«ԵՍ ԳՆՈՒՄ ԵՄ ՈՒ ԷԼԻ ԿԳԱՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ինքնասպանություն է գործել ՀՀ Արարատի մարզի Նոր կյանք համայնքի բնակիչ, ազգությամբ եզդի 17-ամյա Մրազ Բաքոյանը: Հարազատների ու ծանոթ մարդկանց խոսքով՝ տղան ինքնասպանությունից առաջ երկտող է թողել` հետեւյալ գրությամբ. «Ինձ կներեք, ես գնում եմ ու էլի կգամ: Հեռախոսս էլ տվեք մամային»:
Նա իրեն պարանով կախել էր կիսակառույց երկհարկանի տան երկրորդ հարկի բետոնե ծածկից: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, երկտողն ուղարկվել է ձեռագրաբանական փորձաքննության: Հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ ինքնասպանության փորձի հասցնելու հատկանիշներով:
Համագյուղացիների խոսքով՝ Մրազը խելացի տղա է եղել, իսկ ընտանիքի անդամները` կրթված: «Ոչ մի թերություն չուներ այդ երեխան, շատ խելոք էր: Անչափ կուլտուրական էր, բոլորի նկատմամբ հարգանքով: Դպրոցում լավ էր սովորում, համակարգիչ շատ լավ գիտեր` ծրագրավորողի մակարդակով… Կատարվածից մենք բոլորս շոկի մեջ ենք»,-«Ժողովուրդ»-ին շփոթված պատմեցին նրանք` ցավելով տղայի մահվան համար:
Նրանք նաեւ տեղեկացրին, որ երիտասարդի ընտանիքը ֆինանսապես ապահովված է ապրել ու երբեւէ գումարի հետ կապված խնդիրներ չի ունեցել. «Մրազի հայրը երբեմն մեկնում էր արտագնա աշխատանքի: Պարապ մարդիկ չէին, միշտ էլ զբաղմունք էին գտնում: Իսկ նրա միակ եղբայրն էլ այս տարի ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություն»:
Տղայի հարազատներից մեկը` Գոգո Ասոյանը, ենթադրում է, որ Մրազն ինչ-որ կապ է ունեցել աղանդավորական շարժման հետ: «Քանի որ նրա երկտողից երեւում է, որ այս քայլը կանխամտածված է: Բայց նա իրեն երբեւէ տարօրինակ չի պահել: Ո՛չ շարժումներն են տարօրինակ եղել, ո՛չ էլ խոսքերը: Ինձ թվում է, որ նա միգուցե ինչ-որ աղանդավորական գիրք է կարդացել: Չգիտեմ, թե ինչ ասեմ… կամ ինչքանով է ճիշտ: Շատ մեծ ցավ էր: Նման բան չպետք է աներ»,-հուզված ձայնով ասաց տղայի հարազատը` հավելելով, որ Նոր կյանքում աղանդավորական տարբեր խմբավորումներ կան: Բայց թե կոնկրետ որի հետ է Մրազը կապ ունեցել, հայտնի չէ:  
«Այդ օրը նա պետք է մասնակցեր մեր ընդհանուր բարեկամներից մեկի հարսանեկան արարողությանը: Նա տանն էր մնացել, որպեսզի կարգավորեր տան գործերն ու ավելի ուշ միանար մեզ: Իսկ ընտանիքի մյուս անդամները հարսանիքին էին: Եղբայրը գնացել էր, որ բերեր նրան, բայց… ու ահա այսպիսի բան ենք լսում»,-ափսոսանքով նկատեց Գ. Ասոյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս