Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկող մի քրեական գործից տեղեկանում ենք, որ առնվազն երկու հոգի շահագրգռված են եղել «Հարավկովկասյան երկաթուղու»-ն մոտ 35 միլիոնով սնանկացնելու մեջ: Բացի այդ, Կոտայքի մարզում կատարված եւս մեկ հանցագործություն է վերագրվում առաջին գործով անցնող երկու մեղադրյալներին, որոնցից մեկը դեռ հայտնի չէ` հասկացել է, որ միլիոններ է «հափշտակում», թե ոչ:
Գործով ամբաստանյալ 27-ամյա Արամ Բարսեղյանը բանակ զորակոչվելուց առաջ` դեռեւս 2003թ., հաշվառվել է «Հոգեբուժական բժշկական կենտրոն» Ավանի հոգեբուժական կլինիկայում «փսիխոպաթիա հիսթերիկ շրջանի» ախտորոշմամբ: Դրանից հետո եւ այդ հիմքով ճանաչվել է ոչ պիտանի ժամկետային պարտադիր զինծառայության համար: Եւ ահա քաղաքացիական ազատության մեջ մնացած Արամը 4 տարի անց հավանաբար որոշել է տարին արկածային դարձնել, գրպանն էլ` փողոտ: Դրան հասնելու ճանապարհն էլ անցել է մի խումբ անձանց հետ եւ ուրիշի առողջության համար ոչ վտանգավոր բռնությամբ (կամ դրա սպառնալիքով) կատարած կողոպուտի համար 2007-ին դատապարտվել 3 տարվա ազատազրկման` գտնվելով նյարդահոգեբույժի հսկողության տակ: Պատժաժամկետը ամբողջությամբ կրելուց եւ քրեակատարողական հիմնարկից ազատվելուց մեկ տարի անց Արամը կրկին հայտնվել է իրավապահների տեսադաշտում, այս անգամ` Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում կատարված ավազակային հարձակման եւ զենքերի հափշտակության դեպքի առնչությամբ:
Ըստ այդմ` Ա. Բարսեղյանը ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ նախապես հանցավոր համաձայնության է եկել Արմեն Վարդանյանի հետ եւ 2011թ. հունիսի 30-ին՝ ժ. 19:30-ի սահմաններում, կենդանիների եւ թռչունների վանդակների ախտահանման պատրվակով ապօրինի մուտք գործել Ձորաղբյուր գյուղում գտնվող առանձնատներից մեկը: Այնտեղ ատրճանակի գործադրման սպառնալիքով տան սպասուհի Գոհարի (տուժողների անունները փոխված են) կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, նրա առողջությանը թեթեւ մարմնական վնասվածք պատճառելով՝ պահանջել են իրենց հանձնել գումար, ոսկյա զարդեր եւ թանկարժեք իրեր: Բայց երբ համոզվել են, որ վերջինս նման արժեքների տեղը չգիտի, հափշտակել են տանը գտնվող 500.000 դրամ արժողության «Սոնի» տեսակի տեսա եւ ֆոտոխցիկներ, 1 մլն 650 հազ. դրամ ընդհանուր արժեքով 2 ակոսավոր եւ 1 ողորկափող որսորդական հրացան: Հափշտակել են նաեւ սպասուհու գրպանի 20.000 դրամը եւ անհետացել:
Դրանից 9 օր անց կրկին անցնել են գործի. ինչ-որ անհայտ անձից ստույգ տեղեկացել են, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Էլեկտրաֆիկացիա եւ էլեկտրամատակարարում» ձեռնարկության աշխատակիցները պետք է աշխատավարձ ստանան: Իմացել են նաեւ, թե մինչ աշխատավարձի բաժանումը ով ուր պիտի տանի այդ գումարները: Աշխատանքն ավարտվել է, եւ ձեռնարկության ֆինանսական հարցերով զբաղվող Վարդուհին, մոտ 35 մլն դրամ գումարը ձեռքին, ուղեւորվել է տուն: Քանի որ շենքը բարձրահարկ է եղել, ավազակները հավանաբար կարծել են, թե ֆինանսիստը կարող է վերելակով բարձրանալ, ուստի դարանակալել են նրա` 4-րդ հարկում գտնվող բնակարանի աստիճանահարթակում: Երբ տիկին Վարդուհին ցանկացել է մտնել բնակարան, վերջինիս կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` նրան հարվածել ու գցել են գետնին, ապա բութ, կոշտ առարկայով եւ ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով տիկնոջ գլխին եւ ձեռքին` նրա մոտից հափշտակել 34 մլն 957 հազ. դրամ գումարը: Հափշտակել են նաեւ ֆինանսիստի պայուսակը` 166.000 դրամով, եւ փախել: Տիկին Վարդուհին ստացել է միջին ծանրության վնասվածքներ:
Սակայն հարձակվողներից մեկի` Արամի բախտը չի բերել. շենքի 2-րդ հարկի աստիճանահարթակում նրան փախուստի պահին բռնել են տուժողի որդին, ամուսինը եւ շենքի բնակիչներից մեկը: Կարճ ժամանակ անց իրավապահներին հաջողվել է գտնել նաեւ Արամի համախոհին, երկուսին էլ մեղադրանք առաջադրել եւ գործերն ուղարկել Կոտայքի մարզի եւ Էրեբունու դատարաններ: Դատարանն էլ օրենքով սահմանված կարգով ամբաստանյալ Ա. Բարսեղյանին ապահովել է հանրային պաշտպանով, որը դատարանին միջնորդել է` իր պաշտպանյալի նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել, քանի որ ամբաստանյալը դատաքննության ընթացքում պարբերաբար դրսեւորել է կամակոր, դյուրագրգիռ, հաճախ լկտի եւ ընդգծված ագրեսիվ վարքագիծ տուժողների եւ հատկապես մեղադրողների նկատմամբ: Չնայած դրան` Ա. Բարսեղյանը, ըստ դատաքննության նյութերի, ընդունել է ֆինանսիստի նկատմամբ հարձակման մասով մեղադրանքը, սակայն ասել, որ Ձորաղբյուրի դեպքի հետ ինքը կապ չունի: Այդուհանդերձ, դատարանը բավարարել է պաշտպանի միջնորդությունը եւ նշանակել ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարել է ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ Նուբարաշենի հոգեբուժական կլինիկայի փորձագետներին: Նրանք պետք է հիմնականում պարզեն` Ա. Բարսեղյանը 35 միլիոնն ու զենքերը հափշտակելիս մեղսունակ է եղել, թե ոչ, այսինքն՝ հասկացե՞լ է` ինչ է անում, թե՞ ոչ:
Փորձաքննության պատասխանն արդեն ստացվել է. այն որոշիչ է լինելու Ա. Բարսեղյանին պատժելու, չպատժելու կամ մեղմ պատժելու հարցում:
Ո՞Վ ԷՐ ԱՍԵԼ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ 35 ՄԻԼԻՈՆԻ ՄԱՍԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ