ՎԱՐՉԱՊԵՏՆ ԷԼ ՉՕԳՆԵՑ
«Աղիքային ցուպիկի (E coli) առկայությունը պանրում նոր բան չէ, սակայն կառավարությունը չափազանցնում է դրա վտանգը եւ շոու է դարձրել դրա հետ կապված բացահայտումները»,-երեկ նման հայտարարություն է արել ՀՀ պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը: Ըստ նրա՝ ոչ մի ժամանակակից տեխնոլոգիա երաշխիք չէ պանրի մանրէբանական կազմը նորմայում պահպանելու համար, եթե մթերվող կաթը կեղտոտ է: «Ժամանակին «Աշտարակ կաթ»-ը սրբիչներ բաժանեց գյուղացիներին, ցույց տվեց՝ ոնց մասաժ անեն, ոնց լվան, բայց օգուտ չեղավ»,-նշել է պանրագործը: Փաստորեն, վարչապետ Տիգրան Սարգսյանի` կով կթելու մասին դասախոսություններն էլ չօգնեցին:
ՆԱԵՎ ՈՒՇ ԺԱՄԵՐԻՆ
«Բոլոր երթուղիներում ուղեւորատար տրանսպորտը պետք է աշխատի մրցույթի պայմաններով նախատեսված ժամանակացույցով, նաեւ օրվա ուշ ժամերին: Երթուղիների սպասարկումը խախտումներով իրականացնող ընկերությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության նոր կնքված պայմանագրերի պահանջներին համապատասխան»,-երեկ հրավիրած խորհրդակցությունում ասել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հուսանք` դա կվերաբերի նաեւ քաղաքապետին եւ նրա կուսակցական ընկերներին պատկանող երթուղիներին:
ԱՐՏԱԳԱՂԹԻ ԲՅՈՒՋԵ
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Անթույլատրելի է բյուջետային ոլորտի աշխատավարձերի բարձրացումը (4.1%) ծրագրավորել ավելի քիչ, քան միջին գնաճը (4.2%)։ Բացի այդ, կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում, բայց գներն աճելու են։ Թոշակառուները 4.2%-ով վատ են ապրելու։ Սրանով կառավարությունն ասում է, որ 2013-ին չնայած 6.2% տնտեսական աճին եւ բյուջեի եկամուտների շուրջ 118.6 մլրդ դրամով աճին, փող չկա գոնե կենսամակարդակի անկում թույլ չտալու։ Սա անպատասխանատու եւ անլուրջ մոտեցում է: Սա միայն խրախուսելու է արտագաղթը։ 2012-ին սպասվելիք 110-120 հազ. փոխարեն 2013-ին կարող արտագաղթել 130-140 հազ. մարդ։ Եւ ուրեմն, 2013-ի բյուջեն ոչ թե սոցիալական, այլ արտագաղթի բյուջե է»։
ՎԱԽԵՑԵԼ Է
Երեկ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ԱԺ-ում ներկայացրել է 2013թ. ՀՀ պետբյուջեի նախագիծը: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը նախարարից հետաքրքրվել է, թե ինչու երկրի գլխավոր փաստաթղթի քննարկմանը ներկա չէ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչին ի պատասխան՝ Գաբրիելյանը նշել է, որ բոլոր փաստաթղթերը ԱԺ են ներկայացվում վարչապետի ստորագրությամբ: Նախարարը նշել է, որ պատգամավորը հնարավորություն կունենա բյուջեի վերաբերյալ իրեն հուզող հարցերն ուղղել նաեւ վարչապետին խորհրդարանական նիստի քննարկումների ժամանակ:
ԲԻՐԴԱՆ ԱՂԱՆ
Նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած էպոսագետ Վարդան Սեդրակյանը երեկ հայտարարել է, թե պատրաստ է վճարել Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրագրավը եւս, քանի որ վերջինս ասել էր, որ այդ 8 մլն դրամը պետք է ժողովրդի հանգանակություններից ստացված գումարով վճարի: Չնայած լրագրողների հարցապնդմանը, թե որտեղից իրեն այդ գումարները, Սեդրակյանը գաղտնի է պահել իր հովանավորների անունները. «Եթե ընտրությունների արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթահարի 5%-ի շեմը, ինչը ենթադրում է, որ պետությունը հետ կվերադարձնի գրավը, ապա նա հետ կտա իմ փողը, չհաղթահարելու դեպքում չեմ պահանջի գումարը»: «Ժառանգություն»-ից հրաժարվել են ընդունել էպոսագետի գումարը:
ՇՆՈՐՀԱՎՈՐ
Այսօր ՆԳ նախկին նախարար, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է: Նա դարձավ 66 տարեկան: