Շաքարային դիաբետով հիվանդներն արդեն մի քանի ամիս է՝ խնդրի առաջ են կանգնած: Պարզվում է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը դեռ չի լուծել ֆրանսիական դիաբետոնի խնդիրը: Տարեսկզբին պոլիկլինիկաներում հիվանդներին ասվել էր, որ նրանք ֆրանսիական դիաբետոնը կստանան ապրիլի 1-ից: Հետագայում ժամկետը հետաձգվեց մինչեւ հուլիսի 1-ը: Եւ, ահա, երեկ ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Մրցույթ ենք հայտարարել, եւ դրան մասնակցել է հնդկական կազմակերպություն, որն էլ շահել է առաջին եռամսյակի որոշ խմբաքանակի համար հայտարարված մրցույթում: Դա սպառելուց հետո՝ օգոստոս-սեպտեմբերին արդեն, բոլոր քաղաքացիները կստանան իրենց ֆրանսիական դիաբետոնը»: Վարչության պետը արդարացավ, թե իրենց կողմից չի ասվել, որ հուլիսին է բաժանվելու ֆրանսիական դեղամիջոցը, այլ նշվել է՝ երկրորդ կիսամյակ: «Ես ինքս հայտարարել եմ, որ դրանք կբաժանվեն երկրորդ կիսամյակին: Մի պուճուր թող համբերություն ունենան մեր քաղաքացիները»,- ինքնագոհ հայտարարեց ԱՆ պաշտոնյան: Այն, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը եւ նրա ենթակաները տարվա երկրորդ կես ասելով՝ սեպտեմբեր են հասկանում, դա իրենց ընկալունակության հարցն է: Բայց այս դեպքում նրանց՝ նման դանդաղ ընկալունակության պատճառով տասնյակ հազարավոր հիվանդներ են տուժում: Ի՞նչ է նշանակում՝ մի փոքր համբերեք, կստանաք: Այսինքն՝ մարդիկ պետք է համբերեն, շաքարային դիաբետով հիվանդի համար կենսական նշանակություն ունեցող դեղը չխմեն, դառնան ինսուլինակախյալ, մինչեւ ՀՀ առողջապահության նախարարությունը կբարեհաճի իր պարտականությունները կատարել: Սա ի՞նչ անպատասխանատվություն է:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանությունները որոշել են, թե ինչպես պետք է կազմակերպվեն խորհրդարանական հարյուր տոկոս համամասնական կարգով անցկացվելիք ընտրությունները, որպեսզի օլիգարխ-ֆեոդալների ինստիտուտը շարունակի իր որոշիչ դերակատարությունն ունենալ: Իշխանությունները նախատեսում են համամասնական ընտրություններն այնպես կազմակերպել, որ երբ ընտրողը իր ձայնը տա տվյալ ընտրատարածքում քաղաքական ուժի կողմից առաջադրված թեկնածուին (որի անունը կլինի ընտրացուցակում), այդ քվեն մեխանիկորեն ստանա կուսակցությունը: Այլ կերպ ասած՝ չի լինի մեծամասնական ընտրակարգ, կլինի համամասնական` «մեծամասնականի շարժիչով»: Սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովի անդամ, ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու շուրջ քննարկումներում նման տարբերակ քննարկվում է: Բայց այն Սահմանադրությամբ չի կարգավորվելու, այլ ընտրական օրենսգրքով:
Հայտնի իրողություն է, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների միջեւ գոյություն ունի հստակ հերարխիա: Ամենավերեւում կանգնածը տվյալ ՔԿՀ-ի «նայողն» է: Այս համակարգը, որպես կանոն, ՔԿՀ վարչակազմի կողմից հատուկ խրախուսվում է, եւ «նայողները», որպես կանոն, օժտվում են հատուկ արտոնություններով: Այս հերարխիայի միջոցով է ՔԿՀ-ում տեղի ունենում, այսպես կոչված, «սեւ փողերի» շրջանառությունը: Այսինքն՝ եթե կա «նայողի» ինստիտուտը, ապա ՔԿՀ-ում չի կարող չլինել նաեւ կոռուպցիա: «Ժողովուրդ»-ը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանից փորձեց պարզել, թե իրենք ինչ են անում՝ ՔԿՀ-ներում ներքին հերարխիան եւ «սեւ փողերի» շրջանառությունը բացառելու համար: «Մենք որեւէ ինստիտուտ զսպելու խնդիր չունենք, քանի որ մեզ համար բոլոր դատապարտյալներն օրենքի առաջ հավասար են»,- պատասխանել է Օսիկյանը: Իսկ «սեւ փողերի» երեւույթն էլ, ըստ նրա, վաղուց իսպառ վերացվել է: Իհարկե, լավ կլիներ, եթե այդպես լիներ, բայց արդյո՞ք իրականությունն այդպիսին է:
Այն, որ Հայաստանում ամեն ինչ նախագահական նստավայրում է որոշվում, վաղուց հայտնի իրողություն է: Բայց որ այդ հարցերն արդեն իջել են «ԺԷԿ»-ի պետի մակարդակի, ինչ-որ առումով նորություն է: Օրինակ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում հունիսի 7-ին պետք է տեղի ունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Թեկնածուներից մեկը` Արծրուն Ղարիբյանը, որը ՀՀԿ-ական է եւ գործող գյուղապետն է, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հպարտությամբ հայտարարեց, որ ինքը համագյուղացիներին համոզելու կարիք չունի: «Ես Սերժ Սարգսյանի կողմից եմ առաջադրվել: Ես ինձ թույլ չեմ տա մտնել մարդկանց տներն ու ձայն մուրալ: Իրենք (մրցակիցները) առաջին անգամ են քաղաքականության մեջ, մտնում են մարդկանց տները ու խաբելով խոստումներ են տալիս»,- ասել է Արծրուն Ղարիբյանը: Եւ, իսկապես, ինչ կապ ունի, թե գյուղացիներն ինչ են մտածում, ում կընտրեն, կարեւորը ինքը Սերժ Սարգսյանի «մարդն» է: Իսկ հետաքրքիր է՝ համատիրությունների պետերին, հոսանքի տեսուչներին եւ «ջրի մարդուն» է՞լ է Սերժ Սարգսյանը որոշում:
ԸՆԹԱՑՔԸ ՉԹՈՒԼԱՑՆԵԼ
Երեկ հայտնի դարձավ, որ Բրազիլիայի Դաշնային Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ, որում, մասնավորապես, ասված է. «Դաշնային Սենատը ճանաչում է հայ ժողովրդի Ցեղասպանությունը, որի 100-րդ տարելիցը նշվեց 2015թ. ապրիլի 24-ին: Հարգանքի տուրք է մատուցում Ցեղասպանության զոհերին եւ գնահատում Բրազիլիայում բնակվող հայ փախստականների, հազարավոր բրազիլահայ ժառանգների ներդրումը երկրի տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում եւ ընդգծում է, որ ոչ մի ցեղասպանություն չպետք է մոռացվի, որպեսզի չկրկնվի»:
Թեեւ այս բանաձեւում, ըստ ՀՀ ԱԳն տարածած հաղորդագրության, չկան Հայոց ցեղասպանությունը դատապարտող եւ Թուրքիային ճանաչման կոչեր անող ձեւակերպումներ, այդուամենայնիվ, ինքնին բանաձեւի ընդունման փաստը շատ կարեւոր է նաեւ այն առումով, որ դա տեղի է ունենում ապրիլի 24-ից հետո: Այսինքն` սա ցույց է տալիս, որ Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքները ապրիլի 24-ից հետո չեն ավարտվում, եւ գործընթացը շարունակվում է: Լյուքսեմբուրգից հետո Բրազիլիայի նման ազդեցիկ պետության խորհրդարանի ընդունած բանաձեւը, բնականաբար, չի կարող չնյարդայնացնել Թուրքիային, որն է՛լ ավելի մեծ ջանքեր կգործադրի, որպեսզի վիժեցնի Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունումը:
Նկատենք, սակայն, որ մեր հանրության եւ քաղաքական ուժերի համար ապրիլի 24-ից հետո այս հարցը կարծես թե դադարել է նույնքան կարեւորություն ունենալ, եւ այսօր անգամ փորձագիտական շրջանակներում հենց նույն Գերմանիայի Բունդեսթագում ընթացող զարգացումների վերաբերյալ հետաքրքրությունը շատ ցածր է: Պատահական չէ, որ Բրազիլիայի սենատի` դեռեւս մայիսի 27-ին ընդունած բանաձեւի վերաբերյալ հաղորդագրությունը տարածում է միայն երկու օր անց` մայիսի 29-ին: Ասել է թե` ուղիղ ռեժիմով ընթացող զարգացումներին չի հետեւում անգամ ՀՀ արտգործնախարարությունը, եւ այս ճանաչումները բացառապես տեղի հայ համայնքների եւ հենց այդ երկրների քաղաքական ուժերի տարած աշխատանքի արդյունք են:
Իհարկե, Ցեղասպանության ճանաչման գործընթացը, ի վերջո, սկսվել է անկախ Հայաստանի Հանրապետության գործադրած ջանքերից, եւ չի բացառվում, որ շարունակվի անգամ այդ ջանքերի բացակայության դեպքում: Ի վերջո, ճշմարտությունն ամենամեծ ուժն է: Սակայն դա ամենեւին չի նշանակում, որ մենք պետք է թուլացնենք մեր համազգային նպատակաուղղված աշխատանքը այդ ճշմարտության բացահայտմանն ուղղված գործընթացում: