Ինչ կապ ունի Շիրակի նախկին ոստիկանապետը փոխոստիկանապետի սպանության գործի հետ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործից «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է` գործով մի պաշտոնյա է անցնում:

Նշենք, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել` հայտնելով,  որ ոստիկանապետի տեղակալի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նյութերով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Այն անջատվել է առանձին վարույթ եւ ուղարկվել ՀՀ դատախազություն՝  քննչական ենթակայության ուղարկելու համար:

Եվ, ահա, «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել պաշտոնատար անձանցից մեկի անունը, որն անցնում է հարուցված քրեական գործի շրջանակներում: Խոսքը Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի մասին է, որը Մհերյանի սպանության ժամանակ զբաղեցնում է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը:

Հիշեցնենք, որ Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը, մշտապես հայտարարում էր, թե ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ամեն ինչ արել է՝ իր որդու գործը կոծկելու համար:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Ալիկ Սարգսյանը բացառեց իր անունը նոր հարուցված քրեական գործի հետ կապելու տարբերակը: «Որեւիցե մեկը չի կարող այլ փաստարկ ունենալ: Ամեն ինչ արել եմ՝ այս գործը բացահայտելու համար, ինձ համար ծիծաղելի է, որ որեւիցե մեկը կարող է ինձ կասկածել պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ»,- ասաց Ալիկ Սարգսյանը: Անդրադառնալով այն փաստին, որ Կարեն Բաբակեխյանը անցնում է այս գործով, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Բացառում եմ, դա կհերքվի, հնարավոր չէ՝ Բաբակեխյանը առնչություն ունենար, որպեսզի այդ գործը կոծկվեր, կամ այլ բան: Նույն Մհերյանի հայրը ինձ մոտ  ընդունելության ժամանակ Բաբակեխյանի գովքն է արել, որ նա լավ է աշխատել, չգիտեմ՝ ինչ եղավ»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս