Նաիրա Զոհրաբյանի ելույթը Յակուտսկում՝ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում՝ «Պատմության դասերը ժողովուրդների ճակատագրերում. Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը» քննարկման ժամանակ.
Հարգելի գործընկերներ, Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կարգախոսն էր՝ «Հիշում եմ եւ պահանջում»:
Հիշում եմ եւ պահանջում, որպեսզի այլեւս երբեք որեւէ ժողովուրդ չապրի այն արհավիրքը, որի միջով 100 տարի առաջ անցավ հայը։ Եւ երբ ես Ռեջեբ Էրդողանին հանձնեցի Հայոց ցեղասպանության անմեղ զոհ երեխաների լուսանկարները, ի պատասխան տեսա ապակե հայացք ու լռություն։ Անմիջապես հիշեցի թուրք քաղաքական մի գործչի հայտարարությունը՝ «ժառանգական ատելությունը դժվար է ջնջել»: Ու հասկացա, թե ես ի՜նչ տեսա Էրդողանի հայացքում։ Հարգելի գործընկերներ, Հայոց Ցեղասպանությունը ցեղասպանագետների կողմից ճանաչվել է որպես ժամանակակից ցեղասպանության արխետիպ, որի դասերն ունեցել են համաշխարհային կիրառություն:
Դասերից մեկը շատ պարզ է՝ ցեղասպանության ժխտումը խրախուսում ապագա ցեղասպանություն իրագործողներին՝ ինչպես խրախուսեց Ադոլֆ Հիտլերին, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունների կազմակերպիչներին, այսօր արդեն՝ Իսլամական պետության ահաբեկիչներին։ Որպեսզի կարողանանք կանխարգելել ցեղասպանությունն ապագայում, պետք է ճանաչենք ու դատապարտենք բոլոր ցեղասպանությունները։ Որովհետեւ, օրինակ, Ռուանդայի ցեղասպանությունը միայն հութուների եւ թութսիների խնդիրը չէ։ Այդպես էլ Հայոց Ցեղասպանությունը միայն մեր ցավն ու մեր խնդիրը չէ։ Դա ողջ քաղաքակիրթ մարդկության խնդիրն է։ Ու եթե չլինի այդ գիտակցումը, ցեղասպանությունների կանխարգելման ողջ համաշխարհային ջանքերը հօդս կցնդեն։ Ռաֆայել Լեմկինը՝ այն իրավագետը, ով շրջանառության մեջ դրեց «ցեղասպանություն» եզրույթը 1944թ.-ին, նկարագրելով իր անձնական ապրումները, գրեց.
«Ես ավելի ու ավելի էի նույնացնում ինքս ինձ այն զոհերի հետ, ովքեր տառապում էին, որոնց թիվն աճում էր, և շարունակում էի պատմության ուսումնասիրությունը: Ես հասկացա, որ հիշողության գործառույթը ոչ միայն անցյալի իրադարձությունների գրառումն է, այլ նաև մարդկային խղճի խթանումը: Շուտով հետևեցին ցեղասպանության ժամանակակից օրինակներ, ինչպիսին էր հայերի բնաջնջումը: Հարգելի գործընկերներ, մենք շնորհակալ ենք Ռուսաստանի Դաշնությունից՝ Հայոց Ցեղասպանության հարցում իր հետեւողական ու ազնիվ դիրքորոշման համար։ Ոչ մի քաղաքական ու տնտեսական շատ չի կարող վեր լինել պատմական ճշմարտությունից։
Սա շատ պարզ է, ու սա՜ է փաստը։ Հայաստանի խորհրդարանը հանդես է եկել կարեւոր մի նախաձեռնությամբ՝ դիմել աշխարհի բոլոր խորհրդարաններին՝ ստեղծելու ցեղասպանությունների կանխարգելման եւ դատապարտման հանձնախմբեր, որպեսզի կարողանանք վստահաբար ու համոզված ասել՝ «այլեւս երբեք» ։ Մենք վստահ ենք, որ Հայոց խորհրդարանի նախաձեռնությանը կմիանա նաեւ Ռուսաստանի Դաշնության Պետդուման։
Մենք միասին պիտի պայքարենք մարդկության դեմ գործված ամենազազրելի հանցագործության՝ ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար։ Մենք միասին պիտի պայքարենք ցեղասպանության ժխտողականության դեմ, քանզի ժխտումը ցեղասպանության վերջին փուլն է, որը շարունակում է իր զոհը դարձնել վերապրողներին և նրանց սերունդներին՝ ավելի խորացնելով այն բաց վերքը, որն արնահոսում է»։