Բակո Սահակյանը Երևանում է. ԵԱՀԿ նախագահի հետ քննարկում է ԼՂՀ հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, այս պահին Երևանում է գտնվում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Ըստ մեր տեղեկությունների, Սահակյանը հանդիպումներ է ունենում ԵԱՀԿ գործող նախագահի հետ:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ հանդիպման գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն է, քանի որ ըստ համանախագահների` այն լճացման փուլում է գտնվում, ինչի համար էլ Երևան է հրավիրվել Բակո Սահակյանը:

Մեր ունեցած տեղեկությունը հաստատեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը , ով Armlur.am-ին հայտնեց, որ հանդիպումն արդեն ընթանում է: Նրա խոսքով, սակայն, այս հանդիպման մեջ որևէ արտառոց բան չկա, քանի որ նախագահների այցերի ժամանակ նման հանդիպումներ միշտ էլ լինում են:

Գաղտնիք  չէ, որ նմանատիպ հանդիպումները միշտ էլ մեկնաբանվում են որպես «սովորական» հանդիպում, սակայն հենց այսպիսի դեպքերում է, որ կայացվում են երկրի համար կարևորագույն որոշումներ:

լրացված. 15.48

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին Երեւան քաղաքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչի հետ:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ ընդգծել բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը՝ այն համարելով գործընթացի առանցքային բաղադրամասերից մեկը:

Երկրի ղեկավարը նաեւ մատնանշել է Ադրբեջանի կողմից վարվող խիստ ապակառուցողական քաղաքականությունը՝ Բաքվի պահվածքը որակելով որպես տարածաշրջանում կայունության սպառնալիք, միջազգային նորմերի ու սկզբունքների կոպիտ ոտնահարում:

Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս