ԵՐԵԿՈՅԱՆ ԶԳԵՍՏԸ ՄԻ ԱՆԳԱՄ Է ԿՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայազգի դիզայներ Վահան Խաչատրյանը մասնակցում է իտալական «Vogue» ամսագրի դիզայներների մրցույթին, որի արդյունքները պարզ կդառնան նոյեմբերի վերջին: Դիզայների խոսքով՝ հաղթանակը մեծ քայլ կլինի ոչ միայն իր, այլեւ հայկական նորաձեւության համար: Որպես մոդել՝ Վահանի հագուստները ցուցադրել է ԼՈՒՍԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ, որը հայ դիզայներներից ամենից շատ համագործակցում է հենց նրա հետ:
-Երկար տարիներ թե՛ մրցանակաբաշխություններին, թե՛ մնացած բոլոր առիթներին հագնում եմ Վահանի կարած երեկոյան զգեստները: Այս անգամ ամռանն էլ շատ հանկարծակի Իտալիայում էի գտնվում, որոշեցինք փոքր ֆոտոսեսիա անել Վահանի կարած հագուստներով: Այդ ֆոտոշարքից հետո բուռն արձագանքներ եմ ստացել ու շատ ուրախ եմ, որ Վահանը հենց այդ ֆոտոշարքն է օգտագործել: Հուսամ, իմ մասնակցությամբ ինչ-որ կերպ աջակցությունս եմ ցուցաբերում: Մինչ այսօր ձայների քանակով Վահանը գտնվում է առաջին հորիզոնականում: Նրա աշխատանքներն ինձ շատ են դուր գալիս: Ինձ համար դժվար է եկեկոյան զգեստներ գտնելը, որ յուրօրինակ լինի, դրա համար էլ նախընտրում եմ կարել: Երբ Վահանին մի երկու բառով ասում ես քո ցանկությունը, ստանում ես այն, ինչ պատկերացնում էիր: Նույնիսկ եթե ունենամ ընդամենը երկու օր՝ ինչ-որ միջոցառման պատրաստվելու, կարող եմ շտապ զանգահարել Վահանին ու խնդրել: Հավատացնում եմ ձեզ՝ երկու օրում 3 շոր կկարի ու կտա: Եւ կապ չունի, որ ինքը հիմա էստեղ չէ: Մրցանակաբաշխության իմ հագուստը կրկին ինքն էր կարել եւ ուղարկել Իտալիայից: Ինքը հստակ գիտի իմ չափսերը, նույնիսկ առանց փորձելու ճշգրիտ կարում է: Բացի այդ, մենք նաեւ լավ ընկերներ ենք:
-Նկատել եմ, որ յուրաքանչյուր միջոցառման Դուք հայտնվում եք նոր զգեստով, երբեք նույն հագուստը չեք կրկնում: Հաշվե՞լ եք, թե որքան եք ծախսում այդ զգեստների վրա:
-Երբեք չեմ հաշվել, բայց հավատացե՛ք՝ շատ է ծախսվում: Ամբողջ խնդիրն այն է, որ մի հագուստը չես կարող կրել կրկին ու կրկին, ստիպված դնում ես մի կողմ:
-Ինչպե՞ս եք վարվում արդեն մեկ անգամ կրած հագուստների հետ:
-Ուղղակի հավաքում եմ, չեմ կարող ոչ մեկին տալ, իմ կառուցվածքն ու հասակն ամեն աղջիկ չունի:
-Հիշում եմ՝ մեր նախորդ զրույցի ընթացքում ասացիք, որ մոդելի աշխատանքը Ձեզ համար սիրողական բնույթ է կրում, Դուք նախընտրում եք զբաղվել Ձեր՝ դիվանագետի մասնագիտությամբ: Ինչպե՞ս պատահեց, որ համաձայնեցիք նկարահանվել Վահանի կարած հագուստներով:
-Համաձայնեցի, քանի որ նա իմ ընկերն էր, հետո էլ ֆոտոսեսիաներին հաճույքով եմ մասնակցում: Դուք իրավացի եք, ես որոշել եմ երբեւիցե չզբաղվել մոդելի աշխատանքով, բայց եթե նմանատիպ առաջարկներ լինեն, ես էլ ցանկություն ունենամ, ինչո՞ւ ոչ, մեծ հաճույքով կնկարվեմ, բայց ոչ այնքան, որ մնացած աշխատանքներիս խանգարի:
-Այս պահին ուրիշ ի՞նչ գործերով եք զբաղված:
-Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի մամլո քարտուղարն եմ, զբաղվում եմ նաեւ «Նոր ռադիո»-ի եւ «New mag»-ի գործերով:
-Սեփական բիզնես ունենալու ցանկություն չկա՞:
-«Նոր ռադիո»-ն իրականում հենց սեփական բիզնես է, ես եմ սեփականատերն ու հիմնադիրը, բոլոր հարցերով էլ ինքս եմ զբաղվում: Ի դեպ, մեր ռադիոն արդեն 6 տարեկան է: Սկզբում մի քիչ բարդ էր, որովհետեւ տարիքով ավելի փոքր էի, հիմա հղկվել եմ, գիտեմ աշխատելաձեւը, արդեն բարդություններ չեմ տեսնում:
-Սկզբում «Նոր ռադիո»-ն աշխատում էր առանց գովազդի, բայց նկատել եմ, որ հիմա հնչում է գովազդ:
-Այո՛, մի քիչ ավելացել է գովազդը, հուսամ, շուտով հետ կգանք մեր հին կարգավիճակին, ու գովազդն ավելի քիչ կլինի:
-Ստացվո՞ւմ է աշխատակազմ ղեկավարելը:
-Եթե կարողանաս մարդկանց հետ ճիշտ շփվել ու գիծը պահել՝ տնօրեն-աշխատող, արդեն ոչ մի խնդիր չի լինի: Հավատացե՛ք, մեր կազմը շատ լավն է: Չկա տնօրեն-աշխատող կարգավիճակ, հավաքվում ենք, խոսում, կատակներով անցկացնում ժողովները:
-Նույն կերպ եք նաեւ «New mag» ամսագրի՞ կազմի հետ:
-«New mag»-ն արդեն երկար ժամանակ է՝ հանձնել եմ Արտակ Ալեքսանյանին: Հիմնադիրը ես եմ, բայց աշխատանքներով ինքն է զբաղվում: Ես հասկացա, որ դա մի քիչ իմը չէ:
-Մի շրջան կար, երբ «New mag»-ում աշխատակազմի փոփոխություններ եղան, լսել էի, որ մի քանի աշխատակիցների եք հեռացրել, քանի որ նրանք Ձեզ դուր չէին գալիս:
-Ի՞նչ է նշանակում՝ դուր չէին եկել: Երբ ճշտում ես, որ վաճառքը  քիչ է, հազար ու մի խնդիրներ են առաջացել, պետք է փոփոխություններ անել, որ հասկանաս՝ ինչից է գալիս սխալը: Ընթացքում հասկացա, որ այդ ոլորտում չեմ կարող լավ կազմակերպել, դրա համար էլ կազմակերպչական այդ աշխատանքը փոխանցեցի Արտակին, ումից հիմա շատ գոհ եմ: Ամեն ամիս կոնկրետ ժամանակին ամսագիրը լույս է տեսնում:
-Ի՞նչ եք ուզում ունենալ, որ այս պահին չունեք:
-Ցանկություններ միշտ էլ կան, ամեն անգամ նոր բան եմ ուզում, բայց չկա կոնկրետ այնպիսի մի բան, որ ասեմ՝ ուզում եմ, բայց չունեմ: Ես բավարարված եմ այն ամենով, ինչ ունեմ: Ինչին ձգտել եմ, ժամանակի ընթացքում ունեցել եմ:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս