Այսօր լրագրողները Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանից հետաքրքրվեցին, թե ինչու իրենց գերատեսչությունը սնանկացրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին:
«Աշոտ Աղաբաբյանին ոչ մեկ չի սնանկացրել: Նրա գործունեության նկատմամբ մեր հարկային մարմինը, տեսչական մարմինը որոշ խախտումներ է հայտնաբերել և Աշոտ Աղաբաբյանի ձեռնարկությունը վճարել է այդ հարկը: Ի՞նչ սնանկացման մասին է խոսը», – նշեց Խաչատրյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե Աղաբաբյանն ասում է` վճարեցի և սնանկացա, նախարարը նշեց. «Ուրիշ դաշտեր խնդրում եմ չտանեք: Ինքը նման բան չի ասում, չի հայտարարում, դրա համար ինքը դիմել է դատարան»: Այն հարցին, թե ձեզ չի կաշկանդում ՀՀԿ-ական գործարարներին պատկանող բիզնեսներում ստուգումներն անցկացնելն ու տուգանելը, նախարարը նշեց. «Եթե կաշկանդեր` նման բան չէր լինի: Մեզ ընդհանրապես ոչ մի բան չի կաշկանդում: Բիզնեսին ու տնտեսվարող սուբյեկտներին անձերով մի քննարկեք: Մենք արգելում ենք նման մոտեցում, որովհետև դուք պատկերացնում եք, թե ինչ հետևանք կունենա: Պատկերացնո՞ւմ եք, եթե ֆինանսների նախարարությունը խորանա, թե ով ինչ ունի այս երկրում»:
Նա վստահեցրեց, թե իրենց հետաքրքիր չէ, թե որ ընկերությունն ում է պատկանում և նրանք այս հարցերում չեն խորանում: «Տարիներ առաջ և հիմա համադրելի՞ են, իհարկե ոչ: Շատ բան է փոխվել: Եթե հարկային, մաքսային մարմիններում գործառույթները գնահատվում են այլ չափանիշներով, ուրեմն բան չի փոխվել, սակայն իրականում շատ բան է փոխվել: Չի կարելի փոփոխությունները չտեսնել և չգնահատել», – հավելեց նախարարը:
Խաչատրյանի խոսքով, խնդիրների են բախվում այն տնտեսվարող սուբյեկտները, ովքեր ցանկանում են խաղալ հին խաղի կանոններով: Մանրամասնելով իր խոսքը` Խաչատրյանն ընդգծեց, թե նկատի ունի հարկային, մաքսային տեսուչների հետ «լեզու» գտնելը: