Կառավարության այսօրվա նիստում Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրեց «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» որոշումը:
Փոփոխությունը հետևյալն է՝ «Ավագանու կողմից առաջադրանքին հավանություն չտալու դեպքում համայնքի ղեկավարը մերժման հիմքերը վերացնելուց հետո (եթե հնարավոր է դրանք վերացնել) տաս աշխատանքային օրվա ընթացքում առաջադրանքը կրկին ներկայացնում է ավագանու քննարկմանը` սույն կետով սահմանված կարգով:
Եղիազարյանը խնդրեց երկու օր ժամանակ տալ այս փոփոխությունը ուժ մեջ մտնելու համար: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, թե ավելի վաղ ասել էր, որ եթե կան հարցեր որոշումների հետ կապված, ապա դրանք պետք չէ ներառել կառավարության նիստի օրակարգ: «Պայմանավորվեցինք չէ՞ այն օրը»,- նշեց նա՝ դիմելով Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին:
Նախարարն էլ նշեց, որ իրենց զգուշացվել է այս մասին: Եղիազարյանն էլ ասաց, որ վերջին պահին է հարց ծագել նախագահական ապարատի իրավական վարչության հետ: «Մեր պայմանավորվածությունը սա է. եթե կա բովանդակային իրավական խնդիր, չպիտի մտնի կառավարության օրակարգ»,-եզրափակեց վարչապետը: