ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՈԿԵԼ Է ԱԿԱՆՋԸ
«Մեծ Բրիտանիայի Ֆարնբորո քաղաքում որսորդական բազեն զբոսայգու խաղահրապարակում հարձակվել է 2 տարեկան երեխայի վրա եւ այլանդակել նրա դեմքը»,-գրում է Courier Mail-ը: Գիշատիչ թռչունը գրեթե պոկել է երեխայի ականջը, որը բժիշկներին հաջողվել է կպցնել: Բազեն պատկանում է նույն քաղաքի 18-ամյա մի երիտասարդի, ում ձերբակալել են: Նա բազեին զբոսայգի էր տարել վարժեցնելու նպատակով:

ՍԽԱԼՄԱՄԲ
Մեծ Բրիտանիայում օնկոլոգ-վիրաբույժը մեղադրվում է հարյուրավոր առողջ կանանց վիրահատելու մեջ: Բժիշկը սխալմամբ նրանց մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշել: Վիրաբույժը, որն արդեն զրկվել է լիցենզիայից, իրագործել է առնվազն 450 վիրաբուժական միջամտություն առողջ կանանց մոտ: Նա վիրահատել է ավելի քան 700 կնոջ, որոնք իսկապես ունեցել են քաղցկեղ, սակայն օգտագործել է այնպիսի մեթոդ, որի դեպքում հիվանդության կրկնվելու հավանականությունը մեծանում է: Նախկին հիվանդներից ավելի քան 100-ն արդեն բողոքներ են ներկայացրել բժշկի դեմ` պահանջելով փոխհատուցում անորակ բժշկական ծառայությունների համար:

«ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ»
Նոյեմբերի 8-ին Թիֆլիսում ձերբակալվել է «օրենքով գող» Վալերի Ջանաշիան, որը կրիմինալ աշխարհում հայտնի է «Վալտեր» մականունով: Վրաստանի ՆԳՆ տեղեկությունների համաձայն՝ ոստիկանության բաժանմունք տեղեկություն է ստացվել, որ հոկտեմբերի 26-ին Ջանաշիան, որը երկար տարիներ ապրում էր Ռուսաստանի Դաշնությունում, գտնվում է Աբխազիայում: Նրա դեմ հարուցվել է քրեական գործ: «Օրենքով գողին» սպառնում է մինչեւ 11 տարվա ազատազրկում:

ԿԱՑՆԱՀԱՐԵԼ Է
Դաղստանի Նովո Բիրյուզակ գյուղում կատաղած գայլը հարձակվել է թոշակառու կնոջ վրա: Հարձակման ժամանակ կինը այնպես է բռնել գայլի կոկորդից, որ կենդանին ուժասպառ է եղել: Չկորցնելով պահը` կինը կարողացել է հանել ձեռքը գիշատչի երախից, վերցնել կացինն ու մի քանի անգամ հարվածել գազանի գլխին:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս