ՀԱՐՑ. Ընկերներիցս մեկն այցելել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» եւ պատմում է, որ առեւտրային դահլիճում չկային առեւտուր իրականացնելու համար հավաքված մարդիկ, որոնց սովորաբար բորսաներում տեսնում ենք բղավելիս եւ ձեռքերով նշաններ անելիս: Իրո՞ք այդպես է:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, դա այդպես է: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում բորսայական առեւտուրն ամբողջապես իրականացվում է ավտոմատացված առեւտրային համակարգի միջոցով, եւ առեւտրի մասնակիցները նույնիսկ կարիք չունեն ֆիզիկապես ներկա լինելու բորսայում՝ ֆինանսական գործիքների առքուվաճառք իրականացնելու համար: Նրանք առեւտրային համակարգին միանում են իրենց գրասենյակներում տեղադրված տերմինալներից, տեսնում համակարգ մուտքագրված գնման եւ վաճառքի հայտերը եւ հեռացված կարգով առեւտուր իրականացնում: Մարդկանց ամբոխը, որը նշվեց հարցնողի կողմից, բաց աճուրդի (open outcry auction) մի մասն է, որը տեղի է ունեցել այժմյան զարգացած երկրներում բորսաների ստեղծման եւ զարգացման սկզբնական փուլերում: Այսպես կոչված «առեւտրային փոսերը» մի շարք երկրներում դեռեւս պահպանվում են, թեեւ ավելի շատ իբրեւ ավանդույթ, քանի որ միջազգային շուկաներում բորսայական առեւտուրն այսօր արդեն գրեթե ամբողջությամբ էլեկտրոնային առեւտրային համակարգերի միջոցով է իրականացվում:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լավ է, որ բորսայական առեւտուրը զարգացում է ապրում նաեւ Հայաստանում: Բայց այն հանգամանքը, որ առեւտրային համակարգին միանալու համար շատ սահմանափակումներ կան, արդեն իսկ մտահոգիչ է: