Այսօր Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի երրորդ հարցով պետք է քննարկվեր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագիծը, սակայն ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանն այսօր առաջարկեց հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին այս հարցը քննարկել դռնփակ:
Նշենք, որ նախագիծը վերաբերում է Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելուն: Ըստ Ֆարմանյանի` նախագծում կան պատմագիտական վտագավոր դրույթներ, որոնք հրապարակայնացնելը մեծ վնաս կհասցնի մեր արտաքին քաղաքականությանը և քարոզչական լավ գործիք կդառնա մեր հարեւան Թուրքիայի ձեռքին: «Ի վերջո, պարոն Զաքարյան, մենք հո կրակը չենք ընկել»,- հավելեց նա:
Զարուհի Փոստանջյանն էլ նշեց, որ պետք է դռնբաց անցկացնել նիստը, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի խնդրի մասին: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւս կողմ էր նիստերի դռնբաց անցկացմանը` փակ նիստերի նախադեպերը համարելով վատ պրակտիկա: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանն էլ նշեց, որ փակ պետք է անել նիստը, քանի որ իրենք կոշտ գնահատականներ հնչեցնելիս կաշկանդված կլինեն. «Չեմ ցանկանում, որ կրակն ընկածի կարգավիճակում հայտնվենք»,- ասաց Արզումանյանը:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ևս կողմ էր քննարկումը փակ անցկացնելուն, քանի որ արտաքին քաղաքականությունը նրբություններ է պարունակում: ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը ևս համամիտ էր Սամվել Ֆարմանյանի հետ: «Եթե դռնբաց անցկացվի նիստը, ապա սրանից ավելի լավ նվեր Թուրքիայի նախագահ Էրդողանին մենք չենք անի: Դռնբաց անցկացնելով նիստը և Սևրի դաշնագիրը քննարկելով` մենք Թուրքիային ցույց կտանք, որ կողմ ենք պատմական հարցի համար հանձնաժողով ստեղծելուն եւ տեղավորվում ենք թուրքերի սցենարում»,- հիմնավորեց Գեղամյանը:
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով էլ ընդհանրապես պետք է քննարկում չանել, քանի որ որքանով ինքը հիշում է, այս հարցը մի անգամ քննարկվել է և որոշվել` ընդհանրապես այս հարցը չդնել քվեարկության: ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի կարծիքով էլ էական չէ` Փոստանջյանի նախագիծը բաց, թե փակ կքննարկվի:
Փոստանջյանը հիշեցրեց, որ նախագիծը երբեք չի քննարկվել, ապա Մարուքյանի դիրքորոշումը համարեց արհամարհանք: «Ես ձեզ չեմ համարում, այլ արհարմարում եմ ձեր նախագիծը»,- հստակեցրեց Մարուքյանը, ապա ասաց` բոյկոտում է նախագծի քննարկումը. «Լավ եք անում, արհամարհե՛ք»,- հակադարձեց «Ժառանգության» պատգամավորը: Ի վերջո, ձայների մեծամասնությամբ նախագիծը քննարկվում է դռփակ: