Լույս է տեսել ՀՅԴ ԳՄ անդամ, քաղաքական-հասարակական գործիչ, երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որ հարկավոր է կասեցնել» գիրքը, որում հայերենով եւ ռուսերենով զետեղվել է համանուն խորագրով 4 մասից բաղկացած հոդվածաշարը: Գրքում տեղ են գտել մեր հանրային կյանքին առնչվող Վահան Հովհաննիսյանի մեկնաբանությունները, տեսակետները, տրվել են ճիշտ երկիր կառուցելու բանաձեւեր:
Վ. Հովհաննիսյանի որդու` Հայկ Հովհաննիսյանի խոսքով` բացի քննադատությունից, վերլուծությունից, գրքում կարելի է գտնել տարբեր խնդիրների լուծման ուղիներ. «Հոդվածները յուրաքանչյուր քաղաքացու զգացնել են տալիս իր բաժին պատասխանատվությունը»,- գրքի շնորհանդեսի ժամանակ նշեց նա:
ՀՀ մշակույթի նախկին նախարար, գրող Ռոլանդ Շառոյանն էլ, ով Վ.Հովհաննիսյանի ընկերն է եղել, նկատեց, որ վերջինս այն եզակի մարդկանցից էր, ով իր ողջ կյանքն ու մտածողությունը նվիրել էր հայրենիքին. «Շատ քաղաքական գործիչներ նրա ներկայությունից պարզապես ետ քաշվեցին: Ափսոսում եմ միայն, որ շատ մտքեր, որոնք Վահանը բանավոր կերպով փոխանցում էր մեզ, չհասցրեց նոթագրել»,-ասաց նա:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Վ. Հովհաննիսյանի քաղաքական գործիչ եւ մտավորական տեսակին, կարծիք հայտնեց, որ քաղաքական դաշտում նրա տեղը, ցավոք, դեռ երկար ժամանակ թափուր կմնա:
«Չեմ տեսնում մեկին, ով իր ինտելեկտով, խորությամբ եւ մեծությամբ կարող է լրացնել նրա տեղը: Լինելով ՀՅԴ գործիչ` Վահան Հովհաննիսյանը պատկանում է բոլորիս»,-ընդգծեց նա:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանն էլ «ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ թեեւ Վահան Հովհաննիսյանը կարող էր խոսքի իրարամերժ դրսեւորումներ ունենալ, նրա ամեն միտքը ցայտուն էր եւ հստակ. «Եթե նույնիսկ տվյալ պահին չհամաձայնվեիր հետը, հետո մտածելու էիր իր ասածի ուղղությամբ: Վահանը կարողանում էր ամենասովորական երեւույթի մեջ գտնել անսովորը, իսկ անսովորն էլ վերծանել պարզ կերպով»,-հիշեց նա:
ՀՅԴ պատմության թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանն էլ մեզ հետ զրույցում խոսեց գրքից ստացած իր տպավորությունների մասին. «Արտահայտված են շատ ճիշտ մտքեր, որոնց շուրջ բոլորս էլ մտածում ենք, բայց չենք կարող այդ կերպ շարադրել: Գրքում տեղ են գտել մտավորականի, քաղաքական գործչի, հրապարակախոսի, քաղաքացու համահավաք կերպարի` Վահան Հովհաննիսյանի տեսակետները»,-եզրափակեց նա:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ