Երեւան-Սեւան մայրուղում՝ Չարենցավանի տարածքում գտնվող «Ճանապարհաշինարար» հուշարձանը, որը ստեղծվել է 1975թ. ճարտարապետ Դավիթ Բեջանյանի նախագծով, անուշադրության է մատնված: Երկաթից եւ պողպատից կառուցված հուշակոթողը բազմիցս թալանվել է: Այսօր էլ մոնումենտալ այդ հուշարձանն ամբողջական չէ. հետեւի մասը գրեթե չկա, իսկ հիմքի պատերը քանդված են:
Թե ովքեր են պարտավոր պահպանել հուշարձանը, ինչ գործնական քայլեր են ձեռնարկվում այն վերականգնելու համար, «Ժողովուրդ»-ը փորձեց իմանալ ՀՀ մշակույթի նախարարությունից:
«Դա մեր նախարարության հաշվեկշռում չէ: Իրականում դա պատկանում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը: Իսկ որպես պետական գույք՝ դրա պահպանությունը պարտավոր է իրականացնել ՀՀ ԿԱ անշարժ գույքի գործակալությունը: Հիմա ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տիրություն չի անում, համայնքային իշխանություններն էլ իրենց վրայից գցել են»,-մեզ հետ հեռախոսազրույցում դժգոհություն հայտնեց ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանը:
«Այն տեսակետը, որ մենք մեր վրայից գցում ենք, առնվազն սխալ է: Մի հրացանավո՞ր վարձեմ, որ պահպանի դա: Մենք մշակույթի նախարարությանն առաջարկել ենք վերանորոգել հուշարձանը եւ գրանցել մեր հաշվեկշռում: Մինչ այս պահն արձագանք չկա»,-ասաց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը՝ իր հերթին բողոքելով նախարարության անտարբերությունից:
«ՀՐԱՑԱՆԱՎՈ՞Ր ՎԱՐՁԵՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ