ՔԿՀ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ ԽՈՍՈՒՄ Է «ԶՈՆ ՆԱՅՈՂՆԵՐԻ», «ՍԵՎ ՓՈՂԵՐԻ» ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը, անդրադառնալով ՔԿՀ-ներում «զոն նայողների» թեմային, ասաց, որ թույլ չի տա՝ որեւէ մեկը իրեն մյուսներից վեր դասի:
(Սկիզբը՝ նախորդ համարում)

-Պարո՛ն Օսիկյան, քրեակատարողական հիմնարկների դատապարտյալները, նրանց հարազատները շարունակում են բարձրաձայնել քրեակատարողական հիմնարկներում տարիներ շարունակ գործող «զոն նայողներ»-ի ինստիտուտի մասին: Դուք՝ որպես ՔԿՀ վարչության պետ, ինչ քայլեր եք իրականացնում այդ համակարգի վերացման կամ գոնե զսպման համար:
-Նախ՝ մենք որեւէ ինստիտուտի զսպելու խնդիր չունենք, քանի որ մեզ համար բոլոր դատապարտյալները օրենքի առաջ հավասար են: Իմ հինական առաքելությունը եւ խնդիրը, որն ի սկզբանե իմ առաջ դրված է եղել, եւ ես իրականացնում եմ, այն է, որ որեւէ անմեղ մարդ, որը գտնվում է ՔԿՀ-ում, պատժի չենթարկվի: Համոզված Ձեզ կարող եմ ասել, որ այս սկզբունքը մեր կողմից հնարավորինս պահպանվում է, եթե լինում են բացթողումներ քրեակատարողական հիմնարկներում, ապա նշանակվում են համապատասխան ծառայողական քննությունները, եւ պատժվում են:
Մեծ հաշվով, մենք ունեցել ենք դժվարություններ, բայց կարող եմ Ձեզ ասել, որ այնպիսի խոչընդոտ չենք ունեցել, որ չկարողանանք չհաղթահարել: Հանգիստ եղե՛ք, այդ առումով իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է, եւ չկա որեւէ հիմնարկ, որտեղ մեկը կփորձի այս կամ այն ձեւով վեր դասի իրեն մյուսներից, փորձի մյուսի արժանապատվությունը վիրավորել:
-Բոլոր այն մարդիկ, որոնք որ ՔԿՀ-ներում դատապարտյալ հարազատներ ունեն, կարող են հավաստիացնել, որ ՔԿՀ-ներում պտտվում են «սեւ փողեր»: Մարդիկ սնանկանում են՝ ամեն ինչ վաճառելով, միայն թե ՔԿՀ-ից կենդանի դուրս գան: Դուք տիրապետո՞ւմ եք իրավիճակին եւ ի՞նչ քայլեր եք արել` այս երեւույթը կանխելու համար:
-Մի բան Ձեզ կարող եմ ասել՝ շատ բան է փոխվել: Գիտեք՝ շատ դեպքերում որոշակի տեղեկություններ, որոնք անգամ խորհրդային ժամանակներից ի վեր տարածվել են քրեակատարողական հիմնարկներում տիրող բարքերի վատ ավանդույթների մասին, վերջին 10 կամ 20 տարիների ընթացքում ի սպառ վերացել են:
-Ուզում եք ասել՝ «սեւ փողեր» քրեակատարողական հիմնարկներում չե՞ն պտտվում:
-Ձեր նշված դեպքերը չեմ կարող զրոյական վիճակագրություն ներկայացնել, բայց կարող եմ ասել՝ այդ դեպքերը իսպառ բացակայում են:
-Վստա՞հ եք, որ «սեւ փողեր» հասկացությունը իսպառ վերացել է:
-Ես կարող եմ ասել, որ այն իրավիճակը, որ եղել է, փոխվել է: Իհարկե, հնարավոր են տարբեր դեպքեր, բայց մեր ադմինիստրացիայի կողմից մշտապես հսկողությունը կա, օպերատիվ ծառայություններն աշխատում են, եւ ցանկացած նման դեպքեր, երբ ի հայտ կգան, խստագույնս կպատժվեն: Մենք փորձում ենք բացառել նման երեւույթները, հավատացե՛ք, վճռական ենք:
-Oրերս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներից մեկի մոտ 1000 դոլար էր հայտնաբերվել: Փորձե՞լ եք ինքներդ հասկանալ, թե այդ գումարը դատապարտյալի մոտ ինչպես է հայտնվել:
-Նախ՝ մինչ այս պահը, դեռեւս, որքանով ես տեղյակ եմ, այդ փաստը չի հաստատվել: Համենայնդեպս, հայտնի չէ՝ վարույթ իրականացնող մարմինը կհիմանվորի՞, թե՞ կհերքի այն: Չեմ բացառում, որ դատապարտյալները կամ նրանց հարազատները կօգտագործեն արգելված միջոցները՝ ՔԿՀ անցկացնելու համար: Նորից հավաստիացնում ենք՝ ցանկացած նման երեւույթի դեմ մենք ոչ միայն մեր վարչական լծակներով ենք փորձում ազդել, այլեւ որոշել ենք օրենսդրական փոփոխություններ անենք, որ արդյունավետ լինի: Մասնավորապես, մենք հիմա չունենք իրավական լծակ, որ քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր անցկացնելու փորձ անողներին պատասխանատվության ենթարկենք: Մեր կողմից նախաձեռնվել է, Կառավարությունը հավանություն է տվել, եւ արդեն Ազգային ժողով է ուղարկվել մի նախաձեռնություն, եւ ընդունվելու արդյունքում մենք վարչաիրավախախտման վարույթ կիրականացնենք եւ սուբյեկտներին համապատասխան տուգանքի կենթարկենք: Սա կանխարգելիչ նշանակություն կունենա, իսկ տուգանքի չափը նախատեսվել է մոտ 200.000 դրամի չափով: Մենք ունենք մոտ 3800 դատապարտյալներ, եւ հեռու եմ այն մտքից, որ նրանք բոլորը հետեւում են գործող կարգերին: Անգամ ազատության մեջ գտնվող մարդիկ օրինական վարքագիծ չեն դրսեւորում, ուստի դատապարտյալների շրջանում էլ կան մարդիկ, որ փորձում են օրենքի հակառակ գնալ: Բայց էլի եմ կրկնում՝ համակարգն ունի ներքին խնդիրներ, եւ քայլ առ քայլ բոլոր խնդիրներին լուծում ենք տալու:
-Չե՞ք վախենում, որ այս տարիների ընթացքում արմատացած խնդիրները լուծելու համար լրացուցիչ պրոբլեմներ կունենաք:
-Գիտեք, եթե վախենայի, այս ծառայությունում չէի աշխատի կամ, առհասարակ, այս կառույցը չէի ղեկավարի:
-2015 «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տարածքում սպանվեց քրեական հեղինակություն Լեւոն Ղազարյանը: Որքանո՞վ այս սպանությունը կապ ունի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող քրեական հեղինակությունների հետ:
-Միանգամից կանխեմ հարցը, քանի որ տվյալ դեպքով քննություն է իրականացվում, կխնդրեմ ձեռնպահ մնալ այդ թեմային վերաբերող հարց տալուց, ես էլ չեմ պատասխանի:
-Իսկ Դուք մարդկային ի՞նչ հարաբերություններ ունեք քրեական հեղինակությունների հետ: Հիշեցնեմ՝ նախկինում կար մի ոստիկանապետ, որ հայտարարում էր, թե բոլորն իր ընկերներն են:
-Իմ կոչումը, որպես ծառայության ղեկավար, բոլորովին այլ հարթության վրա է գտնվում: Հստակ կարող եմ ասել՝ ցանկացած մարդու արժանապատվություն որեւէ դեպքում խախտման ենթակա չէ, ես բոլոր դատապարտյալներին դիտարկում եմ որպես մարդիկ, որոնք ունեն իրենց իրավունքները, արժանապատվությունը: Այսինքն՝ որեւէ մեկի հետ առանձին կամ անհատական վերաբերմունք չկա:
-Պարո՛ն Օսիկյան, ոստիկանի աշխատա՞նքն էիք ավելի հաճույքով կատարում, թե՞ ՔԿՀ վարչության պետի:
-Գիտեք՝ պետական ծառայության ցանկացած ոլորտում, որտեղ որ ես աշխատել եմ, հաճույքով եմ կատարել եւ գիտակցումով: Եթե որեւէ մեկն իր գործը հաճույքով չի անում, ապա կունենա ձախողումներ կամ գոնե հաջողություններով չի ավարտվի:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 

ԸՆԴԴԵՄ ԳԵՆԵՐԱԼԻ
Երբ Ներսես Նազարյանն ազատվեց Երեւանի ոստիկանապետի պաշտոնից, տարբեր ընկերություններ, «ատամները սրած», հարձակվեցին նրա որդուն պատկանող ընկերության վրա: «Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդուն` Արմեն Նազարյանին պատկանող «Բիզնես Լիդեր Հոլդինգ» ՍՊԸ-ի դեմ ներկայացված դատական հայցերին:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 2015թ մարտի 25-ին Արտաշատի պահածոների գործարան ԲԲԸ-ն դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Արմեն Նազարյանի ընկերությունից պահանջելով բռնագանձել 12 միլիոն 741 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Արտաշատի պահածոների գործարանի` «Արտֆուդ» ՍՊԸ-ի 50 տոկոսի սեփականատերը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է՝ ներկայումս Արտաշատի քաղաքապետի թեկնածու Արգամ Աբրահամյանը, իսկ մյուս կեսը պատկանում է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի որդուն՝ Վաչագան Կարապետյանին: Այսինքն՝ ՀՀ վարչապետի եւ գյուղնախարարի որդիները Երեւանի նախկին ոստիկանապետից գումար են ուզում: Բացի այդ՝ 2015թ ապրիլի 9-ին «Արտֆուդ» ՍՊԸ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ պահանջելով Արմեն Նազարյանին պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնել: Այս գործով դատավոր Հովիկ Շահնազարյանն էլ, բնականաբար, բավարարել է միջնորդությունը:
Հիշեցնենք, որ այս հայցից մեկ ամիս առաջ 2015 մարտի 17-ին ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող Ջերմուկ Գրուպ ՓԲԸ-ն եւս դիմել էր դատարան՝ պահանջելով ընկերությունից գանձել 4 միլիոն դրամ: Պատգամավորին պատկանող ընկերությունն էլ էր միջնորդություն ներկայացրել Արմեն Նազարյանին պատկանող ընկերության դրամական միջոցների եւ գույքի վրա արգելանք դնելու մասով, ինչը եւս բավարարվել է: Բայց դժվար էր պատկերացնել, որ եթե Ներսես Նազարյանը ոստիկանապետի պաշտոնն ունենար, արդյո՞ք Աշոտ Արսենյանը կհամարձակվեր նրա որդուց դատարանով «փող ուզել»՝ ունեցվածքը կալանքի տակ դնելով: Բայց քանի որ հիմա Նազարյանը շարքային քաղաքացի է, պաշտոնաթող գեներալ, ուստի «դանակավորները» շատացել են ու հարձակվել:
Հիշեցնենք, որ երբ Ներսես Նազարյանը պաշտոնանկ եղավ, նրա որդու «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը ձախողեց, եւ կամաց-կամաց բոլոր մասնաճյուղերը փակվեցին՝ պարտքերի տակ գցելով Նազարյանի որդուն:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 

15.500 ԴՈԼԱՐ ԿԱՇԱՌՔԻ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ է

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար 15.500 դոլար տալու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, եւ գործն ուղարկվել է կողմերին՝ ծանոթանալու համար:

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2014թ. նոյեմբերի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 4 անձի մեղադրանք էր առաջադրվել: Ըստ մեղադրական փաստաթղթի՝ Երեւանի բնակիչ Լիլիաննան ցանկացել էր, որ իր որդին` Գրիգոր Սիմանյանը, ընդունվի Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ: Քաղաքացի Հրաչ Չփլախչյանը, տեղեկանալով կնոջ այդ երազանքի մասին, որոշել էր օգնել նրան: Ավելի ուշ Հրաչը Լիլիաննային ասել էր, թե «գործը գլուխ» բերելու համար հարկավոր կլինի 15.500 դոլար: Լիլիաննան էլ, լսելով կլորիկ գումարի մասին, տվել էր իր համաձայնությունը. միայն թե որդուն ԵՊՀ ուսանողի կարգավիճակում տեսնի: Հրաչ Չփլախչյանը Լիլիաննայի որդու գործը կազմակերպելու համար որպես միջնորդ էր ընտրել քաղաքացիներ Լավրենտ Քոսյանին եւ ոմն Լեւոնի: Եւ, ահա, այս Լավրետն ու Լեւոնը գումարը վերցրել եւ հափշտակել էին՝ Լիլիաննայի որդուն թողնելով բախտի քմահաճույքին:
Լավրենտ Քոսյանն ու Լեւոնն այժմ կալանքի տակ են: Մեղադրանք է առաջադրվել նաեւ կաշառք տվողներին: Լիլիաննան եւ Հրաչ Չփլախչյանը կատարվածի համար պետք է պատասխանատվություն կրեն: Եվ այսպես, Հրաչ Չփլախչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածով` (հանցափորձ եւ 313-րդ հոդվածի` պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը կամ առաջարկն ընդունելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով) հատկանիշներով: Իսկ Լիլիաննային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34 (հանցափորձ) եւ 312 հոդվածի հատկանիշներով:
Մեզ մնում է սպասել դատարանի վճռին՝ հասկանալու համար, թե իր կյանքի գնով որդուն ուսանող դարձնելու մայրական ձգտումն ի՞նչ իրավական գնահատականի կարժանանա արդարադատության համակարգում: Եւ ամենակարեւորը՝ ի՞նչ պատիժ կկրեն երիտասարդի կյանքի հետ «խաղ արած» Լավրենտն ու Լեւոնը՝ իրենց միջնորդի հետ միասին:

Ք. Մ.




Լրահոս