Աթոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունները: Մենք զրուցեցինք նաեւ Ուշի համայնքի այն բնակչի հետ, որը սիբիրախտ հիվանդության կասկածանքով այժմ գտնվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Նա մեզ վստահեցրեց, որ իրեն լավ է զգում, եւ իր մոտ սիբիրախտ չէ:
«Ես անձամբ գնացել եմ հիվանդանոց ու պարզել, որ նման դիագնոզ գրված չէ: Այսօր նրան դուրս կգրեն: Նույնիսկ կենդանու անկում չկա մեր եւ հարեւան համայնքներում»,-տեղեկացրեց Ուշիի համայնքապետը` հավելելով, որ բոլոր տեսակի պատվաստումները կատարվել են ժամանակին: Այնուամենայնիվ, նա նշեց, որ համայնքի մուտքի մոտ տեղադրված է կարանտինային կետ, եւ առայժմ չի թույլատրվում այնտեղից միս դուրս բերել:
ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը մեզ հետ զրույցում, խոսելով սիբիրախտ հիվանդության կասկածանքով հայտնաբերված երկու հիվանդների առողջական վիճակի մասին, ասաց, որ նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ եւ ընդունում են համապատասխան բուժումներ: Նա նշեց, որ Ուշի համայնքի բնակչի մոտ դեռ չի հաստատվել սիբիրախտի առկայությունը. «Երբ պատասխանը կլինի, այդ մասին հրապարակավ կհայտարարվի: Ես այս պահին գնում եմ Արագածոտնի մարզ՝ այդ հիվանդի տուն` տեսնելու՝ իրոք սիբիրախտ է, թե ոչ: Գնում եմ տվյալ գյուղ, որ ավելի լիարժեք համաճարակաբանական հետազոտություն իրականացվի: Համայնքը հսկվում է համապատասխան մարդկանց կողմից: Անկեղծ ասած` նույնիսկ հիվանդի ու մսեղիքի հետ կապ էլ չկա, մենք փորձում ենք դա բացահայտել ու հասկանալ, թե ինչից է եղել»:
Լ. Թորոսյանի խոսքով՝ դասական մեթոդաբանությամբ դեռեւս որեւէ հաստատում չկա: Հետազոտությունն ընթացքի մեջ է, այն բավական երկարաժամկետ է, որովհետեւ իրականացվում է մկների վրա. «Դա ավելի լիարժեք մեթոդիկա է համարվում` մանրէաբանական, դասական, ախտորոշիչ, եւ մինչ օրս ամբողջ գործընթացը մենք հաստատել ենք հենց այս մեթոդաբանությամբ»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Արագածոտնի մարզի Ուշի համայնքի այն բնակչի (իգական սեռի) հետ, որը հիմա սիբիրախտի կասկածանքով գտնվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Հասկանալի պատճառներով նա չցանկացավ հրապարակել իր անունը: «Ես ինձ շատ լավ եմ զգում ու երբեք էլ վատ չեմ զգացել: Չեմ էլ հասկանում, թե ինչ է կատարվում, ես հիվանդ չեմ: Վերքը ցուցամատիս վրա է եղել, արդեն լավացել է: Սկզբում փուչիկի նման էր, ու ես էլ ասեղով ծակեցի այն: Ձուկ էի մաքրել, երեւի փշերը ծակել էին, ու դրանից ինֆեկցիա էր անցել: Դրանից հետո բորբոքվեց, ես էլ կաղամբ ու մեղր կապեցի, ու գիշերն էլ զգացի, որ ցավը մղկտացնում է»,-պատմեց հիվանդը:
Տեսնելով, որ ցավը չի դադարում, նա դիմել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղից նրան անմիջապես ուղարկել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: «Երբ տեսան ցուցամատիս վերքը, ասացին, որ նման վերքեր ունեցող հիվանդներին ուղարկում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Եկա այստեղ ու հետազոտվեցի, բայց քիչ առաջ զրուցեցինք բժշկի հետ, նա էլ ասաց, որ ամեն ինչ կարգին է, եւ հնարավոր է` վաղը դուրս գրվեմ հիվանդանոցից: Խմելու դեղ կա, այն տանն էլ կարող եմ խմել: Մենք ունենք անասուն, բայց մսի հետ ես չեմ շփվել: Ո՛չ հիվանդ անասուն ունենք, ո՛չ ջերմություն ունեմ, ո՛չ դող, ո՛չ էլ քրտինք: Իսկ մատիս վերքն էլ ժամ առ ժամ լավանում է»,-վստահեցրեց հիվանդը:
Նշենք, որ Տավուշի մարզում նույնպես շարունակվում են սիբիրախտի հետ կապված ստուգումները եւ ուսումնասիրությունները, իսկ կարանտինային կետը շարունակում է մնալ Իջեւան քաղաքի մուտքի մոտ: Իրավիճակի մասին տեղեկանալու համար զրուցեցինք Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի հետ: «Սիբիրախտով մի գոմեշ էլ էր սատկել, մենք էլ այրել ենք ու ախտահանել տարածքը: Համապատասխան միջոցառումները շարունակվում են»,-տեղեկացրեց քաղաքապետը:
ՀՀ Գեղարքունիքի մարզում եւս շարունակվում են կարանտինային ստուգումները: Հիշեցնենք, որ այնտեղ անասունի անկման 6 դեպք էր գրանցվել: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց. «Ներկայում ո՛չ կենդանու անկում կա, ո՛չ էլ հիվանդությամբ կասկածվող մարդ: Այսպես որ ընթանա, առաջիկայում կարանտինը կհանենք` վերջին անկումից համապատասխան ժամանակ հետո: Թու, թու, թու… Ամեն ինչ գնում է դեպի լավացում»:
Իսկ ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքում դեռ շարունակվում է բակային կարանտինը: Այնտեղ սիբիրախտով հիվանդ մեկ անասուն էր հայտնաբերվել: Հավելենք, որ սիբիրախտի կապակցությամբ հարուցվել էր քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի հատկանիշներով` սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը: ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ փորձաքննություն է նշանակված, եւ կատարվում է նախաքննություն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս