Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Նաիրիտ գործարանի աշխատակիցները փակել էին Հանրապետության հրապարկի Տիգրան Մեծ – Նալբանդյան փողոցների խաչմերուկը, որի ժամանակ առաջացել էր խցանում: Կառավարությունից նաիրիտցիներին տեղեկացրեցին, որ այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկրից մեկնում է, սակայն խոստացել է երկուշաբթի կամ երեքշաբթի օրն ընդունել նաիրիտցիներին:
Նշենք, որ վարչապետը խոստացել էր մինչև մայիսի վերջ ընդունել գործարանի աշխատակիցներին: Հավաքվածները նախ դժգոհեցին, չհավատացին այդ խոստմանը, բայց, այնուամենայնիվ, փողոցը բացեցին և ևս մեկ անգամ փորձեցին հավատալ Հովիկ Աբրահամյանին ու պատրաստվել հանդիպման:
«Ժողովուրդ ջան, այդպես է` երբ կտրուկ քայլեր ենք անում, իրենք էլ են դիմում կտրուկ քայլերի: Կառավարությունից մեզ խոստացան, որ երկուշաբթի կամ երեքշաբթի հանդիպում կլինի վարչապետի հետ: Հիմա փողոցը կբացենք և, եթե խոստացված հանդիպումը տեղի չունենա, անժամկետ նստացույց կսկսենք»,- հայտարարեց գործարանի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը: Նշենք, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտ 20 րոպե համոզում էր նաիրիտցիներին ազատել փողոցը, բացել երթևեկությունը: Աշխատակիցներն ազատեցին փողոցը:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: