ԱՐՋԻ ՈՐՍՆ ԱՎԱՐՏՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 10-ին Հայաստան-Վրաստան սահմանը հատելիս ոստիկանները բերման են ենթարկել օգոստոս ամսից հետախուզման մեջ գտնվող Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն) եւ 235 հոդվածի 1-ի մասով (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը):
Գործի առնչությամբ փորձեցինք մանրամասներ ճշտել Շիրակի մարզի քննչական վարչության պետ Ալբերտ Երիցյանից եւ Գյումրու բաժնի պետ Վահան Դանիելյանից: Սակայն նրանք մեր հարցերին չպատասխանեցին եւ ուղղորդեցին դիմել ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն: Այստեղից տեղեկացրին, որ Ս. Ղուկասյանը հայտնաբերվել է նոյեմբերի 10-ի երեկոյան Բավրայի անցագրային սահմանը հատելիս: Նա հարցաքննվել է Շիրակի մարզի քննչական բաժնում ու ստորագրությամբ բաց թողնվել: Գործի քննությունը շարունակվում է:
Ոստիկանության մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ Սպարտակն իբր տեղյակ չի եղել, որ իր նկատմամբ գործ է հարուցված, ինքնակամ եկել է իմանալու, թե ինչ գործ է, բայց քանի որ հետախուզման մեջ է եղել, Բավրայի անցակետում նրան բռնել են ու անմիջապես տեղեկացրել Գյումրու ոստիկաններին, որոնք էլ Սպարտակին տեղափոխել են Գյումրի:
Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը ներկայացրել է միջնորդություն, համաձայն որի՝ Ս. Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինվել է գրավի դիմաց ստորագրությամբ քաղաքից չհեռանալու մասին որոշմամբ: Այդ լուրերը փորձեցինք ճշտել Դ. Սարգսյանից: Սակայն նա չպատասխանեց մեր հարցերին` նույնպես ուղղորդելով  դիմել ոստիկանության ՀԿԼՎ: Հարցին, թե ճիշտ է, որ Ս. Ղուկասյանին ազատ են արձակել գրավի դիմաց, ինչի համար միջնորդություն է ներկայացրել դատախազ Դ. Սարգսյանը, ոստիկանությունից նշեցին. «Նա ստորագրությամբ բաց է թողնվել: Գործի հետ կապված ինչ կար, արդեն ասվեց»:
Հիշեցնենք, որ 2012թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Գյումրու Սայաթ-Նովա-Ռուսթավելի փողոցների  խաչմերուկում գտնվող «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց մի խումբ երիտասարդների միջեւ ծագել էր վիճաբանություն: Սպարտակն իր ընկերներով վիճաբանել էր Գյումրու այն ժամանակ դեռ ավագանու անդամության թեկնածու Էդգար Մկրտչյանի եւ նրա ընկերների հետ`  քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի թեկնածությունը պաշտպանելու եւ նրա օգտին աշխատելու համար: Վիճաբանության ընթացքում հնչել էին կրակոցներ:
Այս պահին գործով երկու ձերբակալված  կա, իսկ երեքի նկատմամբ հետախուզումը դեռ շարունակվում է:
Այժմ արդեն ավագանու անդամ Էդ. Մկրտչյանը մեզ ասաց, որ տվյալ դեպքից ինքը տեղյակ չէ եւ որեւէ կապ չունի, դեպքի օրն ու դրանից հետո՝ անգամ ընտրություններին, չի եղել քաղաքում: Իսկ հարցին, թե այդ ընթացքում որտեղ է եղել, պատասխանեց. «Հանգստանում էի»:
Հ.Գ. Ըստ «Առավոտ»-ի՝ Ս. Ղուկասյանը հանգստանում էր Բաթումի շքեղ հյուրանոցներից մեկում` «Շերատոն»-ում: Իսկ հիմա, երբ ծովափնյա հանգստի շրջանն անցել է, որոշել է հայրենիք վերադառնալ: Ղուկասյանները նրա վերադարձը տոնի են վերածել, մատաղ արել ու 7 գառ մորթել:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս