ՀԽ-Ն 100-ԱՄՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ժամը 18:30-ին, «Հիմնադիր խորհրդարան»-ը հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում: «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀԽ նախագահ Գարեգին Չուքազսյանի հետ՝ պարզելու համար, թե որն է հանրահավաքի նպատակը:

-Պարո՛ն Չուքազսյան, որն է այսօրվա հանրահավաքի օրակարգը:
-Մենք խոսելու ենք մեր նոր մարտավարության մասին: Հանրահավաքի ժամանակ բոլորն էլ կտեղեկանան, մեր հետագա գործունեության մասին:
-Իսկ Ձեր մարտավարությունում ինչ-որ բա՞ն է փոխվել:
-Այո՛, բայց մենք չենք խոսում ռազմավարական փոփոխությունների մասին, մենք խոսելու ենք մեր մարտավարության մասին, իսկ մեր ռազմավարությունը նույնն է մնում:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք հանրությունից, արդյո՞ք ժողովրդին այսօր հետաքրքրում է Ձեր մարտավարությունը, ժողովուրդը սպասո՞ւմ է Ձեր խոսքին:
-Ես այսպես կասեմ, որ հստակորեն այս ամիսների ընթացքում զանգվածային ահաբեկում է կատարվել մեր աջակիցների շրջանում, հազարավոր մարդիկ ճնշումների միջոցով թե՛ ոստիկանություն, թե՛ քննչական մարմիններ են կանչվել, ահաբեկվել են եւ այլն: Բայց մեր միջուկը մնացել է անկոտրում, եւ մեր խնդիրն այսօր իրազեկելն է ե՛ւ մեր աջակիցներին, ե՛ւ այն մարդկանց, ում հետաքրքիր է, թե ինչ փոփոխություններ են եղել: Դրա համար էլ հանրահավաք ենք հրավիրում:
-Նշեցիք, որ Ձեր աջակիցներին այս օրերին ահաբեկել են, խնդրում եմ կոնկրետ ասեք, թե ինչպես, ում եւ ինչ պահանջներով են ահաբեկել իշխանությունները:
-Հեռանալ շարժումից, չմասնակցել շարժմանը, քաղաքականությամբ չզբաղվել եւ այլն, սրանք են: Իշխանությունը մեզ ձերբակալելով եւ հետագայում ազատ արձակելով ցույց տվեց այն ճանապարհը, որից ինքը վախենում է: Այսինքն՝ քաղաքացիական անհնազանդությունն այն ճանապարհն է, որից իշխանությունները, այսօրվա վարչակազմը վախենում է: Իրենք ցույց են տվել, թե իրենք ինչից են վախենում:
-Իսկ ի՞նչ է անում «Հիմնադիր խորհրդարան»-ը, որից իշխանությունները պետք է վախենան: Ի վերջո, Ձեր շարժումը դեռեւս կազմավորման փուլում է, աջակիցների թիվն էլ առանձնապես մեծ չէ: Ինչո՞ւ պիտի իշխանությունները անհանգստանան Ձեր քայլերից:
-Իրենք են մեզ ձերբակալել, դրանից էլ կարելի է հետեւություն անել, թե ով ումից է վախենում:
-Մտավախություն չունե՞ք, որ իշխանությունները կարող են կրկին ձերբակալել ՀԽ անդամներին այն բանից հետո, երբ ներկայացնեք Ձեր հետագա անելիքները:
-Մեղադրանքները մեր վրայից հանված չեն, մենք դեռեւս մեղադրյալ ենք, մենք բոլորս մեղադրյալի աթոռին ենք նստած հիմա, այնպես որ, այդ պրոցեսը դեռեւս չի ավարտվել: Ամեն պահի ամեն ինչ էլ հնարավոր է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է այդ ամենից ելնելով՝ պայքարից հեռու կանգնենք: Մեր հանրահավաքը լինելու է իրազեկման հանրահավաք, որից հետո մեր գործունեությունը կշարունակվի, մինչեւ որ, բնականաբար, մենք, ամբողջ ժողովուրդը կանգնած է մեկ խնդրի առաջ, որ գահավիժող ֆինանսատնտեսական վիճակի մեջ ենք հայտնվել, ու այդ ամենին ժողովուրդը տարբեր ձեւերով արդեն արձագանքում է: Առայժմ դա քաղաքացիական ընդվզումների ձեւով է արտահայտվում, սակայն, ի վերջո, ժողովուրդը հասունանալու է քաղաքական փոփոխությունների համար:
-ՀԽ առաջնորդներից Ժիրայր Սէֆիլյանը հայտարարում էր, որ ապրիլի 25-ից արդեն ժողովուրդն ազատվելու է այս իշխանություններից: Նման բան տեղի չունեցավ, ինչին, թերեւս, խանգարեց նաեւ Ձեր կալանավորումը: Սակայն, այնուամենայնիվ, չեք վերանայել կոնկրետ ժամկետներ՝ մատնանշելու Ձեր մոտեցումը, արդյո՞ք հիմա եւս նախանշում եք հստակ ժամկետ, որի ընթացքում իրականացնելու եք իշխանափոխություն:
-Ժիրայր Սէֆիլյանը հայտարարում էր, որ ապրիլի 24-ից սկսվելու է քաղաքացիական անհնազանդության, ժողովրդի մոբիլիզացման գործընթացը, չէր ասում, որ այդ օրը վերջանալու է մեր պայքարը: Մենք ազատազրկումից հետո դուրս ենք եկել, ու դրանից հետո ժողովրդի մեջ շատ ավելի մեծ համակրանք կա մեր նկատմամբ, շատ ավելի լայն ճակատ ստեղծելու հնարավորություններ կան, քան առաջ էր: Կոնկրետ ժամանակահատված չկա՝ իշխանություններից ազատվելու համար, մենք կարծում ենք, որ դա կլինի այս տարվա ընթացքում, այսինքն՝ 100-ամյակի տարվա ընթացքում կլինի: Ժողովուրդն իր կաշվի վրա է զգում այն դժվարությունները, որոնք լինելու են, այնպես չէ, որ մեզնով սկսվում ու վերջանում է հայ ժողովուրդը, ժողովուրդն ինքը խնդիրներ ունի, որոնք պետք է՝ այսպես թե այնպես լուծի: Հիմա մենք մեր առաջարկներն ու մեր պայքարի ձեւերն ունենք, հուսանք, որ մենք մեր ժողովրդի վստահությունը կնվաճենք, ու իրենց հետ, ի վերջո, կգնանք քաղաքացիական զանգվածային անհնազանդության՝ հասնելով վարչակազմի հեռացմանը: Բացի այդ` մենք արդեն հայտարարել ենք, որ սկսել ենք քաղաքական կոնսուլտացիաների շրջան բոլոր այն ուժերի հետ, որոնք որ այս ընթացքում աջակցել են մեզ: Այդ պրոցեսը շարունակվում է:

 

 

 

 
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՀԱՐՑ ՏԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՏՎԵՑԻՆ

Երեկ խորհրդարանում քննարկվում էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ 2014թ-ի բյուջեի կատարման հաշվետվությունը: Քննարկման ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդիմլա Սարգսյանը ցանկանում էր հարց ուղղել նախարար Արտեմ Ասատրյանին, սակայն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի «անուշադրության» պատճառով Լ. Սարգսյանին նման հնարավորություն չընձեռվեց: Արդյունքում նա նեղացավ ու հեռացավ նիստերի դահլիճից: Ի դեպ, երեկ բյուջեի կատարողականի քննարկմանը կրկին ընդամենը մի քանի պատգամավոր էր մասնակցում:

Հարց տալու հնարավորությունից զրկված Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, որ խտրական վերաբերմունք է ցուցաբերվում պատգամավորների նկատմամբ, ու ինքը չի կարողանում նախարարին հարցեր ուղղել: «Ենթադրում եմ, որ կարծում էին, թե իմ հարցը միգուցե ավելի սուր լինի եւ ավելի քննադատաբար: Ես երրորդ անգամ ձեռք եմ բարձրացնում, եւ ինձ հերթ չի հասնում՝ ընդ որում, լինելով հանձնաժողովի անդամ: Բնականաբար, ես ցանկություն չունեմ երկար այստեղ ժամանակ կորցնել: Եթե հանձնաժողովի անդամին, սեռով պայմանավորված, այստեղ հնարավորություն չեն տալիս հարց տալու, ուրեմն թող աշխատեն մենակ»,- հայտարարեց Լ. Սարգսյանը եւ հեռացավ դահլիճից:
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ նկատելով, որ Լ. Սարգսյանը վիրավորվել է, շտապեց հավաստիացնել, որ պատգամավորին հարց տալու հնարավորությունից որեւէ մեկը չի զրկել.«Տիկին Սարգսյանը, սեռով պայմանավորված, հարցապնդումից դրդված, լքեց դահլիճը: Երրորդը Լյուդմիլա Սարգսյանին պետք է իրավունք տայի՝ հարց տալու: Ես փորձում էի երկու անգամ աչքերով հասկանալ՝ նա հարց ունի՞, թե՞ ոչ, չկարողացա հասկանալ: Նա ձեռք էր բարձրացրել Էնֆիաջյանին ձայն տալուց հետո»:
Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նախարարից հետաքրքրվեց խոպանչիների օրենքի մասին. «Վերջերս բավականին հնչեղություն ստացավ խոպանչիներին՝ արտագնա մեր աշխատողներին, հարկային արտոնություններ տալու օրենքը: Եթե արտագնա աշխատողը ռեզիդենտ է, բայց նպաստառու է միաժամանակ, այդ ընտանիքը զրկվո՞ւմ է նպաստից, թե՞ ստանալու է»,- հարցրեց Մելքումյանը: Ա. Ասատրյանը հայտարարեց, որ դա կախված է նրանից, թե ընտանիքն ինչ եկամուտ ունի:
Մեկ այլ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանն էլ հարց ուղղեց, թե արդյոք ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցությունից հետո, կենսաթոշակային համակարգում ունենալով տարբեր շերտերի ներկայացուցիչներ, սահմանված են որոշակի արտոնություններ: «Նախատեսվում է, որ յուրաքանչյուր երկիր պետք է ապահովի իր մոտ աշխատած ժամանակահատվածի համար վճարումները: Անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացի է այդ մարդը, սոցիալական երաշխիքները պետք է կիրառվեն համապատասխան մեխանիզմներով»,-պարզաբանեց նախարարը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 
ԱԿՑԻԱ ԵՆ ԱՆՈՒՄ
ՀՀ Կառավարության ենթակայության ներքո գտնվող մարզպետարանների կայքէջերն արդեն չորս օր է՝ չեն գործում: Փաստորեն, մայիսի 25-ի «Մութ ժամեր» ակցիայից հետո կայքերը դադարել են գործել, տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ Կառավարությունն այսպես միացել է էլէներգիայի թանկացման դեմ ակցիային, բայց ակցիան չեն ցանկանում դադարեցնել: Բայց, ափսոս, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆաինա Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ կայքերը պարզապես տեխնիկական խնդիրների պատճառով չեն գործում:

 

ԺԱՊԱՎԵՆԻ ՕՐ
Երեկ Սերժ Սարգսյանը գնացել էր Վայոց Ձորի մարզ` ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանի ու ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Սարգսյանի ուղեկցությամբ: Ս. Սարգսյանը նախ գնացել է Գնդեվազ գյուղ եւ մասնակցել Աշոտ Արսենյանին պատկանող «Էկոֆարմ» ՍՊԸ-ի անասնապահական համալիրի բացմանը, որը զբաղվելու է խոշոր եղջերավոր կենդանիների բուծմամբ: Այդտեղից էլ Ս. Սարգսյանը գնացել է Ջերմուկ «Ջերմուկ Գրուպ» ընկերության նոր գործարանի շինհրապարակ: Այստեղից էլ Ս. Սարգսյանը գնացել եւ մասնակցել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Սարգսյանի` Ջերմուկում նոր կառուցած «Հայաթ Փլեյս» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը: Մի խոսքով, երեկ Ս. Սարգսյանը ժապավենի գործի վրա է եղել:

 

ԱՄՆ-ԻՑ ԹՈՒՂԹ Է ԵԿԵԼ
ՀՀ ՊՆ-ին շուկայականից թանկ գնով էլէկտրատեխնիկա վաճառելու փաստի առիթով հարուցված քրեական գործին «Ժողովուրդ»-ը նախկինում անդրադարձել է: Այս գործի շրջանակներում դեռեւս 2014-ի տարեվերջին կալանավորվել էր «ԱՍ-Թեչ անվտանգության համակարգեր» ընկերության տնօրեն Աշոտ Սարգսյանը: Մեր տեղեկություններով՝ օրերս ՀՀ քննչական կոմիտեն ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոյի աջակցությամբ ձեռք է բերել այն փաստաթղթերը, որտեղ ներկայացված է գործարար Ա. Սարգսյանի կողմից գնված տեխնիկայի իրական արժեքը: Այսինքն՝ այժմ արդեն հստակ կպարզվի՝ գործարարը ճիշտ թե սխալ տվյալներ է ներկայացրել եւ եթե խաբել է, ապա որքան:

 

ԼԻՍԿԱՅԻ ՈՐԴՈՒ ԳՈՐԾՈՎ
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծի գործով, ըստ մեր տեղեկությունների, ՀՀ քննչական կոմիտեն ստացել է դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները: Ըստ այդմ, տուժածներից մեկը ստացել է միջին, մյուսը` ծանր վնասվածք: Ուստի, ենթադրվում է, որ այս դեպքի փաստի առթիվ խուլիգանություն հատկանիշներով հարուցված քրեական գործն առաջիկայում կարող է լրացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2 մասի հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Ի դեպ, այդ գործով մեղադրյալ դեռեւս չկա:




Լրահոս