Կամո գյուղում մարդիկ վախի մեջ են. գյուղացին վաղ առավոտյան սարսափելի տեսարանի է ականատես եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում հայտնել էր, որ 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը Շիրակի մարզի Կամո համայնքը ենթարկվել է գայլի հարձակման: Գիշատիչը գիշերով մտել է Բագրատ Խաչատրյանին պատկանող անասնագոմն ու ոչնչացրել 20-25 ոչխար ու գառ: Անասնատերը սարսափելի տեսարանին ականատես է եղել վաղ առավոտյան, երբ բացել է անասնագոմի դուռը և տեսել, որ 70 կենդանիներից 15 հատը հոշոտված են, ևս 15-ը` կիսասատկած վիճակում` արյունաշաղախ պարանոցներով ընկած են:

Անասնագոմն էլ քարաշեն ամուր կառույց է, որի դուռը եղել է փակ, բայց գայլը կարողացել է բարձր պարիսպից անցնել և պատուհանի ոչ մեծ անցքից հայտնվել գոմում: Անասնատեր Բագրատ Խաչատրյանն ասում է՝ հովվաշուն էլ ունի, բայց դա էլ, փաստորեն, օգուտ չի տվել: Գյուղացու կրած վնասն անցնում է մեկ միլիոն դրամից, հիմա նա մնացել է շիվար ու չգիտի, թե ինչ պիտի անի, որովհետև բավականին մեծ տնտեսությունը ստեղծել է հիմնականում վարկային միջոցների հաշվին:

Դեպքի վայր է եկել անասնաբույժը և հանձնարարել, որ մորթեն և՛ սատկած, և՛ կիսասատկած անասուններին: Մորթված անասունների ողջ միսը կդառնա շների կեր, քանի որ անասնաբույժն արգելել է այն օգտագործել: Գյուղացիներն էլ են ասում, որ «գայլի զարկած» ոչխարի միսը ուտելի չէ:

Կամոյի բնակիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ իրենք մշտապես վախի մեջ են: Գայլերի հարձակումներից սարսափում են ոչ այնքան անասունների, որքան դրսում խաղացող երեխաների համար: Ասում են, որ ամբողջ օրը հսկում են փոքրիկներին: Կամոյի գյուղապետ Ռոբերտ Ղազարյանի խոսքով՝ գյուղում բավականին վտանգավոր է, քանի որ Կամոն հարակից է մի կողմից Լոռվա, մյուս կողմից Ջաջուռի անտառներին, որտեղից գայլերը հաճախ են իջնում գյուղեր, երբ կերը պակասում է: Գայլերի դեմ պայքարի հստակ ծրագիր չկա: Համայնքապետն առաջարկում է կա՛մ հարևան երկու-երեք գյուղերով միանան, կա՛մ էլ մարզպետարանի միջոցով որսորդ վարձեն, ով մի որոշ ժամանակով սարերում կհսկի ու կգտնի գայլերի բնակության հիմնական արեալն ու նրանց կվնասազերծի:

Armlur.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Ռոբերտ Ղազարյանը հայտնեց, որ այժմ հովիվները զենքերով հերթապահում են, բայց արգելել են գայլին սպանել, քանի որ մայրացու է: Գյուղապետի փոխանցմամբ, գայլերն այս տարվա ընթացքում վերջին դեպքից առաջ արդեն մի քանի հատ ոչխար ևս հոշոտել են, իսկ նախորդ տարի` նաև հորթեր:




Լրահոս