Նոյեմբերի 6-ին եւ 7-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունը (6-րդ վարչություն) Տավուշի մարզի անտառներում եւ փայտի վերամշակմամբ զբաղվող 18 ձեռնարկություններում ստուգումներ է կատարել, որոնց արդյունքում 55 հոգի բերման են ենթարկվել ոստիկանություն: Նրանցից մեկը՝ Իջեւանին մերձակա Գանձաքար գյուղի բնակիչ Սամվել Ստեփանյանը, ձերբակալվել է: Տավուշի մարզի անտառամերձ համայնքներում այդ օրերին խուճապ էր, մարդիկ ունեցած փայտը թաքցնում էին նկուղներում, որպեսզի ոստիկանների կողմից հարցաքննության չենթարկվեն: Նշենք, որ Տավուշում մեծ չափերի ապօրինի անտառահատումները նորություն չեն, ինչպես եւ նորություն չէ ապօրինի փայտով աշխատող տասնյակ փայտամշակման ձեռնարկությունների գործունեությունը: Ըստ օրենքի՝ յուրաքանչյուր անտառապահ անձամբ նյութական պատասխանատվություն է կրում իր հսկողությանը հանձնված անտառապատ տարածքի պահպանության համար, նա պարտավոր է ֆինանսապես հատուցել ապօրինի հատված յուրաքանչյուր ծառի համար` վճարելով մեծ տուգանքներ: Անտառապահին հսկում է անտառապետը, վերջինիս՝ անտառտնտեսության պահպանության բաժինը, իսկ այդ բոլորին՝ անտառտնտեսության տնօրենը:
2006թ. գործում է «Անտառային պետական մոնիտորինգ» ՊՈԱԿ-ը: Անտառտնտեսությունների տարածքը տիեզերքից հսկելու համար «Հայանտառ»-ի համակարգը GPS սարքավորումներով է հագեցվել, իսկ անտառտնտեսությունների անմիջական վերահսկողությունն իրականացնում են բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները: Մինչդեռ ոստիկանությունը հսկողության այս շղթայից դուրս է: Հայտարարվել է, որ ԿՀԴՊՎ կատարած ստուգումների հետ կապված՝ աշխատանքից ազատվել են ոստիկանության Իջեւանի բաժնի պետը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալը, Դիլիջանի եւ Իջեւանի բաժնի աշխատակիցներ: Մի քանի օրվա ոստիկանական «ռեյդի» արդյունքում բերման ենթարկվել ու Երեւանի «Հրազդան» մարզադաշտին կից տարածք են տեղափոխվել ապօրինի վառելափայտով եւ շինափայտով բարձված տասնյակ բեռնատարներ:
Ապօրինի հատված ամեն ծառի համար մեծ տուգանքներ են սահմանված: Արդյոք հետագայում այդ բեռնատարների փայտի համար տասնյակ անտառապետեր եւ անտառապահներ նյութական եւ վարչական պատասխանատվության են ենթարկվելու: Յուրաքանչյուր անտառապահ մոտավորապես 1000 հա անտառապատ տարածք է հսկում՝ ամսական ստանալով ընդամենը 50.000 դրամ աշխատավարձ: Պարզ է, որ ոչ ոք 50.000-ի համար կյանքը չի վտանգի եւ գիշեր-ցերեկ անտառը չի հսկի` դիմադրելով ապօրինի ծառահատումներին: Անտառապահները, իհարկե, օգտվում են ապօրինի ծառահատումներից, սակայն նրանցից առավել դրանից օգտվում են փայտի գործով զբաղվող մարզի գործարարները, որոնք վայելում են բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությունը: Ոստիկանության «ռեյդերը» շուտ են ավարտվում, իսկ փայտի գործն անմահ է:
Տավուշ