Հայաստանյան քաղաքական դաշտում հետաքրքիր իրավիճակ է ձեւավորվել. քաղաքական առումով ամենաակտիվ այս շրջանում մի տեսակ սպասողական վիճակ է: Անգամ երկրի ղեկավարն է գերադասում «օր մաշեցնել» դրսերում, մինչեւ տեսնի, թե ինչ իրավիճակ է ձեւավորվելու Հայաստանի Հանրապետությունում:
Եւ մինչ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանուսա Օլանդին հրավիրում է Հայաստան ու փորձում եվրոպական ժպիտով ցույց տալ, թե ինչքան անհոգ է, Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքական ուժը անհասկանալի քաղաքական կոնսուլտացիաներ է իրականացնում՝ նույնքան անհասկանալի օրակարգով: Ինչո՞ւ անհասկանալի, որովհետեւ այդ մասին պետք էր մտածել այս տարվա մայիսին կայանալիք ընտրություններից առաջ, երբ դեռ խորհրդարանի ձեւավորման գործընթաց էր գնում:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն խորհրդարանական համակարգին անցումն այսպես է պատկերացնում. 2013-ին ընտրվող նախագահը կգործի առավելագույնը 4 տարի ժամկետով եւ մինչեւ խորհրդարանական հաջորդ ընտրությունները՝ 2017 թվականը, քաղաքական մյուս ուժերի հետ կիրականացնի սահմանադրական համապատասխան փոփոխություններ ու հիմք կդնի խորհրդարանական կառավարման համակարգին:
Ինչեւէ, արտակոալիցիոն ուժերը նախապես հայտնի օրակարգի շրջանակներում շաբաթ օրը փակ, գաղտնի հանդիպում են կազմակերպել: «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունից Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ու փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը գաղտնիության պայմաններում քննարկել են 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին եւ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու հարցը: Ու չնայած կողմերը ցանկանում են խորհրդավորությունը պահելու համար փակ, գաղտնի որակել հանդիպումը, այնուամենայնիվ, հայտնի է դարձել, որ «Դաշնակցություն»-ն էլ իր հերթին է 7 կետից բաղկացած մի օրակարգ ներկայացրել՝ ներառելով ԲՀԿ-ի նշված առաջարկները: Ավելին, ԲՀԿ-ի մեկնաբանմամբ՝ թեեւ կողմերը կոնկրետ որոշում չեն կայացրել, բայց առնվազն մի պայմանավորվածություն կա այն մասին, որ առայժմ խոսելու են օրակարգային հարցերի, այլ ոչ թե թեկնածուների մասին:
Կոնկրետ որոշումներ չեն կայացվել նաեւ մյուս քաղաքական ուժերի հետ անցկացված կոնսուլտացիաների արդյունքում: Իհարկե, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, մի փոքր առաջ ընկնելով, «Ազատության»-ն ասաց, թե չի բացառում, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն կունենան միասնական թեկնածու, այնուամենայնիվ, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չի հաստատել այն. «Քննարկումները շարունակվում են, չեմ պատրաստվում մեկնաբանել ՀԱԿ-ի հայտարարությունները»:
Արդեն օրվա վերջում կայացավ նաեւ ԲՀԿ-«Ժառանգություն» հանդիպումը՝ ԺԿ-ից Արմեն Մարտիրոսյանն ու Հովսեփ Խուրշուդյանը, իսկ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 24-ին նույն Ն. Զոհրաբյանը հայտարարել էր, թե «նպատակահարմար չենք գտնում ստորագրել այն հարցաշարի տակ, որտեղ արդեն իսկ կա «Ժառանգության» ստորագրությունը»: Բայց, ինչպես ասում են, քաղաքականության մեջ չկան հավերժական թշնամիներ ու բարեկամներ. կան հավերժական շահեր: Ուստի ԲՀԿ-ն խոսել է նաեւ «Ժառանգության» հետ՝ դարձյալ կոնկրետ որեւէ հայտարարի չգալով:
Ակնհայտ է, որ անգամ բանակցություններին մասնակցող կողմերը վստահ չեն, որ կոնսուլտացիաները որեւէ արդյունք կտան, քանի որ Հայաստանում քաղաքական համախմբման համար մշտապես խանգարող հանգամանք են եղել լիդերների հավակնությունները: Հիշո՞ւմ եք՝ Վազգեն Մանուկյանը նույնիսկ առաջարկում էր «ղուշ ու գիր» անել՝ որոշելու, թե ով պետք է գլխավորի ընդդիմության միասնական ընտրացուցակը: Այնպես որ, ոչինչ չասող քննարկումները քաղաքական դաշտում կարող են շարունակվել այնքան, քանի դեռ Հայաստանում որեւէ իրավիճակ չի փոխվել: Իսկ թե ով կամ ինչը պետք է իրավիճակ փոխի մեր երկրում, դժվար է ասել. դրա վրա ազդեցություն կարող են ունենալ ոչ միայն ներքին, այլեւ արտաքին գործոնները: Միայն այս պահին ակնհայտ երեւում է, որ բոլորին ձեռնտու է թայմաութի այս իրավիճակը՝ լինի ընդդիմություն, թե իշխանություն:
ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ