Սեպտեմբերին կանցկացվեն խորհրդարանական լսումներ. վեճով սկսված քննարկումն ավարտվեց հաշտությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում դռնփակ կարգով քննարկվում էր  Զարուհի Փոստանջյանի ներկայացրած` Թուրքիայի կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի մեծ հայրենազրկումը դատապարտող օրինագիծը: Մինչ քննարկումը`այս նախագծի վերաբերյալ վեճ էր սկսվել և առաջարկվել անցկացնել այն դռնփակ:

Քննարկումից հետո Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ համաձայնել են այս տարի սեպտեմբերին անցկացնել խորհրդարանական լսումներ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, որի ժամանակ էլ ինքը նորից կներկայացնի լրամշակված նախագիծը:

«Ես մեր ազգային շահը սպասարկելու տեսանկյունից եմ ներկայացրել օրինագիծը և, կարծում եմ, որ այս հարցն արդիական է»,- նշեց  Զարուհի Փոստանջյանը և հավելեց, որ լսումները պետք է միանշանակ բաց անցկացվեն:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ նշեց, որ օրինագծի վերաբերյալ տարբեր մոտցումներ կան և անհրաժեշտ են լրամշակումներ կատարել. «Մեր նպատակը Ցեղասպանության ճանաչման և դատապարտման ճանապարհին նա չէ, ինչ որ ներկայացված է: Ես ողջունում եմ, որ հեղինակը լսելով բոլորի տեսակետները, հետ վերցրեց լրամշակելու այն: Բաց, թե փակ կլինեն լսումները, դեռ վաղ է խոսել, էսպես թե էնպես, մենք պետք է լսումներ անցկացնեինք աշնանը», – հավելեց նա:




Լրահոս