Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպան Էյձի Տագուչին:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպան Տագուչիին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ մեծ պատիվ ու պատասխանատվություն է՝ լինել առաջին ռեզիդենտ դեսպանը և ներդրում ունենալ երկու պետությունների ու ժողովուրդների բարեկամության շարունակական ամրապնդման գործում: Այդ առաքելության իրականացման ճանապարհին Նախագահը հաջողություններ է մաղթել Ճապոնիայի նորանշանակ դեսպանին: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ վերջին տարիներին Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկա է արձանագրվել և հույս է հայտնել, որ Հայաստանում Ճապոնիայի նորաբաց դեսպանության աշխատանքը կնպաստի այդ դինամիկան պահպանելու, բոլոր բնագավառներում հայ-ճապոնական բարեկամական կապերը խորացնելու և երկկողմ բարձր մակարդակի պայմանավորվածությունները կյանքի կոչելու գործին:

Նախագահը ջերմությամբ է հիշել 2012թ. Ճապոնիա կատարած իր այցը և արդյունավետ հանդիպումները, որոնք Սերժ Սարգսյանի խոսքով, նոր խթան հանդիսացան համագործակցության երկկողմ օրակարգն ընդլայնելու և առաջ մղելու գործում:

Դեսպան Տագուչին շնորհակալություն է հայտնել Նախագահին՝ շնորհավորանքի ու բարեմաղթանքների համար և վստահեցրել, որ կներդնի բոլոր ջանքերը՝ պահպանելու նախկին դեսպան Տիկահիտո Հարադայի պաշտոնավարման ժամանակաշրջանում երկկողմ միջպետական հարաբերություններում ձեռքբերված առաջընթացն ու խորացնելու փոխըմբռնմանն ուղղված շփումները և համագործակցությունը տնտեսության, մշակույթի ու մի շարք այլ բնագավառներում:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է խորհրդարանների միջև համագործակցության զարգացումն ու միջխորհրդարանական բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը, արտաքին գերատեսչությունների միջև սերտ շփումները, ինչպես նաև երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումն ու կատարելագործումը:




Լրահոս