ՀԱՐՑ. Երկու ամիս առաջ ենթարկվեցի ավտովթարի: Չնայած ապահովագրված էի, բայց չգիտեի՝ ինչպես վարվել: Ի՞նչ է պետք անել ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում, եւ ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել ԱՊՊԱ գործակալությանը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Կարեւորը խուճապի չմատնվելն է: Իսկ ԱՊՊԱ գործակալությանը պետք է ներկայացվի գրավոր հայցային դիմում, որտեղ նշված են տվյալ իրադարձության առաջացման հանգամանքները: Դիմումի ձեւը քաղաքացին կարող է ստանալ ապահովագրական գրասենյակից: Պետք է ներկայացվեն պայմանագրի եւ անձնագրի բնօրինակները:
Վերոհիշյալ փաստաթղթերից բացի, ապահովագրված անձը մարմնական վնասվածք ստանալու դեպքում ապահովագրող ընկերությանը ներկայացնում է նաեւ համապատասխան իրավասու մարմինների փաստաթղթերը, որոնք վկայում են պայմանագրի գործողության ընթացքում որոշակի դեպքի առաջացումը, որն ունի ապահովագրական պատահարի հատկանիշներ: Փաստաթղթում պետք է նշված լինի անձի լրիվ ախտորոշումը, բուժման ժամկետների, բուժիչ եւ ախտորոշիչ միջոցառումների մասին տեղեկություններ:
Իսկ եթե քաղաքացին արտադրությունում է ենթարկվել դժբախտ պատահարի, ապա այդ մասին աշխատավայրում կազմվում է ակտ, որով պետք է հիմնավորվի պատահարի կապն ապահովագրված անձի կողմից աշխատանքային պարտականությունների կատարման հետ, եթե այդ մասին նախապես հայտնվել է ապահովագրողին: Կից ներկայացվում է բուժսոցիալական փորձաքննության մարմնի տեղեկանքը հաշմանդամության խումբը (կարգը) սահմանելու մասին, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակության դեպքում` ժամանակավոր անաշխատունակության թերթիկ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, սնկի պես աճող ապահովագրական ընկերություններն իրենց գործունեությունը կազմակերպում են ոչ հավուր պատշաճի, դրա վկայությունն է քաղաքացիների իրազեկության ցածր մակարդակը: