Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ Աբովյանից մի ընտանիք է անհետացել.
«Լուր ունեմ, որ 2014 թվականի դեկտեմբերի սկզբներին Աբովյանից մի ընտանիք վերցրել է իր երեխաներին ու գնացել անհայտ ուղղությամբ: Ընտանիքի հայրը` Արթուր Յուրիկի Մխիթարյանը, կինը՝ Անժելա Պետրոսյանը, ունեն 3 երեխա, սպասում են 4-րդին կամ նա արդեն ծնվել է: Դուստրը՝ Ամալյան Մխիթարյանը 7-րդ դասարանցի է, մեծ որդին պետք է զորակոչվեր բանակ, սակայն չի գնացել, իսկ փոքր որդին 1-ին դասարանցի է:
Երեխաները դեկտեմբերից դպրոց չեն հաճախել, սա նշանակում է , որ ընտանիքը խոչընդոտել է երեխաների կրթության իրավունքի իրացմանը: Հիմնվելով Ընտանեկան օրենսգրքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի վրա, որն ասում է. «Պաշտոնատար անձինք և այլ քաղաքացիներ, որոնց հայտնի են դարձել երեխայի իրավունքների և շահերի խախտումների դեպքեր, այդ մասին պետք է հայտնեն երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին»:
Ղեկավարվելով վերոնշյալ օրենքով, սույն թվականի մայիսի 18-ին Աբովյան քաղաքի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի միջոցով դիմել եմ Աբովյանի խնամակալության և հոգաբարձության մարմնին: Պատասխան չեմ ստացել, սակայն տեղյակ եմ, որ ընտանիքին գտնելու նպատակով Կոտայքի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել:
Նկատենք, որ Մխիթարյան Արթուրի ընտանիքի ավագ տղան զորակոչի տարիքի է, իսկ 4-րդ երեխան արդեն պետք է ծնված լինի, մի՞թե այս փաստերը չեն կարող օգնել ընտանիքին գտնելու համար, ո՞րտեղ է ծնվել երեխան, ո՞ր քարանձավում: Խնդրում եմ «Հերթապահ մաս» հաղորդման ժամանակ նույնպես հայտարարել Մխիթարյան Արթուրի և նրա ընտանիքի հետախուզման մասին, ինչպես 03.06.2015թ. հայտարարվեց Արարատ Ասրյանի հետախուզման մասին, ով իր 8-ամյա դստերը վերցրել ու անհետացել է վերոնշյալ ընտանիքի հետ միասին»: