Վ. Բրյուսովի անվան համալսարանը հայտնվել է աղմկալի պատմության մեջ. իրենք մրցույթն անցկացրել են, իրենք էլ հաղթել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարան» ՊՈԱԿ-ը հերթական անգամ հայտնվել է աղմկալի պատմության մեջ: Այս բուհի կողմից մայիսի 6-ին կայացվել է անվտանգության եւ պահնորդական ծառայությունների գնման գրեթե գաղտնի մրցույթ, բայց հաղթող է ճանաչվել ընդամենը այն ընկերությունը, որը մասնակցության հայտ է ներկայացրել «Ալֆա-Դելտա» ՍՊԸ: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով` այս ընկերության փաստացի սեփականատերը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին է՝ Կառավարության պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Բրյուսովի «ղալաթներից»

Նշենք, որ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվագիտական ինստիտուտն առաջին անգամը չէ, որ հայտնվում է նման պատմությունների մեջ: Երեք տարի առաջ, երբ բուհի ռեկտորը Սուրեն Զոլյանն էր, կրթության եւ գիտության նախարարությունը վերահսկողություն իրականացրեց բուհում, որի ընթացքում էլ մի շարք խախտումներ բացահայտվեցին: Ինչից հետո Զոլյանն ազատվեց ռեկտորի պաշտոնից: Իսկ թե այս պատմությունից հետո ովքեր կազատվեն աշխատանքից կամ կազատվե՞ն, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը:

Այս անգամ էլ խոսքը նշված բուհում պահնորդական ծառայություն իրականացնող «Տրանս-Սֆեր» ընկերության մասին է, որի հետ բուհի կնքված պայմանագրի ժամկետը ավարտվեց երեկ՝ հունիսի 1-ին: Եւ ահա մինչ այդ՝ մայիսի 6-ին, բուհի կողմից կայացվել է անվտանգության եւ պահնորդական ծառայությունների գնման մրցույթ, եւ կազմակերպված ընթացակարգի արդյունքում հաղթող է ճանաչվել «Ալֆա դելտա» ընկերությունը, որից հետո մայիսի 14-ին կնքվել է համապատասխան պայմանագիր: Նկատենք, որ պահնորդական ծառայություններ մատուցող ընկերությունները, բացի «Ալֆա-Դելտա»-ից, տեղեկացված չեն եղել մրցույթի մասին հայտարարությունից, դրա համար էլ չեն մասնակցել դրան: Նույնիսկ «Տրանս-Սֆեր» ընկերությունը, որը վեց տարի շարունակ բուհի անվտանգությունն է ապահովել, չի տեղեկացվել մրցույթի մասին: Սակայն «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ մրցույթի մասին հայտարարության հրապարակումը խիստ գաղտնի է եղել, որպեսզի ոչ ոք չիմանա:
Կարեն Ավագյանի եղբայրը

«Ժողովուրդ»-ը «Տրանս-Սֆեր» ընկերությունից տեղեկացավ, որ իրենք մինչեւ բուհի հետ կնքած պայմանագրի ավարտը, կրկին դիմել են ռեկտոր Գայանե Գասպարյանին խնդրանքով՝ եւս մեկ տարով երկարաձգել պայմանագրի ժամկետը: Սակայն բուհի վարչատնտեսական գծով պրոռեկտոր Արթուր Ավագյանը, ով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի եղբայրն է, «Տրանս-Սֆեր» ընկերությանը գրությամբ պատասխանել է, որ պահնորդական ծառայությունների ձեռքբերման մասով մայիսի 6-ին մրցույթ է կայացել, արդյունքում հաղթող է ճանաչվել «Ալֆա-Դելտա» ընկերությունը:

Նշենք, որ Արթուր Ավագյանը բուհի պրոռեկտոր է նշանակվել դեռեւս նախորդ տարի: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նախորդ տարի բուհը կրկին պահնորդական ծառայությունների ձեռքբերման մասով մրցույթ է անցկացրել, որին մասնակցել են թվով հինգ ընկերություններ, սակայն հաղթող է ճանաչվել «Տրանս-Սֆեր»-ը: Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչու է այս տարի անցկացված մրցույթին մասնակցել ընդամենը մեկ ընկերություն, երբ այդ ծառայությունն իրականացնելու ցանկություն ունեցողները ավելի շատ են եղել:
Ռեկտորը խուսափեց

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց ինստիտուտի ռեկտոր Գայանե Գասպարյանին: Վերջինս հարցը լսելուն պես անմիջապես հայտարարեց. «Դա մեզ չի վերաբերում, դա նախարարությանն է վերաբերում: Տենդերը հայտարարվում է ԿԳՆ-ի կողմից: Մեզ ուղղված Ձեր հարցերն անիմաստ են այդ առումով: Նրանք են դրանով զբաղվում»: Սակայն ՀՀ ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ նախարարությունը բուհից ստանում է մրցույթի հայտարարությունը եւ հրավերը, որն իրենց կողմից ուղարկվում է gnumner.am կայք՝ տեղադրվելու համար:

Իսկ բուհի վարչատնտեսական գծով պրոռեկտոր Արթուր Ավագյանի հետ այդպես էլ կապ հաստատել չստացվեց. նա մշտապես զբաղված էր: Եւ միայն Աստծուն է հայտնի, թե ինչով: Երկու օր անընդմեջ մենք նրան փնտրեցինք, սակայն իզուր. նա կա՛մ տեղում չէր, կա՛մ էլ բուհի հյուրերով էր զբաղված: Այնուամենայնիվ, մեզ հետաքրքրող հարցերին պատասխանեց ինստիտուտի հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ցոլակ Հակոբյանը, ով ասաց. «Մրցույթն անցկացվել է հիմնական չափորոշիչներին եւ օրենքի տառին համապատասխան: Հայտարարվել է մրցույթ, բոլորն էլ իմացել են այդ մասին, սակայն մեկ կազմակերպություն է դիմել: Մրցույթը բաց է եղել: Գնումների մասին օրենք կա, որին էլ մենք հետեւել ենք»:

Աշոտյանի ընկերը

Ի դեպ, «Ժողովուրդ»-ի փոքրիկ ուսումնասիրության ընթացքում պարզ դարձավ, որ տվյալ բուհը ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում որոշ սխալներով է տեղադրել պահնորդական ծառայությունների ձեռքբերման մրցույթի մասով հայտարարությունը: Այնտեղ նշված էր հետեւյալը՝ «Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ը հայտարարում է hյուրանոցային սպասարկման ծառայությունների գնման պարզեցված ընթացակարգ: Սակայն երբ հայտարարությունը բացում ես, հյուրանոցի մասին որեւէ խոսք չկա, նրանք պահնորդական ծառայության մրցույթի մասին են հայտարարություն տվել:

Այսինքն՝ այս կերպ են ձեւակերպել մրցույթի «վերնագիրը», որպեսզի մարդիկ շփոթության մեջ ընկնեն եւ ուշադրություն չդարձնեն: Ինչո՞ւ եք դիտավորյալ շփոթեցրել շահագրգիռ կազմակերպություններին: «Ժողովուրդ»-ի այս հարցին Ցոլակ Հակոբյանը պատասխանեց. «Ճիշտ եք ասում, թյուրիմացություն է եղել, գրվել է հյուրանոցային, որն արագ շտկվել է»: Նկատենք, որ երեկվա դրությամբ այն դեռ շտկված չէր, թեպետ մրցույթն արդեն անցկացվել եւ ավարտվել էր (տես լուսանկարը):

Այսպիսով, արդեն հասկանալի է, թե ինչ պայմաններում է հաղթել «Ալֆա-Դելտա» ընկերությունը: Բանն այն է, որ այս ընկերության հետ է կապվում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու, ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի անունը: Եւ ամենեւին էլ զարմանալի չէ, որ հենց այս ընկերությունն է հաղթող ճանաչվել: Ինչպես հայտնի է՝ Արման Սահակյանը մտերիմ հարաբերությունների մեջ է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ: Նրանք հաճախ են միմյանց հետ վիսկի վայելում:

ՀՀԿ-ի «թիկնապահը»

Ուշագրավ է նաեւ այն, որ «Ալֆա-Դելտա» ընկերությունը պահնորդական ծառայություններ է իրականացնում նաեւ «Հանրապետական» կուսակցության կենտրոնական գրասենյակում, «Հրազդան» ստադիոնում (Արման Սահակյանի քեռուն՝ Աշոտ Աղաբաբյանին է պատկանում), «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում (սեփականատերը ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանն է) եւ այլն: «Ժողովուրդ»-ը այս թեմայի շուրջ փորձեց զրուցել Արման Սահակյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Իսկ «Ալֆա Դելտա» ընկերության տնօրեն Գարիկ Հովսեփյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ Արման Սահակյանն իր մանկության ընկերն է եւ դասընկերը: «Ինքը ինձ շատ հարցերում օգնում է: Բայց Էդ ընկերության սեփականատերն ու տնօրենը ես եմ: Եւ իմ գործնական հարցերով նա ընդհանրապես չի զբաղվում»,- հայտարարեց Հովսեփյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս